Եվրամիության խորհուրդը սեպտեմբերի 2-ին հավանություն է տվել Հայաստանի համար նախատեսվող ժամանակավոր առևտրային արտոնություններին։ Դրանք մշակվել են 2026-ի մայիս–հունիսին Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների նկատմամբ սահմանափակումների կիրառումից հետո։ ԵՄ խորհուրդը Եվրահանձնաժողովի առաջարկն ընդունել է առանց փոփոխությունների։
ԵՄ պատվիրակության հաղորդագրության համաձայն՝ առաջարկը նախատեսում է հայկական ծագման ապրանքների լայն շրջանակի համար երկու տարով ժամանակավորապես կասեցնել ԵՄ ներմուծման մաքսատուրքերը։ ԵՄ պաշտոնական գնահատմամբ՝ այդ միջոցները կարող են ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ը։ ԵՄ խորհուրդը Եվրահանձնաժողովի առաջարկին հավանություն է տվել առանց փոփոխությունների, սակայն կարգավորումը դեռ վերջնականապես ուժի մեջ չի մտել։
Եվրահանձնաժողովի իրավական առաջարկում նշվում է, որ ռուսական սահմանափակումները վերաբերել են, մասնավորապես, կոնյակին, գինուն, հանքային ջրին և գյուղատնտեսական արտադրանքին։ Միաժամանակ խոչընդոտներ են ստեղծվել նաև Ռուսաստանի տարածքով որոշ հայկական ապրանքների տարանցման համար։
Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ այդ քայլերը սահմանափակել են Հայաստանի հասանելիությունը որոշ ավանդական շուկաների, խաթարել գործող մատակարարման շղթաները և դժվարություններ ստեղծել արտահանողների ու արտադրողների, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկությունների ու գյուղարտադրողների համար։
Ի՞նչ է նշանակում արտահանման 80%-ի ազատականացում
Խոսքը Հայաստանի ամբողջ արտահանման 80%-ի մասին չէ։
Առաջարկվող արտոնությունները վերաբերում են Հայաստանից հենց Եվրամիություն արտահանվող ապրանքներին։ ԵՄ գնահատմամբ՝ դրանց շուրջ 80%-ի համար նախատեսվում է ժամանակավորապես կասեցնել ներկայում կիրառվող ներմուծման մաքսատուրքերը։
Այս արտոնությունները վերաբերում են հատկապես այն ապրանքներին, որոնց արտահանումը մեծապես կախված է եղել ռուսական շուկայից։
ԵՄ հաշվարկով՝ առաջարկվող արտոնությունների ցանկում ընդգրկված են այնպիսի ապրանքներ, որոնք կազմում են Հայաստանից Ռուսաստան արտահանվող թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի գրեթե 99%-ը, ինչպես նաև խմիչքների և թունդ ալկոհոլային արտադրանքի ավելի քան 91%-ը։
Որոշ ապրանքների համար նախատեսվում են առանձին քվոտաներ
Ընդհանուր արտոնություններից բացի, Եվրահանձնաժողովի առաջարկով որոշ գյուղատնտեսական ապրանքների համար մաքսային արտոնությունը նախատեսվում է կիրառել սակագնային քվոտաների սահմաններում։
Առաջարկվող քվոտաների հնարավոր նշանակությունն ավելի տեսանելի է, երբ դրանք համադրվում են Հայաստանի 2025-ի փաստացի արտահանման ծավալների և ուղղությունների հետ։ (տե՛ս ստորև աղյուսակը)։
| Ապրանք | ԵՄ առաջարկվող քվոտան |
ՀՀ արտահանումը 2025-ին |
Քվոտայի չափը՝ 2025-ի ՀՀ արտահանման համեմատ | Արտահանումը դեպի ՌԴ | Արտահանումը դեպի ԵՄ |
|---|---|---|---|---|---|
| Վարունգ և կորնիշոն | 6 500 տ | 1 106 տ | 5.9 անգամ | 1 039 տ (94%) | 0 տ |
| Խաղող, թարմ կամ չորացրած | 5 000 տ | 13 454 տ | 37% | 10 243 տ (76%) | 14 կգ |
| Որոշ տեսակի տանձ* | 750 տ | 10 401 տ (0808) | 7.2%* | 9 809 տ (94%) | 0 տ |
| Ծիրան, կեռաս/բալ, դեղձ/նեկտարին, սալոր** |
14 000 տ | 71 611 տ (0809) | 19.5%** | 64 060 տ (89%) | 49 տ |
| Ելակ*** | 2 500 տ | 2 440 տ (0810) | 102%*** | 2 387 տ (98%) | 0 տ |
Նշում․ ՀՀ ՊԵԿ երկիր–ապրանք տվյալները հրապարակված են 4-նիշ ԱՏԳ ԱԱ խմբերով, մինչդեռ ԵՄ որոշ քվոտաներ վերաբերում են ավելի նեղ CN ենթակոդերի։ Այդ պատճառով 0808, 0809 և 0810 խմբերի համեմատությունները ցույց են տալիս մասշտաբը, ոչ թե ենթակոդային ճշգրիտ հարաբերակցությունը։
Աղբյուրներ՝ Եվրահանձնաժողովի առաջարկ, ՀՀ ՊԵԿ արտաքին առևտրի երկիր–ապրանք տվյալներ (2025)։ Հաշվարկը՝ Ամփոփ Մեդիայի
Ըստ սահմանված քվոտաների՝ վարունգի դեպքում առաջարկվող 6 500 տոննա քվոտան գրեթե վեց անգամ գերազանցում է Հայաստանի 2025-ի ամբողջ արտահանման ծավալը։ Այսինքն՝ քվոտայի չափն այստեղ սահմանափակող գործոն չէ։
Մինչդեռ խաղողի դեպքում 5 000 տոննա քվոտան Հայաստանի 2025-ի ամբողջ արտահանման մոտ 37%-ն է, իսկ Ռուսաստան արտահանված ծավալի մոտ 49%-ը։ Միևնույն ժամանակ 2025-ին խաղողի արտահանումը ԵՄ փաստացի գրեթե զրոյական է եղել՝ ընդամենը 14 կգ։
Սակայն նույնիսկ այն դեպքերում, երբ առաջարկվող քվոտան արտահանման գործող ծավալի համեմատ մեծ է, դա ինքնաբերաբար վաճառք չի ստեղծում։ Մաքսային հասանելիությունն ինքնին չի լուծում սերտիֆիկացման, գնորդի, լոգիստիկայի և մրցունակ գնի հարցերը։
Մաքսատուրքերի կասեցումը չի վերացնում ԵՄ շուկա մուտքի մյուս պահանջները
Ժամանակավոր առևտրային արտոնությունների սահմանումը բավարար չէ, որպեսզի հայկական ապրանքը առանց լրացուցիչ պայմանների մուտք գործի ԵՄ շուկա։
Հայկական արտադրանքի նկատմամբ կշարունակեն գործել՝
- արտադրանքի անվտանգության,
- սանիտարական և բուսասանիտարական,
- համապատասխանության և սերտիֆիկացման,
- ինչպես նաև ապրանքի ծագման կանոնները։
ԵՄ պաշտոնական հաղորդագրությամբ՝ արտոնյալ ռեժիմի պահպանումը պայմանավորված է Հայաստանի կողմից ծագման գործող կանոնների պահպանմամբ, ԵՄ-ի հետ վարչական համագործակցությամբ և ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր առևտրային սահմանափակումներ չկիրառելով։ Հայաստանը պետք է նաև պահպանի Հայաստան–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի հիմնարար սկզբունքները։
Արտադրողը պետք է նաև համապատասխանի ԵՄ պահանջներին, գտնի գնորդ, կազմակերպի լոգիստիկան և ապահովի մրցունակ գին
Այսինքն՝ նոր ռեժիմը կարող է նվազեցնել ԵՄ շուկա մուտքի ֆինանսական խոչընդոտներից մեկը, սակայն արտադրողը պետք է նաև համապատասխանի ԵՄ պահանջներին, գտնի գնորդ, կազմակերպի լոգիստիկան և ապահովի մրցունակ գին։
ԵՄ-ն նախատեսել է նաև պաշտպանական մեխանիզմ
Առաջարկվող արտոնություններն անվերապահ չեն։ Սա նշանակում է, որ եթե արտոնություններից օգտվող հայկական ապրանքի ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ շուկայի կամ անդամ պետություններից մեկի շուկայի վրա, Եվրահանձնաժողովը կարող է ուսումնասիրություն սկսել և անհրաժեշտության դեպքում պաշտպանական միջոցներ կիրառել։ Այդ միջոցները կարող են ներառել նաև տվյալ ապրանքի մաքսատուրքի վերականգնում։
Սա ԵՄ աջակցության ավելի լայն փաթեթի մի մասն է
Ժամանակավոր առևտրային արտոնությունները ԵՄ-ի՝ Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված ավելի լայն աջակցության մաս են։ Եվրահանձնաժողովը հայտարարել է նաև ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթի մասին, որը ներառում է ֆինանսական և գործնական աջակցություն ռուսական սահմանափակումներից տուժած ոլորտներին և նոր արտահանման շուկաներ զարգացնելուն։ Հունիսի 19-ին Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ փաթեթից 34 մլն եվրոն արդեն փոխանցվել է Հայաստանին։
Որոշումը դեռ վերջնական ուժի մեջ չի մտել․ մնացել է Եվրախորհրդարանի լիագումար քվեարկությունը
Սեպտեմբերի 2-ին ԵՄ խորհուրդը Եվրահանձնաժողովի առաջարկին հավանություն է տվել առանց փոփոխությունների։ Սեպտեմբերի 3-ին առաջարկը առանց փոփոխությունների հավանության է արժանացել նաև Եվրախորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովում (INTA)՝ 35 կողմ, 2 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։
Հաջորդ փուլը Եվրախորհրդարանի սեպտեմբերյան լիագումար նստաշրջանի ընթացքում նախատեսվող քվեարկությունն է, որը նախատեսված է սեպտեմբերի 14-ին։ Եթե Եվրախորհրդարանը առաջարկն ընդունի առանց փոփոխությունների, ԵՄ խորհուրդը, որն արդեն հավանություն է տվել նույն տեքստին, այն պաշտոնապես կհաստատի։
Կարգավորումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը և այդ պահից կգործի երկու տարի։
Ինչո՞ւ է սա կարևոր Հայաստանի համար
ԵՄ-ն ժամանակավոր առևտրային միջոցները ներկայացնում է որպես Հայաստանի արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու և ռուսական սահմանափակումների հետևանքով առաջացած տնտեսական ազդեցությունը մեղմելու գործիք։
Հայաստանի համար խնդիրը հատկապես զգալի է այն ապրանքների դեպքում, որոնց արտահանումը երկար ժամանակ կենտրոնացած է եղել ռուսական շուկայում։ Նոր ռեժիմը կարող է որոշ ապրանքների համար նվազեցնել այլ շուկա մուտքի ծախսերը և այդպիսով ստեղծել արտահանման նոր ուղղություններ զարգացնելու լրացուցիչ հնարավորություն։
Բայց սա ռուսական շուկան եվրոպականով արագ և ավտոմատ փոխարինելու մեխանիզմ չէ։
Մաքսատուրքերի կասեցումն առաջին հերթին նվազեցնում է ԵՄ շուկա մուտքի խոչընդոտներից մեկը։ Թե այդ հնարավորությունը որքանով կվերածվի իրական վաճառքի, կախված է նաև հայկական ապրանքների՝ ԵՄ պահանջներին համապատասխանությունից, արտադրական ծավալներից, լոգիստիկայից, գնից և եվրոպական գնորդների պահանջարկից։
Պատրաստեց Կարինե Դարբինյանը
Հիմնական պատկերը ստեղծվել է ԱԲ գործիքով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 03/09/2026









