Ադրբեջանի խորհրդարանն օրերս հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ։ Ներկայացնում ենք «Բի-բի-սի»-ի (BBC) անդրադարձն այս թեմային։
«Բի-բի-սի»-ն փոխանցում է, որ սա Եվրամիության և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման հերթական դրվագն է, սակայն միևնույն ժամանակ Բաքուն շարունակում է ընդլայնել էներգետիկ համագործակցությունը Եվրոպայի հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, «սառեցնում է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցության բոլոր ուղղությունները»։ Բացի այդ, Ադրբեջանը դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ–Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի աշխատանքներին։
Միաժամանակ մեկնարկել է նաև Ադրբեջանի՝ «Արևելյան գործընկերության» խորհրդարանական ձևաչափից դուրս գալու գործընթացը։
«Հակաադրբեջանական» բանաձևերի մեղադրանքները
Ադրբեջանցի պատգամավորները Եվրախորհրդարանին մեղադրում են վերջին տասնամյակում «հակաադրբեջանական» բանաձևեր ընդունելու մեջ։
«Բի-բի-սի»-ն հիշեցնում է, որ Եվրոպական խորհրդարանը տարբեր տարիների ընդունել է բանաձևեր՝ կապված ինչպես Ղարաբաղի հայերի, այնպես էլ ադրբեջանցիների իրավունքների հետ։ Որոշ դեպքերում եվրոպացի պատգամավորները կոչ են արել Եվրահանձնաժողովին հրաժարվել ադրբեջանական գազից և անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ՝ մարդու իրավունքների համակարգային խախտումների պատճառով։
Սակայն, ինչպես նշում է «Բի-բի-սի»-ն, Ադրբեջանում սովորաբար առանձնահատուկ ուշադրություն են դարձնում հենց Ղարաբաղի հայերի թեմային առնչվող հայտարարություններին։
Ապրիլի 30-ին Եվրախորհրդարանը հերթական բանաձևն էր ընդունել՝ կոչ անելով ապահովել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որտեղից նրանք զանգվածաբար հեռացել էին 2023 թվականին։ Դրանից հետո Ադրբեջանը Եվրամիության դեսպան Մարիանա Կույունդժիչին հրավիրել է ԱԳՆ և հանձնել բողոքի նոտա։
ԵԽԽՎ, ՄԻԵԴ և Ղարաբաղ
«Բի-բի-սի»-ի փոխանցմամբ՝ Ղարաբաղյան թեման հաճախ օգտագործվում է նաև Եվրոպայի խորհրդի հասցեին քննադատություններ հնչեցնելու ժամանակ։
Թեև Ադրբեջանը շարունակում է անդամակցել Եվրոպայի խորհրդին, պաշտոնական Բաքուն պարբերաբար սպառնում է դուրս գալ այս կառույցից։
Գարնան սկզբին Եվրոպայի խորհուրդը հրապարակել էր զեկույց, ըստ որի՝ Ադրբեջանը դադարել է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները։
Սակայն դա նորություն չէր։ Դեռ մեկ տարի առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն այլևս չի ճանաչում ՄԻԵԴ որոշումները՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը զրկվել էր Եվրոպայի խորհրդում ձայնի իրավունքից։
Ալիևը դա կապել էր Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի «հաջողության» հետ՝ հայտարարելով, որ եվրոպական կառույցները նման քայլի դիմել են «նախանձից»։
Քաղաքական լարվածություն, բայց գազը՝ ըստ պլանի
«Բի-բի-սի»-ն ընդգծում է, որ հատկապես 2022 թվականից՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից հետո, Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը վատթարացել է։
Երկրում աճել է քաղբանտարկյալների թիվը, փակվել են մի շարք միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցչություններ, այդ թվում՝ «Բի-բի-սի»-ի ադրբեջանական ծառայության գրասենյակը։
Սակայն նույն ժամանակահատվածում Ադրբեջանը միայն մեծացրել է գազի մատակարարումները Եվրոպա։
Մի քանի օր առաջ Ադրբեջան էր այցելել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, որը համաձայնություն էր ձեռք բերել ադրբեջանական գազի մատակարարումների շուրջ։ «Բի-բի-սի»-ն նշում է, որ Ադրբեջանն արդեն դարձել է Չեխիայի նավթի խոշորագույն մատակարարը։
Միաժամանակ Հարավային Կովկասը՝ հատկապես Ադրբեջանը, ավելի կարևոր դեր է ստացել նաև տարածաշրջանային լոգիստիկայի տեսանկյունից։ ԱՄՆ–Իսրայել–Իրան լարվածության ֆոնին տարածաշրջանը դիտարկվում է որպես հարաբերական կայունության գոտի։
Ադրբեջանի տարածքով անցնում է նաև այսպես կոչված «Միջին միջանցքը»՝ տրանսպորտային ուղին, որը կապում է Ասիան և Եվրոպան՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը։
Դիտորդների գնահատմամբ՝ Եվրոպան այս փուլում չի ցանկանում խորացնել հակասությունները Ադրբեջանի հետ՝ հատկապես այն ժամանակ, երբ էներգետիկ անվտանգությունը շարունակում է առաջնային նշանակություն ունենալ։
Թարգմանությունը՝ Ամփոփ Մեդիայի
Աղբյուր՝ «Բի-բի-սի»
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 03/05/2026









