Լրահոս

Մայիսի 25-31. Մի շարք բողոքի ակցիաներ՝ ճանապարհներ փակելով

Մայիսի 29-ին բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները փակել էին Բաղրամյան պողոտան։ Ցուցարարները բողոքում էին «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի դեմ։ Դրանով առաջարկվում է կրճատել բուքմեյքերական գրասենյակների թիվը` թողնելով մեկական գրասենյակ միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Մեղրի քաղաքներում, իսկ Երևանում՝ 2։ Օրինագիծն ուժի մեջ կմտնի 2020թ. նոյեմբերից: Աշխատակիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակների փակմամբ խաղամոլության խնդիրը չի լուծվում, մինչդեռ իրենք աշխատատեղ են ապահովում։

Հաջորդ օրը բողոքի ակցիա էին իրականացնում արդեն «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցները։ Նրանք փակել էին Աշտարակ-Ուջան ճանապարհը և պահանջում էին վճարել ամիսներ շարունակ չվճարած աշխատավարձերը։ Մայիսի 31-ին բողոքի ակցիան տեղափոխվեց կառավարության շենքի դիմաց։ Այստեղ ցուցարարները և կառավարության անդամները համաձայնության եկան, որ բողոքի ակցիաները կդադարեցվեն, սակայն, եթե մեկուկես ամսվա ընթացքում աշխատավարձերը չվճարվեն, բողոքի ակցիաները կվերսկվեն։

Երևան-Գյումրի երկաթգիծը և Արագածավանի միջպետական ճանապարհներն  էլ փակել էին Արագածավան և Լուսակն գյուղերի բնակիչները։ Նրանք էլ պահանջում են նվազեցնել ոռոգման ջրի վարձը։ Իսկ Ջրային կոմիտեն պնդում է, որ ոռոգման ջրի վարձն անփոփոխ է մնացել, շատ ծախսի պատճառը շատ ջուր օգտագործելն է։

Գյումրիում կարի ֆաբրիկայի աշխատողներն ահազանգում են

Աշխատանքային պայմաններից լրագրողներին իրենց բողոքն են հայտնել և այն կորցնելու վտանգի առաջ կանգնել Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայի աշխատողները։ Ըստ նրանց՝ ֆաբրիկայի ղեկավարը սպառնացել է աշխատանքից ազատել այն աշխատակիցներին, որոնք բողոքել են աշխատանքային պայմաններից և աշխատավարձերի ուշացումներից։ Ըստ աշխատողների՝ պայմանագրով իրենց աշխատավարձը 55 հազար դրամ է, սակայն ստանում են ավելի քիչ։ Գործին միջամտել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, որը նախատեսում է իրականացնել համապատասխան գործողություններ՝ իր իրավասության սահմաններում։

Եղեգնաձորը մերժեց մետաղական հանքարդյունաբերությունը

Վեթինգը՝ դատավորների «արժանապատվության արատավորում»

Մայիսի 27-ին գումարվեց դատավորների արտահերթ նիստ։ Ժողովին մասնակցած Հայաստանի 165 դատավորները նիստի ավարտին հայտարարեցին, որ իրենք կողմ են ունեցվածքի և դրամական միջոցների հանրայնացմանը, երբ դրանք սահմանված են օրենքով, չեն արատավորում դատավորների արժանապատվությունն ու բարի համբավը։

Տնտեսական ցուցանիշներ

Մայիսի 30-ի ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի տնտեսության ցուցանիշներին։ Նա նշեց, որ այս տարվա առաջին չորս ամիսներին համախառն ներքին արդյունքի 7․1% աճ է գրանցվել։ Արդյունաբերական արտադրանքների արտահանման ծավալն ավելացել է 13․2%-ով։ Ծառայությունների ծավալն ավելացել է 16.2%-ով։

Վարչապետն իր գոհունակությունը հայտնեց նաև այն փաստի առթիվ, որ 2019թ․ ապրիլին  նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատ արտահանման ծավալն աճել 9,9%-ով։

Վիճակագրական կոմիտեի՝ 2019թ․ առաջին 4 ամիսներին՝ հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 4,2%-ով, մասնավորապես՝ արտահանումը նվազել է 8,6%-ով։

Փակվող նախարարություններում կրճատումներ

Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել են փակվող և միավորվող նախարարությունների 27 փոխնախարարներ: Պաշտոնից ազատվել են Բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման, տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Գյուղատնտեսության, Սփյուռքի, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարների տեղակալները։

Օրենսդրական փոփոխություններ՝ զինծառայության վերաբերյալ

Ազգային ժողովն ընդունեց վերջին նիստերում քննարկված մի քանի նախագծեր։

Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքով նախատեսվում է պայմանագրային զինծառայության անցնելու տարիքային շեմը 36-ից դարձնել 40։ «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետը 3-ի փոխարեն կդառնա 2 տարի։ 

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 02/06/2019