Միջազգային Տնտեսություն

Նավթի կտրուկ գնանկում. Սաուդյան Արաբիան գնային պատերազմ է մեկնարկել

Նավթի գները պատմական փլուզման ենթարկվեցին մի գիշերվա ընթացքում այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան ցնցեց շուկան՝ պատերազմ սկսելով նախկին դաշնակից Ռուսաստանի դեմ:

ԱՄՆ-ի նավթի գները նվազել են 34% -ով՝ գրանցելով չորս տարվա կտրվածքով ամենցածր ցուցանիշը՝ 27,34 դոլար մեկ բարելի դիմաց․ նավթավաճառներն ակնկալում են, որ Սաուդյան Արաբիան կհեղեղի շուկան չմշակված նավթով՝ իր մասնաբաժինը վերադարձնելու համար:

Չմշակված նավթի առևտրային գինը նվազել է 27%-ով՝ հասնելով բարելի դիմաց 31.13 դոլարի: Որակի չափանիշ համարվող համաշխարհային Brent տեսակի նավթի արժեքը իջել է 24%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 33.36 դոլարի: Ըստ Refinitiv-ի, 1991 թ-ից ի վեր նավթային երկու պայմանագրերն էլ ամենավատ վիճակում են հայտնվել: Երկուսն էլ վերջին չորս տարիների կտրվածքով ամենացածր գներն են սահմանել։

Նավթի գնային տատանումները ցնցել են նաև ֆոնդային բորսաները, որոնք արդեն իսկ խուճապի մեջ էին նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով: Ասիական բորսաներում իրարանցում սկսվեց երկուշաբթի օրը, այն ժամանակ երբ ԱՄՆ բորսաներն արժեթղթերում ներդրումների կտրուկ նվազում գրանցեցին: Եվրոպական FTSE 100-ը (UKX) նվազել է 8,5% -ով, գերմանական DAX-ը՝ 7.4% -ով, իսկ Իտալիայի հիմնական ինդեքսը՝ 7% -ով:

Այս խառնաշփոթն առաջացավ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՆԱԵԿ) և Ռուսաստանի միջև դաշինքի խզումից հետո։ Մինչ այդ՝ 2017թ.-ից ի վեր, վերջիններս սահմանափակում էին նավթամատակարարումը՝ գների մակարդակը պահպանելու համար:

Որբաթ օրը Վիեննայում կայացած հանդիպմանը Ռուսաստանը հրաժարվեց ՆԱԵԿ -ի առաջարկից՝ նվազեցնել արտադրությունը կորոնավիրուսի հետևանքով  տուժած նավթային շուկան փրկելու նպատակով: Այս փակուղին ցնցեց նավթային արդյունաբերության շուկան և ուրբաթ օրը հանգեցրեց նավթի գների 10% անկման: Շուկայում անմշակ նավթը լճացել է պահանջարկի կտրուկ անկման պատճառով ՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ:

Հանգստյան օրերին Սաուդյան Արաբիան ավելի սրեց իրավիճակը: Ըստ վերլուծաբանների, արաբական թագավորությունն իր պաշտոնական վաճառքի գներն ապրիլին կիջեցնի 6-8 դոլարով՝ շուկան նվաճելու և Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով:

«Սա նշանակում է, որ Սաուդյան Արաբիան ձգտում է բացել բոլոր խողովակները և պայքարել շուկայում առաջատար դիրք զբաղեցնելու համար»,- ասել է ClipperData- ի ապրանքային հետազոտությունների տնօրեն Մեթ Սմիթը:

«Սաուդյան Արաբիան պատրաստվում է գնային պատերազմի»,- հավելել է Սմիթը:

Վերլուծաբանները նշում են, որ արտադրության կրճատման առաջարկին ուղղված Ռուսասատանի մերժումը ԱՄՆ-ի թերթաքարային նավթ արտադրողների համար մեծ ապտակ էր: Նրանցից շատերին նավթի բարձր գներն անհրաժեշտ են գոյատևելու համար:

«Ռուսաստանն ակնարկում է, որ իրական թիրախը ԱՄՆ-ի թերթաքարային նավթ արտադրողներն են, քանի որ ինքն արդեն հոգնել է արտադրանքի ծավալները կրճատելուց և նրանց հնարավորություն տալուց»,- գրում են էներգետիկ խորհրդատվական FGE ընկերության վերլուծաբանները: «Նման գրոհը կարող է ձոխողվել, եթե գները երկար ժամանակ ցածր չմնան»:

2014-2016 թթ․-ին նավթի շուկայի սնանկացումը հանգեցրեց տասնյակ նավթագազային ընկերությունների սնանկության և հարյուր հազարավոր պաշտոնանկությունների: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի թերթաքարային արդյունաբերությունն այդ շրջանում զարգացում ապրեց, իսկ Միացյալ Նահանգներն ի վերջո դարձավ աշխարհի առաջատար նավթարտադրողը:

«Վլադիմիր Պուտինի հետ առճակատման ռիսկերը հանգամանքների բերումով ապացուցվել են»,- գրել է համաշխարհային RBC Capital Markets- ի ապրանքային ռազմավարության ղեկավար Հելիմա Քրոֆթը:

«Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է հարաբերությունները կրկին ամուր հիմքերի վրա դնել»,-ասել է Քրոֆթը։

Սղբնաղբյուր՝ CNN, Oil crashes by most since 1991 as Saudi Arabia launches price war

Թարգմանությունը՝ Մարիամ Վարդանյանի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 09/03/2020