Քաղաքական

Հանրային կապերի մասնագետների հետ աշխատանքը շարունակվում է

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը շարունակում է նպաստել պետական գերատեսչությունների հասարակայնության հետ կապերի գծով աշխատակիցների մոտ տվյալների հետ աշխատելու հմտությունների բարձրացմանն ու ամրապնդմանը: Մայիսի 25-26-ը կայացավ «Տվյալների գրագիտություն» խորագրով ևս մեկ դասընթաց:

Այս անգամ դասընթացի մասնակիցների թվում էին Կառավարության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության, Հաշվեքննիչ պալատի, Բարձրագույն դատական խորհրդի, Պետական եկամուտների կոմիտեի, «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Կրթության տեսչական մարմնի, Կրթության և գիտության, Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:

Դասընթացը վեցամսյա ծրագրի մաս է կազմում: Այն իրականացնում է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։

Դասընթացի երկու օրերը հագեցած էին տեսական և գործնական աշխատանքներով, քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ:

Մասնակիցներին ներկայացվեցին առաջին խմբի հետ տարված աշխատանքների արդյունքները, որից հետո նրանք ծանոթացան տվյալների տեսակավորմանը,  մշակմանը, խմբավորմանը, համադրմանը, վերլուծությանը: Գործնական աշխատանքների միջոցով փորձեցին տվյալների հիման վրա պատրաստել ինֆոգրաֆիկաներ:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ծրագրերի համակարգող Կարինե Դարբինյանը, Երևանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոբ Անդերսոնը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:

«Սույն ծրագրի նպատակն ամուր և առողջ կապի հաստատումն է՝ հանրության և նորաստեղծ կառավարության միջև: Այս պահին մենք շարունակում ենք աշխատել նաև առաջին խմբի մասնակիցների հետ, որոնք խորհրդատվական աջակցություն են ստանում: Ուստի ձեզ հետ ևս դասընթացից հետո պատրաստ ենք կիսվել մեր հմտություններով, գիտելիքներով և փորձով»,- իր ողջույնի խոսքում նշեց Դարբինյանը:

Երևանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոբ Անդերսոնի խոսքով՝ տվյալների հետ աշխատանքը և դրանց վիզուալիզացումը մեր օրերում շատ կարևոր է: «Ես կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է հանրային կապերի մասնագետների համար, ովքեր կարող են հմտանալ տվյալների հետ աշխատանքում: Ampop.am-ը հիանալի աշխատանք է տանում այդ ուղղությամբ»,- նշեց Ռոբ Անդերսոնը և հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին՝ ծրագրի գաղափարի և իրականացման համար, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատանը՝ ծրագրին աջակցություն ցուցաբերելու հարցում:

Հովհաննես Մովսիսյանի խոսքով՝ նախորդ խմբի արձագանքները փաստում են, որ ծրագիրն իսկապես արդյունավետ է: «Կարևորում եմ նաև այն հետևողականությունը, որ ցուցաբերվում է դասընթացից հետո: Այն, որ մասնակիցները դասընթացից հետո ստանում են հավելյալ գիտելիքներ և խորհրդատվական աջակցություն, իմ պրակտիկայում առաջինն է: Ողջունելի է նաև այն փաստը, որ նախարարություններից շատերն  արդեն կիրառում են իրենց աշխատանքում սեմինարի ժամանակ ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները»,- փաստեց Մովսիսյանը:

Դասընթացի ավարտին մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություներով: Մասնավորապես՝ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության գլխավոր մասնագետ Վարդուհի Պետրոսյանը ողջունելի համարեց այն փաստը, որ դասընթացին մասնակցելու հնարավորություն է ընձեռնվել նաև իշխանության բոլոր թևերին: Նրա խոսքով՝ ցանկացած գերատեսչության մամուլի և հասարականության հետ կապերի ծառայության մասնագետների խնդիրն է հանրությանն առավել մատչելի և թափանցիկ տեղեկատվության մատուցումը:

«Մեր ծառայությունը, հավատարիմ լինելով Խորհրդի որդեգրած սկզբունքին՝ աշխատել թափանցիկ և բաց, քայլեր է ձեռնարկում հանրությանը տեղեկությունը մատուցել ավելի համակարգված և հասկանալի: Կարծում եմ նման գործիքների կիրառությունը մեր աշխատանքում շատ կարևոր է»,- նշեց Պետրոսյանը, պատրաստակամություն հայտնելով ձեռք բերած հմտությունները կիսել նաև իր գործընկերների հետ:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնտեսական ծառայության մասնագետ Անի Հունանյանը, որը նաև հետազոտական գործունեությամբ է զբաղվում, պատրաստ է հետայսու իր աշխատանքում կիրառել այն գործիքակազմը, որը սովորեց դասընթացի ժամանակ: 

«Վստահորեն կարող եմ ասել, որ այս գործիքակազմին տիրապետելը կօգնի առավել հեշտ ու մատչելի մատուցել տեղեկատվությունը: Կարևորում եմ նաև անձնական տվյալների պաշտպանության հետ կապված գործիքակազմի ներկայացումը, ինչն իսկապես մեր օրերում կարևոր է: Անձամբ ես կիրառելու եմ, քանի որ դրանցից յուրաքանչյուրը շատ անհրաժեշտ է»,- նշեց Անի Հունանյանը:

Արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության և լրատվության վարչության կցորդ Աննա Արզումանյանի համար դասընթացի ձևաչափը նոր էր և արդյունավետ, իսկ ստացած գիտելիքներն ու գործիքակազմն անշուշտ կիրառելի կլինեն աշխատանքում: Ավելին, վերջինս մտադիր է գործընկերներին ևս փոխանցել ստացած գիտելիքները: «Եթե նման դասընթացներ լինեն, ապա ես մեծ հաճույքով կրկին պատրաստ եմ մասնակցել»,- ասում է Աննա Արզումանյանը:

Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության գլխավոր մասնագետ Հեղինե Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ գերատեսչության վիճակագրական տվյալները կարելի է ներկայացնել այն գործիքակազմի օգնությամբ, որը դասընթացին մատուցվեց, ավելին, այդ ձևաչափն առավել հետաքրքիր ու մատչելի կլինի:

«Եթե հաջորդիվ նման դասընթաց լինի, անշուշտ, կցանկանամ մասնակցել: Կնախընտրեմ առավել շատ ինֆորմացիա ստանալ սոցիալական էջերի առաջխաղացման հետ կապված, քանի որ ինքս եմ վարում գերատեսչության սոցիալակյան էջերը: Բացի դա, կցանկանամ առավել հմտանամ վիզուալ գործիքների կիրառության հարցում»,-նշեց Հեղինե Հովհաննիսյանը:

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 28/05/2019