Կրթություն

Բուհերի թերհամալրումը կրթության որակի անկման հետևանք

Հայաստանյան բուհեր ընդունվելու գործընթացը տարեցտարի հեշտացվում է, սակայն հատկապես վերջին տարիներին ուսանողների համապատասխան քանակ ապահովելը դարձել է բուհերի առաջնային խնդիրը: Այս՝ 2018/19 ուստարում էլ Հայաստանի բուհերում զգալի քանակով թափուր տեղեր մնացին: Առաջարկվող ավելի քան 19 հազար տեղից զբաղեցվեց միայն 7.3 հազարը: Ըստ պաշտոնական պատճառի, 12-ամյա կրթության ներդրման հետևանքով, այս տարի ավագ դպրոցն ավարտողները քիչ են եղել: Երևանի պետական համալսարանը ևս զերծ չի մնացել այս խնդրից: Այս տարի զբաղեցվել է միայն առաջարկվող տեղերի 45,5%-ը: Որքանո՞վ է ուսանողների քանակի ապահովումը համադրվել կրթության որակի ապահովման հետ, փորձել ենք պարզել այս ուսումնասիրությամբ:

Իրավիճակ

2018/19 ուս․տարվա համար դիմորդների ընդհանուր թիվը եղել է 5691, ինչը մոտ 2 անգամ քիչ է նախորդ ուսումնական տարվա համեմատ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այս իրավիճակը բուհերի համար ճգնաժամային է որակել:

«Այս տարի բուհերի համար ճգնաժամային է և պետք է փորձենք այդ իրավիճակից դուրս գալ, թեպետ այս տարվա ընդունելությունը վեց տարի շարունակ հետապնդելու է բուհերին, որովհետև պակաս ընդունված կուրսերը պետք է ավարտեն, ինչը ազդելու է դրույքների և ծանրաբեռնվածությունների վրա», – ասել է նախարարը:

Բուհերի թերհամալրման խնդիրը և դիմորդների նվազման միտումն ակնհայտ է վերջին 5 տարիների ընթացքում: 2013-2017թթ. ընդունելության քննությունների մասնակիցների թիվը շարունակաբար նվազել է 37%-ով՝ 32 703-ից դառնալով 20 503։

Այսպիսով, բուհերում անհրաժեշտ քանակով ուսանողներ ապահովելը դարձել է առաջնային խնդիր: Ուսանողների ընդունելությունը հեշտացնելու նպատակով իջեցվել է անցողիկ միավորների շեմը՝ մեկ առարկայի համար հասցնելով նվազագույնի՝ 7.5 միավորի:

Սա նշանակում է, որ բուհերը հնարավորություն են տալիս ընդունվելու բոլոր նրանց, ովքեր ստանում են նվազագույնը 7.5 միավոր: Այս ամենի հետևանքով բուհերի ընդունելության քննությունների արդյունքում ստացած միավորների միջինը կամ նույնն է մնացել, կամ իջել է, բացի համաշխարհային պատմություն առարկայից, որն ավելացել է 2 միավորով։

Իսկ այն դիմորդները, ովքեր չեն կարողացել հաղթահարել անցողիկ միավորի շեմը քննության առաջին փուլի ժամանակ, հնարավորություն ունեն մասնակցելու քննությունների լրացուցիչ փուլին։ Այսպիսով՝ նրանք, ովքեր 2-րդ փորձից կարողանում են ստանալ գոնե 7,5 միավոր, հնարավորություն են ստանում որևէ բուհ ընդունվել։ Այնուամենայնիվ, վերջին 5 տարիների ընթացքում անցողիկ միավորների շեմը չհաղթահարած դիմորդների թիվն ավելացել է 2%-ով։  Ավելի շատ ցածր միավորներ ստացել են աշխարհագրություն, ռուսաց լեզու և հայոց պատմություն առարկաներից։

Կրթության փորձագետ Մարինա Գալստյանի կարծիքով, քանի որ ուսանողների և դիմորդների քանակը քիչ է, բուհերը մարկետինգային քայլի են դիմում՝ իջեցնելով մուտքային շեմի պահանջները, որպեսզի շատ մարդ համապատասխանի այդ շեմին: Ըստ նրա, կրթության որակի վրա այս քայլի ազդեցությունը կախված է բուհերի ռազմավարությունից:

«Եթե բուհը ունի այն ռազմավարությունը, որ վերցնում է մինիմալ պահանջներին համապատասխանող դիմորդ ու նրա վրա կառուցում է հետագա քայլերը՝ ճիշտ կրթական ծրագրեր, դասավանդողներ, և վերջում ունենում են շատ խիստ ելքային ցուցանիշների ստուգում, այն է՝ դիպլոմային աշխատանք, ավարտական քննություններ, ըստ էության դրա մեջ խնդիր չկա»:

 

Ուսանողների համալրման խնդիրը ԵՊՀ-ում

Ուսանողների համալրման խնդիրը ԵՊՀ-ում փորձում են լուծել նաև քննական առարկաների թվի կրճատմամբ: Վերջին 5 տարիներին կատարված փոփոխությունների արդյունքում նախկին երեք կամ երկու առարկաների փոխարեն, մեկ առարկայից դրական գնահատական ստանալու դեպքում դիմորդը կարողացել է ընդունվել ԵՊՀ (այս դեպքում մրցութային է  համարվել  դպրոցի ավարտական վկայականի գնահատականը)։

Ստացվում է, որ բուհ ընդունվելը հեշտ է, իսկ բուհից դուրս մնալը՝ դժվար։ Կրթության փորձագետ Մարինա Գալստյանը ասում է, որ ՀՀ պետական բուհերից կրթության ընթացքում դուրս մնացածների թիվը շատ քիչ է. «Եթե ընդունելության ժամանակ կատարվում է թույլ սելեկցիա, այսինքն՝ հեշտ ընդունելություն, հետագայում՝ կրթության ընթացքում ուժեղ սելեկցիա, դա չի ազդի կրթության որակի վրա: Սակայն կա ռիսկ, որ եթե բուհը պրակտիկա ունի ընդունվողին պահել մինչև վերջ, միաժամանակ իջեցնել ընդունելության միավորների շեմը, հնարավոր է տվյալ բուհը կրթության որակի խնդիրներ ունենա»։

Ուսանողների համալրման խնդիրը բուհերի համար կարևոր է, որպեսզի պահպանվի կայուն բյուջե: 2018-2019 ուսումնական տարվա ԵՊՀ ընդունելության 1-ին և 2-րդ փուլերի արդյունքների համաձայն՝ համալսարան է ընդունվել 1446 դիմորդ՝  մոտ 2 անգամ քիչ նախորդ տարվա համեմատ։

Հայաստանյան բուհերի բյուջեի 85%-ը, իսկ ԵՊՀ բյուջեի 60% և ավելին ձևավորվում է վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարներից, ուստի բուհերում ուսանողների թերհամալրումը բերում է նաև ֆինանսական խնդիրներ: Նշենք նաև, որ բուհերը գտնվում են ՀՀ  խոշոր հարկատուների ցանկում։

Վերջին հինգ տարիների ընթացքում ԵՊՀ-ում աճել է նաև վճարովի և անվճար տեղերի քանակը: Սակայն եթե անվճար տեղերի քանակն ավելացել է ընդամենը 12-ով, ապա վճարովի տեղերի քանակն ավելացել է տասն անգամ շատ՝ 130-ով: Այս տարի ԵՊՀ-ում կար  339 անվճար և 2870 վճարովի տեղ, որից թափուր է մնացել 1749 տեղը:

2013թ․-ից վարձավճարները ևս ավելացել  են 30-90 հազար դրամի չափով:

Այս ամենի արդյունքում՝ ԵՊՀ-ի բյուջեն, չնայած ուսանողների թվի կրճատմանը, 2018թ․-ին 2013թ․-ի համեմատ ավելացել է 8%-ով՝ կազմելով 9.4 մլն դրամ:

 

Կրթության որակը

ԵՊՀ տարեկան գործունեության մասին զեկույցի համաձայն, բուհում առկա են որակի ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ: Այս խնդիրները, չնայած բյուջեի աճին, տարիներ շարունակ մնում են չլուծված:

Լիովին չի գործում ուսանողների գնահատման ընթացակարգը, կրթական ծրագրերի ընթացիկ մոնիտորինգը և գնահատումը, կա ուսումնառության ռեսուրսների պակաս: Չկա ուսանողներին մատուցվող կրթական, խորհրդատվական և այլ ծառայությունների արդյունավետության  գնահատման համակարգ: Բուհի համար խնդիր է դասավանդման նորարարական և տեխնոլոգիապես ուժեղացված մեթոդների ներդրումը: Բարելավման կարիք ունի նաև ուսանող-գործատու փոխադարձ կապի ապահովման գործընթացը:

Կարելի է եզրակացնել, որ ուսանողների վարձավճարների բարձրացման արդյունքում անմիջականորեն ուսանողներին վերաբերող խնդիրները երկար տարիներ մնում են չլուծված:

Չնայած ԵՊՀ ծախսերի գրեթե 70%-ը բաժին է ընկնում դասախոսական կազմի վարձատրությանը, այնուամենայնիվ դասախոսները ևս բավարարված չեն իրենց աշխատավարձով: Իսկ կրթության որակը տուժում է, քանի որ որակի ապահովման գործընթացներում ֆակուլտետներն և ամբիոնները շատ քիչ ներգրավվածություն են ունենում:

Այդուհանդերձ, ԵՊՀ-ի առկա բակալավրիատը գերազանցությամբ ավարտածների թիվը աճել է վերջին 3 տարում՝ 2015-2017թթ․, ինչը սակայն, ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ կարող է հանգեցնել կրթության արժեզրկման։

Մոտ 6%-ով ավելացել է նաև գիտական աստիճան ունեցող դասախոսների թիվը։ Իսկ ըստ կրթության փորձագետ Մարինա Գրիգորյանի, գերազանցությամբ ավարտածների քանակի աճը կարելի է դիտարկել որպես կրթության որակի բարձրացման ցուցանիշներից միայն մեկը. «Բարձր գնահատական ստանալը չի նշանակում, որ մենք ունենք իդեալական արդյունք, քանի որ մենք մասնագետ ենք պատրաստում՝ նախ հասարակության համար որոշակի ինտելեկտուալ բազա և երկրորդը աշխատաշուկայի կադրեր ապահովելու համար»:

Փորձագետի կարծիք



Ուսումնասիրության հեղինակ Տաթևիկ Հովհաննիսյան, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

Խորհրդատվական աջակցություն՝  Աստղիկ Գևորգյան, Ամփոփ Մեդիա

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

Հղումների պահոց

Սույն ուսումնասիրությունը կատարվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ և «Ամփոփ մեդիա» նախաձեռնության հետ համատեղ՝ «Բաց տվյալների բանալի» ուսումնական ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են սույն ուսումնասիրության հեղինակին ու «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԱՄՆ կառավարության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տեսակետները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 20/12/2018