Տնտեսություն

Փաստարկում։ ՊԵԿ-ն էպիկենտրոնում կամ պետեկամուտների եկամուտները հաշվելիս

Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունն արդեն մեկ շաբաթից ավել է հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, ուր քննարկվում է տվյալ գերատեսչության ղեկավարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների՝ տարեվերջին պետբյուջեի հաշվին ստացած յոթանիշ պարգևավճարները: Սա այս տարի պետպաշտոնյաների պարգևավճարների մասին առաջին լուրը չէր: Տարեսկզբին հանրությունն արդեն տեղեկացել էր մի քանի մարզպետի կողմից իրենք իրենց և մարզպետարանների աշխատակիցների պարգևատրումների մասին, այնուհետև՝ Երևանի քաղաքապետարանի կողմից տրված պարգևավճարների շուրջ բարձրացող աղմուկին:

Եվ, քանի որ պարարտ հողն արդեն կար, պարզ էր, որ յոթանիշ թվերով պարգևատրումների լուրը, անկախ նրանից, թե կոնկրետ որ պետական գերատեսչությանն է վերաբերում, ցնցելու էր սոցցանցերը: Այն դարձավ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ):

Առաջին տեղեկությունը ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասին հրապարակեց Yerevan.today կայքը: Նյութում առկա էր ՊԵԿ-ի 9 պաշտոնյայի անունների ցանկ, որը գլխավորում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և կից յոթանիշ թվեր` 1,5-ից մինչև 9 մլն դրամ, որն ըստ տվյալ լրատվական կայքի՝ դեկտեմբերին նշված պաշտոնյաների «ստացած աշխատավարձային և պարգևատրումային ֆոնդն» է։

Որպես տեղեկատվության աղբյուր նշվում են ՊԵԿ-ի շարքային աշխատակիցները՝ առանց անուններ բացահայտելու: Նյութում հատուկ անդրադարձ կա նաև ցանկում առկա երկու խորհրդականի խոշոր պարգևավճարներին՝ դրանք համեմատելով ՊԵԿ-ի շարքային հարկային տեսուչների ստացած տասնապատիկ անգամ ավելի ցածր պարգևավճարների հետ, դրանով հավանաբար ցույց տալով տվյալ կառույցի ղեկավարի անարդար մոտեցումն աշխատակիցներին:

Որքանո՞վ է վստահելի այս տեղեկատվությունը, և ճշմարտության ի՞նչ չափաբաժին կա դրանում։ Յուրաքանչյուր ընթերցող ինքնուրույն պետք է դա որոշի՝ ելելով իր համար առանձնացված կանոններից։ Եվ դա պետք է անի ոչ միայն այս, այլ ցանկացած նյութ ընթերցելիս: Օրինակ՝ հաշվի առնի, թե որքանով է նյութում նշված աղբյուրը վստահելի և արժանահավատ, կամ արդյոք լրատվական կայքը մինչև տեղեկությունն ավելի հավաստի դարձնելը փորձել է տվյալ ցուցակում նշված անձանցից որևէ մեկից հաստատող կամ հերքող տեղեկություն ստանալ:  

Այնուամենայնիվ, այս լուրը, նույնությամբ` առանց որևէ հավելյալ ճշտումների կամ հավելյալ աղբուրներից պարզաբանում ստանալու, կայծակնային արագությամբ տարածվեց Lurer.com, Politik.am, Blog.168.am և այլ լրատվական կայքերով։

Դրա հետևանքով այն լայն քննարկման ու քննադատությունների առիթ դարձավ սոցցանցերում, թեպետ, մեկ ժամ անց, Tert.am կայքում հրապարակվեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հերքումը, որն ասել էր, որ նման չափերի պարգևատրումներ կոմիտեի աշխատակիցները չեն ստացել։ ՊԵԿ-ի պաշտոնական հերքումը հրապարակվեց միայն հաջորդ առավոտ, նշելով, որ ներկայացված թվերն ապատեղեկատվություն են և բացարձակ սուտ։ Նույն օրը ՊԵԿ նախագահը ևս մեկ անգամ հերքեց տարածված տեղեկությունը։ Չհրապարակելով աշխատակիցների անունները, նշեց, որ պարգևատրում ստացել են բոլորը՝ իրենից մինչև հավաքարար, իսկ պարգևատրության առավելագույն գումարը կազմել է 1,5 միլիոն դրամ։

ՊԵԿ-ի հերքումներին հետևեց Հետքի հրապարակումը՝ ՊԵԿ նախագահի գույքի ու եկամուտների հայտարարագրի վերաբերյալ: Այս նյութում նշվում է, որ ըստ հայտարարագրի՝ Անանյանը 2018թ. երկու աղբյուրից ստացել է ընդհանուր մոտ 23 մլն դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ: Համադրելով մի շարք տվյալներ՝ նյութի հեղինակը գալիս է այն եզրահանգման, որ նախորդ տարվա կտրվածքով «աշխատավարձից զատ՝ ՊԵԿ նախագահը ստացել է մոտ 15 մլն դրամ պարգևատրում կամ դրան հավասարեցված այլ վճարներ»:

Հունվարի 29-ին՝ խորհրդարանում, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև իր հայտարարագրած եկամուտներին, ասելով  հետևյալը. «23 մլն դրամը բաղկացած է` 4.8 միլիոն Ֆինանսների նախարարությունից եմ ստացել, 18.5 միլիոն ստացել եմ ՊԵԿ-ից: 4.8-ը ստացել եմ 4.5 ամսվա համար, 18.5-ը՝ 7.5 ամսվա համար: Իմ եկամուտներն ամսական 2.3 միլիոնը չեն գերազանցել: ՊԵԿ-ից 8 ամսում իմ պարգևատրումների գումարը 14 միլիոն է եղել»:

Պարգևավճարները մի շարք խնդիրներ առաջ քաշեցին՝ կապված ձևաչափի, չափաբաժնի, օրենքի շրջանակում դրանց տրամադրման հետ: Խնդիրներ, որոնց բարձրաձայնումն անշուշտ քննարկման լայն պատճառ պետք է հանդիսանար՝ հատկապես հիմա՝ նոր իշխանությունների օրոք: Սակայն խնդրի բարձրաձայնումը մամուլի կողմից չպետք է արվի լրագրողական էթիկայի կանոնները շրջանցելով:

Ամփոփ մեդիա

Փորձագետի կարծիք



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 30/01/2019