Քաղաքական

Հուլիսի 20-26. Հուրգադա-Երևան չվերթի չեղարկումը ՀՀ-ին արժեցավ 47,2 մլն դրամ

Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոս հանգստի մեկնած 100-ից ավելի  ՀՀ քաղաքացիների վերադարձը դարձել էր անորոշ։ Ըստ Եգիպտոսում ՀՀ դեսպանության՝ չվերթի չեղարկման պատճառը տուր օպերատորի կողմից ավիաընկերության նկատմամբ ֆինանսական պարտավորությունները չկատարելն է։ 

Խնդրին արագ արձագանքել է ՀՀ կառավարությունը` 47,2 մլն դրամ վճարելով Հուրգադա-Երևան թռիչքը վերականգնելու համար, որով տուժած քաղաքացիները հուլիսի 26-ին վերադարձել են Երևան։

Եվս մեկ թռիչք ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ կիրականացվի հուլիսի 29-ին միայն այն զբոսաշրջիկների համար, որոնք Եգիպտոս էին մեկնել «A&R Tour» տուրօպերատորի փաթեթներով։ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը կոչ է անում նրանց ընդհատել հանգիստը և օգտվել այս չվերթի հնարավորությունից։ 

Համաձայն Եգիպտական «Air Cairo» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ` «Անրիվա Տուր» ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի՝ նախնական տվյալներով՝ «A&R Tour» տուրօպերատորի ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով տուժել է շուրջ 400 ՀՀ քաղաքացի: «Խոսքը չմեկնածների, վերադառնալ չկարողացողների և նրանց մասին է, որոնց հանգստի օրերը լրանալու են օրերս»։

«A&R Tour» տուրօպերատորի ներկայացուցիչները որևէ հայտարարություն չեն արել:

ՄԻԵԴ-ի վճիռը. Հայաստանը իր տուժած քաղաքացուն պիտի վճարի 1,6 մլն եվրո

Հուլիսի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, համաձայն որի՝ Հայաստանը պետբյուջեից 1 միլիոն 608 հազար եվրո պետք է վճարի ՀՀ քաղաքացի՝ 83-ամյա Յուրի Վարդանյանին։ 

Վարդանյանի բնակարանը, որը մինչև 2002թ. գտնվում էր Երևանի Բյուզանդ փողոց հասցեում, պետությունը գերակա շահ էր ճանաչել և Վարդանյանին տվյալ բնակարանի համար 54 մլն փոխհատուցում էր առաջարկել, ինչը գրեթե հինգ անգամ պակաս էր իրական արժեքից: Եվրադատարանի վճռում նաև նշված է, որ Հայաստանում խախտվել են տվյալ գործով արդար դատաքննության և սեփականության իրավունքները։ ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ դատաքննության ժամանակ Վճռաբեկ դատարանի նախագահի վարքը անկողմնակալ չի եղել։

Փաստաբանները նշում են, որ սա փոխհատուցման աննախադեպ չափ է: Մինչ օրս ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարն ավելի քիչ է եղել, քան այս մեկ վճռով պահանջվող գումարը։ 

261 մլն դրամ ԱԻՆ-ին՝ պայմանավորված հրդեհների կտրուկ աճով

Աննախադեպ քանակով հրդեհների հետ կապված խնդիրները լուծելու համար հուլիսի 25-ին Կառավարությունը 261,4 մլն դրամ է հատկացրել Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Բացի այդ, հրդեհների քանակի կտրուկ աճով պայմանավորված՝ մի շարք սարքավորումների և ապրանքների գնում կկատարվի մեկ անձից՝ առանց մրցույթի։ 

Կառավարությունը նաև  450,5 մլն դրամ կհատկացնի Ջրային կոմիտեին ջրամատակակարման ենթակառուցվածքների բարելավման համար։

Ըստ դատախազության՝ Օպերայի սրճարաններն ապօրինի են տեղադրվել

Երևանի Ազատության hրապարակին կից՝ Օպերայի շենքի մոտակայքում տեղադրված սրճարաններն ապօրինի են տեղադրված: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ հարուցված է քրեական գործ: Գլխավոր դատախազությունը նշում է, որ 2002-2018թթ․ սրճարանները հնարավոր է դարձել բացել Երևանի քաղաքապետարանի, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության և անշարժ գույքի կադաստրի պաշտոնյաների լիազորությունների չարաշահման հետևանքով։ 

Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին Օպերայի շենքին կից տարածքի 5 սրճարաններից 3-ն ապամոնտաժվել են, իսկ մյուս 2-ը ապամոնտաժելու իրավական հիմքերն ապահովելու համար քաղաքապետարանը դիմել է դատարան։

Հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9%-ով

2019 թ․ առաջին կիսամյակում հանցագործությունների ընդհանուր թիվը Հայաստանում աճել է 9%-ով։ Հանցագործությունների հիմնական դեպքերն են՝ գողությունները և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը։ 16%-ով շատացել են նաև հանցագործությունների մասին հաղորդումները։ Այս մասին հուլիսի 24-ին կայացած ասուլիսում նշել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Սոցիալական շտապօգնություն»․ նոր ծրագիր նախարարությունից

ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկել է նոր ծրագիր՝ «Սոցիալական շտապօգնություն»։ Ծրագրի նպատակն է` միավորել մարդկանց և կազմակերպությունների ռեսուրսները և ավելի թիրախային օգնություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր հայտնվել են դժվարին վիճակում և օգնության կարիք ունեն։

Ծրագրին մասնակցելու համար  պարզապես պետք է միանալ կամավորների բանկին և առաջարկել սեփական աջակցությունը հոգեբանական, փաստաբանական, բնաիրային օգնության տեսքով, կացարանի կամ խնամքի ծառայության միանվագ տրամադրման միջոցով՝ գրանցվելով հետևյալ հղմամբ։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 28/07/2019