Առողջություն

Վճարելով գրպանից․ պետպատվերի բաշխումը առողջապահական համակարգում

– Պետպատվերի շահառո՞ւ եք։
– Չգիտեմ, իսկ ինչպե՞ս իմանամ։

Այսպիսի կարճ խոսակցություն ունեցանք բժշկական կենտրոններից մեկում, երբ պատրաստվում էինք հարազատներիցս մեկի վիրահատությանը։ Դրա գինը կրկնակի գերազանցում էր Հայաստանում միջին ամսական աշխատավարձը [խմբ․՝ 2022թ․ ապրիլ ամսվա դրությամբ միջին ամսական աշխատավարձը կազմում էր 217 հազ․ դրամ

Բժշկական կենտրոնում, որտեղ պետք է անցներ վիրահատությունը, փակցված պաստառներից մեկի վրա գրված էր Առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարը՝ 8003: Զանգեցինք։

Թեժ գծի հերթապահն սկսեց թվարկել պետպատվերից օգտվողների խմբերը՝ բռնադատվածներ, զինծառայողների հարազատներ, սոցիալական ապահովության որոշակի շեմից ցածր նիշ ունեցողներ և այլն, ասաց նա։

Ցանկը, կարծես, երկար էր, թեժ գծի հեռախոսավարի համբերությունը՝ կարճ։

«Եթե պետպատվերի շահառու լինեիք, հաստատ կիմանայիք», – ամփոփեց նա։

Հավատացինք, ստուգելու ժամանակ չկար։ Գումարը վճարեցինք մեր գրպանից։ Վիրահատությունն անցավ հաջող։

Մենք չօգտվեցինք առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորումից, բայց այս նյութով կներկայացնենք, թե ինչպես է աշխատում պետպատվերի համակարգը՝ ներառյալ, թե ում համար է այն նախատեսված և ինչ մեխանիզմներով է բաշխվում։

Միշտ աճող, բայց երբեք չբավարարող պետպատվերի միջոցները

Պետպատվերի միջոցներն ամեն տարի բնականոն աճում են։ Դա փաստ է։

Եթե 2017 թվականին պետպատվերին ուղղվել է ավելի քան 66 մլրդ 524 մլն դրամ, ապա 2021 թվականին այդ ծախսերը հասել են ավելի քան 107 մլրդ 194 մլն դրամի՝ ավելանալով ավելի քան 60%-ով։ Սակայն փաստ է նաև այն, որ այդ հատկացումները երբեք չեն բավարարում։ Քիչ անց դուք ևս դրանում կհամոզվեք։

Ինչպես երևում է գրաֆիկից՝ 2017 և 2018 թվականներին պետպատվերի համար հատկացված գումարը գրեթե նույնն է եղել, 2018-ին նույնիսկ փոքր-ինչ նվազել է։ Իսկ 2019 թվականին ավելացել է ավելի քան 18 մլրդ դրամով։

Պետպատվերի հաջորդ մեծ աճը գրանցվել է երկու տարի անց՝ 2021 թվականին՝ հետքովիդյան և հետպատերազմական տարում, ինչը ենթադրաբար կապված է հենց համավարակի և պատերազմի հետևանքների հաղթահարման, վիրավորների բուժման և այլ հարցերի հետ։

Ինչ վերաբերում է առողջապահական տարբեր ուղղությունների հատկացումներին, ապա պետպատվերին ուղղվող բյուջետային միջոցները տարբեր նեղ ճյուղերում ամեն տարի հիմնականում աճում են, ավելի քիչ դեպքերում՝ նվազում։


Այս ամենով հանդերձ՝ Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ մարդը հրաժարվում է բուժումից, ասելով, թե փող չկա։ Առողջության համապարփակ ապահովագրության դեռևս չընդունված հայեցակարգի հիմնավորման համաձայն՝

ֆինանսական պատճառներով բնակչության շուրջ 20.1%-ը չի այցելում բժշկի առողջության առաջնային պահպանման հաստատություններում:

Իսկ կա՞ արդյոք լիարժեք ինֆորմացիա՝ ովքեր կարող են օգտվել պետպատվերից։ Հայաստանի օրենսդրական համակարգը սահմանում է սոցիալական այն խմբերը, որոնց ներկայացուցիչները կարող են պետբյուջեի միջոցներով, անվճար օգտվել առողջապահական, բժշկական ծառայություններից։


«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ կառավարության որոշման (4 մարտի 2004 թվականի N 318-Ն) համաձայն՝ ամբողջ բնակչությանը տրամադրվում են հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակները և ծառայությունները․

  • վերակենդանացման միջոցառումներ,
  • տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,
  • հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
  • աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ,
  • զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության ծառայություններ,
  • ծննդօգնություն,
  • մինչև 18 տարեկան երեխաների բժշկական օգնության ծառայություններ,
  • հեմոդիալիզի ծառայություններ։

Ենթադրենք՝ ի տարբերություն մեզ, դուք քաջ տեղյակ եք, որ կարող եք պետպատվերի շրջանակում օգտվել բժշկական ծառայություններից։ Սակայն հանկարծակիի չգաք, երբ բժշկական կենտրոնում ներկայացնելով անհրաժեշտ փասատաթղթերը՝ պետպատվերից օգտվելու համար Ձեզ սիրալիր պատասխանեն՝ պետպատվերի գումարը վերջացել է։

Իսկ դա հնարավոր է։ Բայց․․․

Առողջապահության նախարարության armed.am կայքը թույլ է տալիս պարզել, թե որ բժշկական հաստատությունում բժշկական որ ծառայության համար նախատեսված որքան գումար է մնացել պետպատվերի գծով։ Հունիսի կեսի դրությամբ՝ կան բժշկական հաստատություններ, որոնք սպառել են ամբողջ տարվա համար նախատեսված պետպատվերի միջոցները։ Օրինակ․

  • Մայրաքաղաքային Սլավմեդ ԲԿ-ում «արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» գծով նախատեսված մոտ 8 մլն դրամից մնացել է ընդամենը 1800 դրամ,
  • Վայոց ձորի Ջերմուկի առողջության կենտրում «Շտապ բժշկական օգնության ծառայությունների» գծով նախատեսված ավելի քան 12 մլն դրամից մնացել է ընդամենը 7800 դրամ և այլն։

Ստացվում է, որ այստեղ կոնկրետ այս ծառայությունների մասով պահանջարկն այնքան է եղել, որ պետպատվերի համար գործնականում հատկացված ամբողջ գումարը 12 ամսվա փոխարեն ծախսվել է 6 ամսից էլ քիչ ժամանակում։ Այսինքն, բժշկական հաստատությունները գումարը ստացել են ամբողջ տարվա համար, բայց այդ ամբողջ տարվա գումարը ծառայությունների վրա ծախսել են շատ ավելի կարճ ժամանակում։

Նման դեպքերում հնարավոր է նույն ծառայություններից օգտվել այն բժշկական կենտրոններում, որտեղ դեռ պետպատվերի միջոցներ կան։ Սակայն այստեղ էլ հարցեր են ծագում․ իսկ ի՞նչ, եթե նախընտրում էինք այս կամ այն բուժհաստատության բժշկին, կամ նախընտրում էինք տանը մոտ գտնվող բուժհաստատություն գնալ։

Հարցի պատասխանը նույնն է՝ օգտվել այլ տեղից կամ վճարել ինքնուրույն։

Armed.am կայքում նշվում է պետպատվերի շրջանակում տրամադրվող 40 ծառայություն։ Դրանցից յուրաքանչյուրի ֆինանսավորումը բաժանված է ամիսների, ու մեծ մասի դեպքում պետպատվերի միջոցներ դեռ կան, այսինքն գալիք ամիսների համար նախատեսված հատկացումները ժամանակից շուտ չեն ծախսվել։

Ապրիլի վերջին առողջության ապահովագրության համակարգի վերաբերյալ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կազմակերպած կլոր-սեղան քննարկման ժամանակ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արա Սինանյանը հաստատեց, որ տարվա կեսից այս կամ այն բժշկական հաստատությունում պետպատվերի գումարներն ավարտվել են։

«Գուցե ոչ ճիշտ պլանավորման արդյունք է», - նշեց փորձագետը:

Ապահովագրությունը՝ անորոշ

Զգալի թվով մարդիկ, սակայն, չեն օգտվում պետպատվերից՝ սոցիալական խմբերից ոչ մեկի չափորոշիչները չբավարարելու պատճառով։ Եվ երբ վիրահատությունների սեղանին են պառկում, ստիպված են լինում «թանկ ու կրակ» բժշկական ծառայությունների համար վճարել գրպանից։

Վճարման այդպիսի մեխանիզմն ընդունված է անվանել հենց «գրպանից ուղղակի վճարումներ» (out-of-pocket):


Կարդացեք նաև․ Ինչպես է գործելու առողջապահական ապահովագրության համակարգը


Հայաստանում առողջապահական ոլորտի բոլոր ծախսերի առյուծի բաժինը հենց գրպանից ուղղակի վճարումներն են։ Եվ թեպետ պետվարի համար հատկացվող գումարը տարեցտարի աճում է, ընդհանուր առողջապահության ծախսերի կազմում գրպանից վճարումների չափը նույնպես աճում է։

Համապարփակ ամենաթարմ տվյալները ներկայացված են «Առողջապահության ազգային հաշիվներ, 2018» զեկույցում։

Ենթադրվում է, որ այս խնդիրը կարելի է լուծել առողջության ապահովագրության միջոցով։ Միտքն այն է, որ մարդիկ չբախվեն հանկարծակի ծագող առողջապահական ծախսերի հետ, այլ իրենց եկամուտներից որոշակի տոկոս վճարեն ապահովագրական ընկերություններին, որպեսզի անհրաժեշտության դեպքում այն վճարի առողջապահական ծառայությունների համար։

Հայաստանի ներկայիս իշխանությունը առողջության համապարփակ ապահովագրության անցնելու ռազմավարության առաջին տարբերակը մշակել է դեռ 2019-ին։ Դրա փոխարեն հիմա մշակվում է երկրորդը։

Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի մեջ նույնիսկ նշվել էին ժամկետները, թե երբ է ընդունվելու առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը, համապատասխան օրենքները, երբ էր ստեղծվելու այդ միջոցները կուտակող հատուկ հիմնադրամը և այլն։ Նշված ժամկետների մեծ մասն անցել է։

Խնդիրը ֆինանսավորման մեջ է։ Փետրվարին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել էր, որ իրենց պատկերացմամբ՝ առողջության ապահովագրության համար աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից կվճարեն 3%, և դրան գումարած` գործատուն էլ իր կողմից պետք է 3% վճարի։

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կազմակերպած կլոր-սեղան քննարկման ժամանակ «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը պնդում էր, որ համապարփակ ապահովագրության ներդրումը բնակչության աշխատող հատվածին հարվածող քայլ է` հարկերի անուղղակի բարձրացում, որը միաժամանակ մեծացնելու է գործատուի բեռը։

«Այս համակարգն անընդունելի եմ համարում նաև սոցիալական արդարության տեսանկյունից, եթե աշխատողը պետք է վճարի չաշխատողի ապահովագրության համար», - ասում է Թադևոսյանը։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ 2023 թ․-ի պետական բյուջեի նախագծով, նախնական տվյալներով, նախատեսվում է առողջապահության ոլորտում 130-140 միլիարդ ծախս, մինչդեռ Առողջապահության նախարարությունում քննարկումները 350 միլիարդ դրամի շուրջ են։

Սա, ըստ էության, ցույց է տալիս, որ կառավարության ներսում չկա համաձայնություն՝ առողջապահության ոլորտի ֆինանսավորման նման կտրուկ աճի վերաբերյալ։

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս պահին հակասող հայտարարություններ են անում առողջության ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ։ Մասնավորապես, իրար հակասող հայտարարություններ են արել Առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանը և նախկին նախարար Արսեն Թորոսյանը։


Թորոսյանը նշում է, որ իր կարծիքով պետք է հետքայլ անել ու առողջության համապարփակ ապահովագրության ներդրման «ռևոլյուցիոն» տարբերակի փոխարեն անցնել «էվոլյուցիոն» տարբերակի՝ այլ հարկերից հավաքվող միջոցներից մեծացնել առողջապահության պետական ծախսերը։

Գործող նախարարը՝ Ավանեսյանը, համաձայն չէ դրա հետ։ Նրա խոսքով՝ ծախսերի աստիճանական ավելացումը չի կարելի լիարժեք լուծում համարել։

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Վիոլետա Զոփունյանն այս համակարգի ներդրման տեսանկյունից ուշադրություն է հրավիրում դրա կիրառման ժամանակ սպասվող խնդիրներին։

«Շատ, շատ առնչություն ենք ունենում բոլոր այն պացիենտների հետ, որոնք պետպատվերի իրավունք ունեն դե յուրե, բայց դե ֆակտո չեն կարողանում իրացնել իրենց այդ իրավունքը: Եվ հիմա, երբ ասում ենք՝ ժողովուրդ ջան, դուք բոլորդ ունեք դրա իրավունքը, այս փաթեթներով օգտվելու եք, մենք այստեղ կանգնելու ենք մի լրիվ ուրիշ իրավիճակի առաջ: Ես ունեմ մեծ մտավախություն, որ նույնիսկ այն եզակի խմբերը [խմբ․ խոցելի խմբերը], որոնք 318-Ն որոշմամբ՝ գոնե ինչ-որ չափով այդ ծառայությունները ստանալու հնարավորություն ունեն, ապահովագրության պարագայում ընդհանրապես դուրս կմնան ու չեն կարողանա օգտվել դրանցից», - նշում է Զոփունյանը:

Նա հիշեցնում է նաև Armed համակարգի մասին, - «Երբ այն ներդրվում էր 2017-ին, նպատակն այն էր, որ առողջապահության ոլորտում թղթաբանությունից անցում կատարվեր էլեկտրոնային համակարգի։ Մինչդեռ հիմա էլ, երբ գնում ենք պոլիկլինիկաներ, շարունակվում է ամբուլատոր քարտերի [խոսակցական՝ անկետա] փնտրտուքը»։

ԱԺ փորձագետ Արա Սինանյանն էլ նշում է, որ մինչև այդպիսի համակարգի ներդրումը շատ ուղղություններով պետք է ուսումնասիրվեն գործնական իրավիճակները։

«Պետությունն ամեն տարի մեծացնում է առողջապահությանը հատկացվող միջոցները, ընդլայնում պետպատվերով մատուցվող բուժծառայությունների ցանկը։ Բայց առկա են խնդիրներ, օրինակ` գոյացող հերթերը պետպատվերի պարագայում, ինչին նպաստեցին Քովիդն ու պատերազմը։ Եվ այդ խնդիրն այսօր էլ կա: Պատկերացրեք՝ համապարփակ ապահովագրության դեպքում ինչ հերթեր են լինելու» - ասում է փորձագետը:

Սինանյանի խոսքով՝ առանց թերությունները շտկելու անթույլատրելի է պարտադիր ապահովագրության անցնելը. կունենանք ոչ միայն սթրեսային իրավիճակ, այլ նաև ծառայությունների ճգնաժամ:

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Վիզուալ նյութերը՝ հեղինակի

#AccesstoHealthCare

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/07/2022