Հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում 21 համայնքից 19-ում քվեարկությունն անցկացվել է համամասնական ընտրակարգով։ Դրանցից 16-ում ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը, երկուսում՝ ՔՊ-ի և «Գործարար» կուսակցության կազմած «Համերաշխություն» դաշինքը, իսկ մեկում՝ «Գործարար» կուսակցությունը։
«Ամփոփ Մեդիան» իֆնոգրաֆիկի միջոցով ներկայացնում է 19 համայնքներում հաղթած ուժերի ցուցակներում առաջին համարներին։ Նրանցից 16-ը գործող համայնքապետեր են։
Ինֆոգրաֆիկում ներկայացված տոկոսները վերաբերում են քաղաքական ուժերի ստացած ձայներին, ոչ թե անձամբ ցուցակների առաջին համարներին տրված քվեներին։
Համայնքապետի մնացած երեք թեկնածուները ունեն կառավարման կամ համայնքը ղեկավարելու փորձ։
Մեղրիում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործարար Սերգո Գալստյանը, որը մինչ ընտրությունները համայնքապետ չէր։ Համայնքը 2024 թ-ի մայիսից ղեկավարում էր Խաչատուր Անդրեասյանը։ Վերջինս համայնքապետ էր դարձել «Հանրապետություն» և «Ազատական» կուսակցությունների միջև 2021 թ-ին ձեռք բերված իշխանության հերթափոխի պայմանավորվածությամբ, իսկ հետագայում անդամակցել էր ՔՊ-ին։ 2026 թ-ի սեպտեմբերին Անդրեասյանը կալանավորվել էր կոռուպցիոն ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։
Ջերմուկում ՔՊ-ի ցուցակը գլխավորել է նախկին համայնքապետ Վահագն Արսենյանը։ Նա համայնքապետ էր ընտրվել 2021 թ-ի դեկտեմբերին, իսկ 2025 թ-ի հոկտեմբերին նշանակվել Վայոց ձորի մարզպետ։ 2026 թվականի ՏԻՄ ընտրություններին Արսենյանը կրկին առաջադրվել է նախկինում իր ղեկավարած համայնքում։ Վահագն Արսենյանը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Աշոտ Արսենյանի որդին է։
Եղեգնաձորում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արենիի երկարամյա համայնքապետ Հուսիկ Սահակյանը։ Նա Արենին ղեկավարում էր 1996 թ-ից։ 2026 թ-ին Արենին և Եղեգիսը միավորվել են Եղեգնաձորի հետ, որտեղ համայնքապետը Դավիթ Հարությունյանն էր։ Վերջինս գլխավորել է «Հանրապետություն» կուսակցության ցուցակը։
Ստեփանավան․ «մրցակից» ուժերը միավորվում են
Ստեփանավանում ամենաշատ ձայները ստացել է գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի գլխավորած «Գործարար» կուսակցությունը՝ 5506 ձայն կամ 41,54%։ Առանձին ցուցակով մասնակցած ՔՊ-ն հավաքել է 4681 ձայն կամ 35,32%։
Թեև երկու ուժերն ընտրություններին մասնակցել են որպես մրցակիցներ, հոկտեմբերի 28-ին Լոռու մարզպետ, ՔՊ անդամ Արեն Մկրտչյանը հայտարարեց, որ ավագանիում ՔՊ խմբակցությունը կաջակցի Արմեն Գրիգորյանին։
«Համաձայն նախօրոք ձեռք բերված փոխըմբռնման՝ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին»,— գրել է մարզպետը։
Մկրտչյանն իր գրառմամբ նաև հայտարարել է, որ Գրիգորյանն ընտրություններից առաջ սառեցրել էր ՔՊ-ին անդամակցությունը՝ ընտրական տեխնիկական պահանջների պատճառով, և արդեն դիմել է այն վերականգնելու համար։
«Ընդգծեմ, որ չենք պատրաստվում համայնքի ավագանում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն, այլ հանդես ենք գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»»,- գրել է մարզպետը։
Եղեգնաձոր․
Եղեգնաձորում ՔՊ-ի ստացել է 7382 ձայն կամ 48,06%: Ցուցակի առաջին համարը Հուսիկ Սահակյանն է։ Այս համայնքում երկրորդ տեղում՝ ձայների թվով, «Հանրապետություն» կուսակցությունն է՝ 7197 ձայն կամ 46,86%։ Տարբերությունը կազմել է ընդամենը 185 ձայն։
Եղեգնաձորում 27 անդամից բաղկացած ավագանիում ՔՊ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը կունենան 13-ական մանդատ, իսկ «Նոր դարաշրջանը»՝ մեկ։ Քանի որ ուժերից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չունի, համայնքապետը պետք է ընտրվի նորընտիր ավագանու առաջին նիստում։
Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է առնվազն 14 ձայն։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի այդքան ձայն, կանցկացվի երկրորդ փուլ, որտեղ կհաղթի առավելագույն ձայներ ստացած թեկնածուն։ «Նոր դարաշրջանը» հայտարարել է, որ չի աջակցի ՔՊ-ի թեկնածուին, սակայն դա վերջնական որոշում համարել դեռ վաղ է։
Երկու մեծամասնական
Մյուս երկու՝ Ֆիոլետովո և Շամիրամ համայնքներում ընտրություններն անցկացվել են մեծամասնական ընտրակարգով, ուստի դրանք ներկայացված չեն 19 համամասնական համայնքների ցուցակների առաջին համարների վերը ներկայացված ինֆոգրաֆիկում։
Ֆիոլետովոյում առավելագույն ձայները ստացել է Միխաիլ Չիչյովը՝ 109 ձայն, իսկ Շամիրամում համայնքի ղեկավարի միակ թեկնածու, գործող համայնքապետ Մրազ Բրոյանը՝ 125 ձայն։ Ի տարբերություն մյուս 19 համայնքների՝ այստեղ ընտրողները քվեարկել են անմիջապես համայնքի ղեկավարի թեկնածուների օգտին, ոչ թե կուսակցական ցուցակների։
Ամփոփեց Կարինե Դարբինյանը
Ինֆոգրաֆիկը՝ հեղինակի
Հիմնական պատկերը ստեղծվել է ԱԲ գործիքով
Ձևավորումը` Վան Սիմոնի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 28/10/2026











