Առողջություն

Ի՞նչ է էլեկտրոնային առողջապահությունը

Էլեկտրոնային առողջապահության համակարգը նախատեսում է թղթային ամբուլատոր քարտերը կամ անկետաները դարձնել էլեկտրոնային: Թվային դարաշրջանում նման համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս ավելի արագ և հեշտ ուսումնասիրել բժշկին այցելած պացիենտի հիվանդության պատմությունը, ամբողջական առողջական վիճակի պատկերը:

Էլեկտրոնային համակարգում տեղեկությունը մուտքագրվում է պացիենտի հետ աշխատող բժիշկների կամ համակարգի օպերատորների կողմից: Սովորաբար բժիշկները լրացնում են բժշկական տվյալները, իսկ օպերատորները պացիենտի հետ կապված մյուս տվյալները՝ ֆինանսական և վարչական:

Հայաստանում այս նպատակով գործարկվել է Արմեդ առողջապահության համակարգը, որտեղ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի արդեն ունի իր բժշկական էլեկտրոնային քարտը, և իր անձնական էջ կարող է մուտք գործել ID քարտով ու PIN կոդով: Այժմ այդ բժշկական քարտում գրված է միայն, թե պացիենտը, որ պոլիկլինիկայում է գրանցված, և որ բժշկի մոտ:

Եթե պացիենտն օգտվել է պետպատվերի և սոցիալական փաթեթով բուժծառայություններից, ապա նրա քարտում կավելանան նաև տվյալներ այդ բուժման մասին: Նախորդ բուժումների մասին տվյալներն առայժմ չեն մուտքագրվում:

Որպեսզի բուժհաստատությունները կարողանան անխոչընդոտ աշխատեցնել այս համակարգը, 2018թ. դեկտեմբերին Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2400 համակարգիչ։ Բժիշկների համար կազմակերպվում են համակարգչային հմտությունների զարգացման դասընթացներ:

Ըստ Արմեդ համակարգի հաշվետվության՝ 2018թ. ընթացքում վերապատրաստվել է շուրջ 576 համակարգի օգտագործող բժիշկ, որոնցից 43-ը վերապատրաստվել է նաև որպես թրեյներ-բժիշկ, այսինքն՝ կարող է իր ստացած գիտելիքները փոխանցել գործընկեր բժիշկներին: Վերապատրաստվողների թվում առաջին հերթին առաջնային օղակի բժիշկներն են՝ թերապևտները, մանկաբույժները և ընտանեկան բժիշկները: Նախարարության նախաձեռնությամբ կամավոր ներգրավված են նաև ապագա բժիշկները, որոնք ուսմանը զուգահեռ աջակցում են պոլիկլինիկայի բժիշկներին կիրառել սովորած գիտելիքները:

Տվյալների պաշտպանվածություն և գաղտնիություն

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի համակարգում ունի իր էջը: Դրանում մուտքագրված տվյալները կարող են տեսնել միայն քաղաքացին և այն բժիշկները, ում կայցելի հիվանդը և կտա իր համաձայնությունը: Երրորդ անձը չի կարող մուտք գործել այդ էջ, եթե իհարկե քաղաքացին որևէ մեկին չի տրամադրում իր էջի մուտքի տվյալները:

Առանց քաղաքացու թույլտվության նրա բժշկական տվյալները բժիշկը կարող է նայել անհետաձգելի բուժօգնության և քաղաքացու անգիտակից լինելու դեպքերում: Ամեն դեպքում, յուրաքանչյուր մուտք գրանցվում է՝ ըստ բժշկի անվան, աշխատավայրի և ժամանակի: Ընթացակարգը պահանջում է բժշկից հետագայում հիմնավորել իր մուտքն առանց քաղաքացու թույլտվության:

Այնուամենայնիվ, առողջապահական իրավունքի մասնագետ Վիոլետա Զոփունյանը նշում է, որ օրենքներով հստակեցված չէ բժշկական գաղտնիքի հետ աշխատանքը, մինչդեռ դրանք մուտքագրող օպերատորները գործ ունեն մարդու անձնական, այդ թվում՝ բժշկական տվյալների հետ: Նրա տեղեկություններով՝ երբեմն համակարգ մուտք ունեցողները տուն են տանում ամբուլատոր քարտերը՝ տնից դրանք համակարգ ներմուծելու համար, քանի որ աշխատանքը շատ է, աշխատաժամանակը՝ ոչ բավարար:

Ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանի՝ օպերատորները մուտքագրում են միայն ֆինանսական տվյալներ և շատ քիչ բժշկական տվյալներ: Սարգսյանը հավաստիացնում է, որ բացի բժշկից կողմնակի անձը չի կարող մուտք ունենալ բժշկական տվյալներին: Իսկ բուժհաստատությունը՝ որպես իրավաբանական անձ, պարտավոր է հետևել  տվյալների մշակման ընթացակարգին։

Սա վերաբերվում էր անհատական տվյալներին։ Սակայն Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հավաքական տվյալներն օգտագործելու են առողջապահական քաղաքականություն մշակելու և տվյալների վերլուծություններ անելու նպատակով:

Համակարգի ներդրման ընթացքը. պատմական ակնարկ

Էլեկտրոնային առողջապահության մեկնարկը տրվել է դեռևս 2010թ. էլեկտրոնային առողջապահական համակարգի ստեղծման հայեցակարգով: Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո էլեկրոնային առողջապահության համակարգը որպես միասնական համակարգ ներդրվել է 2017թ․ սեպտեմբերի 1-ից «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի» կողմից և այսօր հասանելի է Armed.am հասցեով։

Էլ. առողջապահական համակարգի ներդրման գործընթացն առաջին փուլով սկսվել է 471 բուժհաստատություններում: 2017թ․մայիսի 1-ից պետպատվերի ամբողջ ծավալը գրանցվում է այդ հաստատությունների կողմից և ԱՆ-ի կողմից ֆինանսավորումն իրականացվում է էլ. համակարգում կատարված գրանցումների հիման վրա։ Սա նշանակում է, որ, եթե հիվանդն օգտվել է պետպատվերով ծառայությունից և այն չի գրանցվել էլեկտրոնային համակարգում, ապա պետությունը պարզապես չի փոխհատուցի բուժօգնության գումարը:

Համակարգին են միացած նաև ՀՀ բոլոր 6 ապահովագրական ընկերությունները։ Դրա շնորհիվ համակարգում գրանցվում են նաև ապահովագրական կազմակերպությունների կողմից կատարվող փոխհատուցումները:

Համակարգի ներդրման այս փուլում մուտքագրվում են ընթացիկ բժշկական տվյալները, իսկ արխիվային տվյալները կմուտքագրվեն, երբ արդեն համակարգը գործի առկա տվյալներով:

Չնայած պետպատվերի և սոցփաթեթի շրջանակներում ցուցաբերվող բուժօգնությունը գրանցելու համար բուժհաստատությունները պարտավոր են միանալ էլեկտրոնային առողջապահության համակարգին, սակայն, միաժամանակ, միանալու դեպքում ստիպված են սահմանված գումար վճարել ազգային օպերատորին՝ Արմեդին: Այդ գումարը տատանվում է 5 000-ից 2 միլիոն դրամի շրջանակներում: Գումարը կախված է հաստատության տիպից և համակարգում գրանցված այցերից: Վճարված գումարները, ըստ օպերատորի, ծախսվում են համակարգը բարելավելու աշխատանքների վրա, իսկ դրանով ձեռքբերված տեխնիկան ամբողջությամբ մնում է պետությանը: Իր հերթին կառավարությունը 2018թ. նախարարությանը տրամադրել է 504.5 մլն դրամ՝ փոխհատուցելու բուժհիմնարկների կատարած վճարումների մի մասը:

Առողջապահական իրավունքի մասնագետ Զոփունյանը, անդրադառնալով համակարգի ներդրման փուլում առկա խնդիրներին, շեշտում է հատկապես իրավական բացերը. «Ներկայումս չկա որևէ իրավական ակտ, որը կկարգավորի շահագրգիռ անձանց իրավունքները, պարտականությունները, լիազորությունները։ Կան միայն նախարարի որոշումներ, որոնք ընթացակարգային հարցերը չեն կարգավորում։ Տվյալների մուտքագրումը էլեկտրոնային համակարգ նշված չէ բժիշկների աշխատանքային պայմանագրերում», -ասում է Զոփունյանը:

Ի պատասխան՝ Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Սարգսյանը հավաստիացնում է, որ ոլորտը կարգավորող օրենքի մշակումն արդեն վերջին փուլում է։ Առաջիկայում այն կընդունվի, և կկարգավորվի նաև իրավական դաշտը։

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 05/11/2019