Քաղաքական

#ԱԺ2021․ Յուրաքանչյուր 1030-րդ ընտրող` ԱԺ պատգամավորի թեկնածու

Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ` ընդհանուր 2508 թեկնածուներով։ Նախորդ՝ 2018թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների համեմատ այս անգամ մասնակցող կուսակցությունների/դաշինքների թիվն ավելացել է ավելի քան 2, իսկ պատգամավորության թեկնածուների թիվը՝ ավելի քան 1.5 անգամ։ Ընդ որում, գրանցված կուսակցությունների կեսից ավելին նորաստեղծ են և լայն հանրության համար` անհայտ։

Հայաստանում ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմում է շուրջ 2 584 000 մարդ, հետևաբար ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր 1030-րդ ՀՀ քաղաքացին բացի ընտրող լինելուց առաջադրված է նաև որպես պատգամավորի թեկնածու։

«Քաղաքական ուժերի այսքան շատ ներգրավվածությունն արտահերթ ընտրություններին մի կողմից հասարակությանը խառնաշփոթի մեջ է պահելու, մյուս կողմից էլ յուրաքանչյուր ընտրող իր մտածողությանը համապատասխան ընտրության հնարավորություն է ունենալու»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է Հայկական ՓԻ ԱՐ ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։

Սակայն, ըստ Ավետիսյանի, քանի որ նախընտրական շրջանը կարճ է, նոր քաղաքական ուժերը քիչ անելիք կունենան։ Փորձագետը համոզված է, որ խոշոր կուսակցությունների աղմուկն ավելի շատ է լինելու․

«Ձայների հիմնական քանակը կարող է բաշխվել հինգ ուժերի միջև՝ «Հայաստան» դաշինքի, «Բարգավաճ Հայաստանի», «Պատիվ ունեմ-ի», «Քաղաքացիական պայմանագրի» և «Լուսավոր Հայաստանի», – կարծում է Ավետիսյանը:

Քարոզարշավի չորրորդ օրը Ավետիսյանը նկատում է, որ թեժ պայքար է ընթանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի միջև, իսկ հասարակությունը բևեռացվում է։

Այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ ընտրարշավին մասնակցում են հանրապետության բոլոր 4 նախկին և ներկա ղեկավարները։ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների ցուցակը, Ռոբերտ Քոչարյանը՝ «Հայաստան» դաշինքինը, Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։

Մինչդեռ «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համարը ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է, իսկ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգյանը թեև մասնակցում է ընտրարշավին, սակայն, ինչպես ինքն է նշում՝ չի հավակնում պետական որևէ պաշտոնի և պատրաստ է օգնել իր խորհուրդներով, եթե դրա կարիքը լինի։

Ամենաշատ թեկնածու առաջադրած քաղաքական ուժը «Պատիվ ունեմ» դաշինքն է՝ 230 թեկնածու, երկրորդը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 156 թեկնածու։

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցանկում 153 պատգամավորի թեկնածու կա։ «Լուսավոր Հայաստանը» Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ 106 թեկնածու է առաջադրել, իսկ «Բարգավաճ Հայաստանը»՝ 92։

Աստղիկ Ավետիսյան

«Նոր ուժերն Ազգային ժողով անցնելու որևէ շանս չունեն, սա իրենց համար լինելու է ճանաչում ձեռքբերելու հնարավորություն: Մեկ բան ակնհայտ է, որ այն ուժերը, որոնք քիչ, թե շատ ծանոթ են հասարակությանը, հենց նրանք էլ դառնալու են քննարկման թեմա, հենց նրանց շուրջ է տեղի ունենալու բանավեճը»,- համոզված է Աստղիկ Ավետիսյանը։

Ամենաքիչ թեկնածու առաջադրած քաղաքական ուժը «Ազատական» կուսակցությունն է՝ 80 թեկնածու:

Ըստ ԿԸՀ կանոնակարգի՝ ընտրական ցուցակում կարող է ընդգրկվել ոչ պակաս, քան 80, և ոչ ավելի, քան 300 թեկնածու:

ԱԺ արտահերթ ընտրություններին ի սկզբանե մասնակցում էր 27 քաղաքական ուժ՝ 23 կուսակցություն և 4 դաշինք, սակայն մայիսի 27-ին Լևոն Շիրինյանի ղեկավարած «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցությունը հետ է վերցրել առաջադրման դիմումը և ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրել Արման Բաբաջանյանի հիմնադրած «Հանուն Հանրապետության» կուսակցության հետ համատեղ ստեղծած «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքով։ Հունիսի 8-ին նախընտրական քարոզարշավից դուրս եկավ «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը։

Ըստ Ավետիսյանի՝ այս պահին ագրեսիվ քարոզարշավ է ընթանում․

«Ի տարբերություն նախորդ ընտրությունների, միմյանց նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտն ավելի թեժ է լինելու: Անընդհատ նկատելի է լեզվակռվի, բառերի շուրջ քննարկումների, միմյանց վիրավորելու և վարկաբեկելու գործընթաց: Նույնիսկ շատ կիրթ, գիտակ մարդիկ հանրային մեծ լսարանի առջև անընդունելի բառամթերք են օգտագործում, և մարդկանց համար դա դառնում է սովորական բան։ «Ով ինչքան շատ է հայհոյում, այնքան հայտնի է դառնում» ձևաչափը իրավունք չունի երկար կյանք ունենալու»:

Ավետիսյանի կարծիքով՝ ամենավատն այն է, որ հասարակության շրջանում առկա հիասթափությունը պատճառ կդառնա, որ քաղաքացիներից շատերը չեն մասնակցի ընտրական գործընթացին՝ այդկերպ ցուցադրելով իրենց վերաբերմունքը ներքին քաղաքական գործընթացներին։

Հեղինակ՝ Լիանա Գրիգորյան

Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի

ՏԵՍ ՆԱԵՎ

#armvote2021

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 11/06/2021