Առողջություն

Ինչպես օգտվել շտապօգնության ծառայությունից

Երևանի շտապօգնության կանչերի թիվը վերջին ամիսներին ավելացել է։ 1-03 ծառայության բրիգադներն ամեն օր շուրջ 800 կանչ են սպասարկում, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 650 կանչի համեմատ։

Սակայն ոլորտի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ կանչերի քանակն ավելացել է ծառայության նկատմամբ բնակչության դրական տրամադրվածության արդյունքում։

«Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասում է, որ բնակիչներն ականատես են սպասարկման որակի բարձրացմանը։ Նա հավաստիացնում է, որ շտապօգնության բոլոր մեքենաները հագեցած են և՛ դեղորայքով, և՛ անհրաժեշտ սարքավորումներով, ինչը թույլ է տալիս տարբեր իրավիճակներում ավելի արագ օգնություն ցուցաբերել։

Այս տարվա օգոստոսից համալրվեց նաև Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բրիգադների թիվը՝ դառնալով 53։ Այս համալրումը կատարվեց ՀՀ կառավարության կողմից Առողջապահության նախարարությանը տրամադրած բյուջետային միջոցների հաշվին։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ 500 միլիոն դրամն ուղղվել է շտապօգնության բժշկական ծառայությանը։ Բրիգադների համալրումն ըստ նախարարի նպատակ ուներ ապահովել արագ հասանելիություն և կանչերի սպասարկման որակի բարձրացում։

Բրիգադների թվի համալրում կատարվել էր նաև ապրիլ ամսին։ Քաղաքապետարանի աջակցությամբ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բրիգադների թիվը 36-ից դարձել էր 38։ Բրիգադների թվի ավելացումը կարևորելով, Ստեփանյանը նշեց, որ Երևանում՝ նախորդ տարիներին, մեկ բրիգադը 30 հազար բնակչի հաշվով էր աշխատում, ուստի ձգտում էին համալրումը հասցնել այն կետին, որ բրիգադը 20000 բնակչի հաշվարկով աշխատի։

«Այսօր բրիգադի բժիշկներն աշխատում են 3 օրը մեկ՝ 24-ժամյա գրաֆիկով, իսկ կարգավարական կենտրոնում, որտեղ ստանում ենք զանգերը և գրանցում կանչերը՝ 12 ժամ և հերթափոխով»,- ասում է տնօրենը։

Այս օգոստոսին ներմուծված մեքենաներում արդեն առկա են միաժամանակ երկու անհրաժեշտ սարքերը՝ դեֆիբրիլյատորը և էլեկտրասրտագրիչը։ «Բոլոր բժիշկներն անցել են համապատասխան վերապատրաստում, որը նրանց հնարավորություն է տալիս հիվանդներին տեղում օգնություն ցուցաբերել՝ չկանչելով երկրորդ բրիգադ»,-ասում է Ստեփանյանը։

Ամենաշատ կանչերը

Այս տարվա 9 ամիսների ընթացքում 185 347 կանչ է իրականացվել։ Ամենաշատ կանչերը գրանցվել են հունվար ամսին։ Սա թերևս բոլոր տարիներին։

Ծառայության տնօրենի խոսքով՝ հունվար ամսին ցուցանիշը մշտապես բարձր է լինում, ինչը կապված է սուր շնչառական հիվանդությունների, ինչպես նաև հանգստյան օրերի հետ։ Անկախ նրանից, որ պոլիկլինիկաններն Ամանորի տոներին աշխատում են և ունեն հերթապահություն, միևնույն է մարդիկ դիմում են շտապօգնությանը։

«Կանչերի թվի աճ մշտապես է նկատվում՝ թե՛ հանգստյան, թե՛ շաբաթ և կիրակի օրերին»,- նշում է տնօրենը։

Նոր տիպի սպասարկում՝ պոլիկլինիկաների հետ համատեղ

Արդեն մեկ ամիս է Երևանի շտապօգնության ծառայությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի հետ համատեղ իրականացնում են փորձարարական ծրագիր, որի շրջանակներում 4-րդ մակարդակի կանչերը, այլ կերպ ասած «ոչ շտապ» համարվող, սպասարկվում են պոլիկլինիկայի անձնակազմի՝ բժշկի և բուժքրոջ կողմից։

1։03 համարով գրանցված 4-րդ մակարդակի կանչերն էլեկտրոնային տարբերակով ուղղորդվում է պոլիկլինիկա։ Այստեղից էլ բժիշկն ու բուժքույրն այցելում են գրանցված հասցեյով, սակայն ոչ թե շտապօգնության, այլ հատուկ այս նպատակով հատկացված մարդատար մեքենաներով։

Նախարար Թորոսյանը փորձարկումից օրեր անց հայտնել էր, որ ծրագիրն ընդլայնելու մտադրություն կա՝  նպատակ ունենալով բեռնաթափել շտապօգնությունը, որպեսզի այն հասցնի կատարել միայն իրապես շտապ և անհետաձգելի կանչերը։

Թագուհի Ստեփանյանը դրական է համարում նման ծրագիրը, սակայն, միևնույն ժամանակ նշում, որ քաղաքացիները դեռևս դրան հարմարվելու խնդիր ունեն։ Նոյեմբերի 4-ի դրությամբ 29 կանչ է փոխանցվել պոլիկլինիկա, սակայն շտապօգնության ծանրաբեռնվածությունը դրանից չի թեթևացել։

«Այն մարդը, որը ցանկանում է շտապօգնություն կանչել, էդպես էլ անում է։ Անգամ ուղղորդելուց հետո, վերջիններս հակված են, որ իրենց շտապօգնության ծառայությունը սպասարկի»,- փաստում է Ստեփանյանը ու հույս հայտնում, որ քաղաքացիները կսկսեն վստահել և հարմարվել այդ համակարգին։

Վերջինս կարևորեց նաև կանչերի ճիշտ լրացման մշակութը, ինչն ըստ նրա կարևոր է․ «Մեր քաղաքացիները շատ հաճախ կարգավարների հարցերից նյարդայնանում են, սակայն նրանք պետք է հասկանան, որ դա հենց իրենց շահերից է բխում, քանի որ ճիշտ հաղորդած կանչը կնպաստի համապատասխան բրիգադի, մասնագետի ժամանմանը»։

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ շտապօգնության համակարգում այսօր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ մասնագետներ են աշխատում։ Վերջինս չհերքեց, որ կան թերություններ, սակայն արվում է առավելագույնը միջազգային չափանիշներին համապատասխանելու համար։

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 11/11/2019