Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը Հայաստան, ինչպես նաև դրանց շահագործման հարցը շարունակում է անորոշ մնալ քաղաքացիների համար: Դեռ 2018թ. հունվարին նախորդ կառավարության ընդունած օրենքի նախագիծը մի շարք խնդիրներ առաջացրեց աջ ղեկով մեքենա ներմուծողների համար: Տվյալ փաստաթղթով արգելվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու հաշվառումը Հայաստանում:
Օրենքի կիրառման ժամանակահատվածը համընկավ հետհեղափոխական շրջանի և նոր կառավարության ձևավորման հետ, ինչի հետևանքով էլ այն մասնակի կիրառվեց: Սակայն քաղաքացիների դժգոհություններն այս հարցի շուրջ այդպես էլ հստակ պատասխան չստացան:
Ներկայիս կառավարությունը չի հրաժարվել նախորդների ընդունած որոշումից, թեպետ շահագրգիռ կողմերի հետ վերջին քննարկման արդյունքում ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 6-ի նիստում որոշվել էր աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան կարճ ժամանակով թույլատրել: Բայց միայն այն մեքենաները, որոնք դեկտեմբեր ամսվա դրությամբ՝ նախորդ ամիսների ընթացքում կուտակվել էին ՀՀ սահմանին` չունենալով մուտքի համար անհրաժեշտ իրավական հիմքեր: Այս որոշման հիման վրա մշակվեց օրենքի նախագիծ, որն արդեն քննարկման դրվեց ՀՀ կառավարության փետրվարի 15-ի նիստին, սակայն օրակարգից դուրս բերվեց` լրամշակման անհրաժեշտության հիմքով:
Դժգոհության ալիքներից կարելի է եզրակացնել, որ պետական օղակներում այս հարցի վերաբերյալ գործընթացները բավական դանդաղ են ընթանում:
Իրավիճակ
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կառավարության դիմաց իրենց հերթական բողոքի ձայնը բարձրացրել էին հունվարի 31-ին՝ պահանջելով հնարավորինս շուտ օրենքի նախագիծը ընդունել չմոռանալով այդ փաստաթղթում արտացոլել նաև վարորդների շահերը։ Նախաձեռնության անդամներին նմանատիպ բողոքի ակցիաներում միավորում է նույն պահանջը․ այն է՝ չեղյալ համարել աջ ղեկով մեքենաների վերաբերյալ բոլոր արգելքները:
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրաբ Իգիթյանն «Ամփոփ մեդիայի» հետ զրույցում նշում է, որ, ըստ օրենքի նախագիծը կառավարության նիստում անընդհատ հետաձգվում է:
«Մեզ հավաստիացնում են, որ կառավարության հաջորդ նիստում հարցը կքննարկվի»,-դեռ հունվարի 31-ին ասել էր Իգիթյանը, սակայն հարցը քննարկման արժանացավ փետրվարի 15-ի նիստին և նախագիծն օրակարգից դուրս բերվեց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր անհամաձայնությունը հայտնեց նախագծում առկա որոշ առաջարկների հետ՝ պնդելով, որ այս որոշումը պետք է վերաբերի ոչ թե գնված բոլոր մեքենաներին, որոնք նաև դեռ ճանապարհին են, այլ բացառապես մաքսատան տարածքում՝ մինչև դեկտեմբեր ամիսը կուտակված մեքենաներին։ Նիստի ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հստակեցրեց դեկտեմբերին առկա մեքենաների թիվը․ այն է՝ 442։ Վարչապետն արձագանքելով նշեց, որ հենց այդ՝ 442 ներմուծողների ներկայացուցիչների հետ էլ նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել:
Սակայն նախաձեռնության անդամներին չի գոհացնում կառավարության դեկտեմբերի 6-ի որոշումը, քանի որ իրենց հիմնական պահանջն է` պահպանել աջ ղեկով մեքենաների շահագործումը Հայաստանում: Իգիթյանը հավաստիացնում է, որ նախաձեռնության անդամների մեքենաների 90%-ն աջ ղեկով է. «Դրանք տեխնիկապես անհնար է դարձնել ձախակողմյան, քանի որ կառաջանան անվտանգության խնդիրներ»,- հավաստիացնում է Իգիթյանը:
«Մեր նպատակն է, որ մեքենաները ՀՀ մտնեն աջ ղեկով, մաքսազերծվեն աջ ղեկով և շահագործվեն աջ ղեկով: Եվ, քանի որ այս պահին Հայաստանում չկա օրենք, որը թույլ է տալիս աջ ղեկով մեքենաները գրանցել և մաքսազերծել, ուստի մեքենաները շարունակում են մնալ Հայաստանի սահմանին», – ասում է Իգիթյանը:
Ըստ Իգիթյանի՝ հարցի ձգձգումը պատճառ է դառնում Բագրատաշենի մաքսակետում աջ ղեկով մեքենաների կուտակմանը, որոնց թիվը հասնում է 600-ի:
Նախարար Արշակյանը հիշեցնում է, որ այս հարցի շուրջ պայմանավորվածությունն այլ է եղել: «Ազգային ժողովը կընդունի օրենքը, որը թույլ կտա սահմանին կուտակված մեքենաները, որոնք բերվել են մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 20-ը, ներմուծվեն, և հարցը կվերջանա»,- ասում է նախարարը։
Չհամոզող հիմնավորում
Աջ ղեկով մեքենաների արգելքի մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը 2018թ. հունվարին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը հիմնավորում էր աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների քանակով, որոնք, ըստ նրա ներկայացրած տվյալների, 28%-ով շատ են ձախակողմյան մեքենաների մասնակցությամբ վթարներից, իսկ տուժածների/վիրավորների թիվն էլ՝ 39%-ով է շատ: Սակայն նախարարի կողմից հնչեցված վիճակագրությունը պարզ չէ, թե ինչ ժամանակահատվածի համար է և ինչ աղբյուրների ու հաշվարկների հիման վրա է արված:
Հայաստանում աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի նախաձեռնության հիմք կարող էր հանդիսանալ նաև Մաքսային միության «Անիվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ТР ТС 018/2011) տեխնիկական կանոնակարգը, որը գործում է 2015թ. հունվարի 1-ից և արգելում է Մաքսային միության տարածքում աջակողմյան ղեկով մեքենաների շահագործումը, սակայն տվյալ փաստաթղթով արգելքը չի վերաբերում թեթև մարդատար ավտոմեքենաներին:
Աջակողմյան ղեկի մասով կանոնակարգում կա երկու պարբերություն, որոնցից մեկում նշվում է Մ2 և Մ3 տիպի մեքենաների վերաբերյալ արգելքի մասին. սրանք 8 և ավել տեղ ունեցող մարդատար ավտոբուսներն են: Երկրորդ պարբերության մեջ խոսքը Մաքսային միության անդամ-երկրներից Ղազախստանում ու Բելառուսում աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման արգելքի մասին է: Տվյալ երկրներում արդեն գործում է նշված արգելքը:
Սակայն այդ փաստաթղթում որևէ տողով նշված չէ Հայաստանում աջակողմյան մեքենաների շահագործման արգելքի մասին, ինչպես նաև Մաքսային միության տարածքում Մ1, այսինքն՝ թեթև մարդատար մեքենաների շահագործման կամ ներմուծման արգելքի մասին:
Տվյալների բացակայություն
«Ամփոփ մեդիայի»` աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների վերաբերյալ հարցմանը ՀՀ ոստիկանությունը տրամադրել է տվյալներ 2017թ-ից սկսած` նշելով, որ մինչ այդ աջ ղեկի մասնակցությամբ պատահարների հաշվառում չի իրականացվել: Ոստիկանության տրամադրած վիճակագրության համաձայն` 2017թ.-ից մինչև 2018թ. ապրիլի 1-ը աջ ղեկով մեքենաների մասնակցությունը բոլոր ՃՏՊ-ների 10% է կազմել: Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչ 28% ցուցանիշ էր ներկայացվել նախկին նախարարի կողմից:
ՀՀ Մաքսային սահմանով տեղափոխվող աջ ղեկով մեքենաների քանակի վերաբերյալ ևս տեղեկատվությունը սահմանափակ է: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի պատասխանի՝ սահմանին մեքենաները առանձնացվում են շարժիչի աշխատանքային ծավալով, նոր կամ շահագործված լինելու ձևաչափով, բայց ոչ աջ կամ ձախ ղեկի հիման վրա:
Փաստացի
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մինչ նախարարի պաշտոնում նշանակվելը դեմ էր աջ ղեկով մեքենաների շահագործման սահմանափակմանը:
Սակայն 2018թ. հոկտեմբերի 25-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ արգելքը օրենքով է սահմանված, և որ ՀՀ ճանապարհները նախատեսված չեն աջակողմյան երթևեկության համար, ինչը կարծես մինչ այդ էլ էր հայտնի:
Արշակյանը նաև ասել էր, որ աջ ղեկով մեքենաները կարելի է ներմուծել իբրև պահեստամաս: Նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ, այս առաջարկը դիտարկվում էր որպես խնդրի լուծման նպատակահարմար տարբերակներից մեկը: Բացի այդ, խոսվում էր նաև ղեկի տեղաբաշխման փոփոխության մասին, ինչպես նաև տարանցիկ պետհամարանիշներով` վաճառքի նպատակով երրորդ երկրներ այդ մեքենաները ներկրելու մասին:
Իրավապաշտպանի կարծիք
«Քաղաքացի-Հարկատու-Բիզնես» իրավապաշտպան կազմակերպության ՀԿ փոխնախագահ Էդուարդ Բադալյանն «Ամփոփ մեդիային» ասում է, որ վերջին տարիներին ակնհայտ է աջ ղեկով մեքենաների ներմուծման աճը, ինչն իր կարծիքով մեքենաների արժեքով և վճարունակությամբ պայմանավորված պահանջարկ է:
Սակայն նա ճիշտ է համարում աջ ղեկով մեքենաների շահագործման սահմանափակումը, պարզաբանելով, որ աջակողմյան երթևեկությամբ երկրներում աջ, իսկ ձախակողմյան երթևեկությամբ երկրներում՝ ձախ ղեկով մեքենաները ոչ միայն խաթարում են երթևեկության բնականոն ընթացքը, այլև վտանգներ են ստեղծում:
«Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի վերաբերյալ չարժե նույնիսկ վիճել»,-ասում է Բադալյանը և լուծումը տեսնում է երրորդ երկրներից ներմուծման բացարձակ արգելքի մեջ:
«Ընդ որում, հարկ է արգելել նաև երրորդ երկրում վերափոխված կամ ՀՀ-ում հետագա վերափոխման պայմանով ներմուծումը: Վերազինումն անվտանգ կարող է լինել միայն գործարանային պայմաններում: Իսկ արդեն ներմուծված տրանսպորտային միջոցների շահագործումը կարող է շարունակվել մինչև աստիճանաբար դուրս կգան օգտագործումից, որպեսզի չվատթարացվի այդպիսի մեքենաներ շահագործող անձանց վիճակը»,-կարծում է Բադալյանը:
«Նախ, աջ ղեկով մեքենաներն էժան են և մատչելի հասարակության ավելի լայն շերտերի համար: Հետևաբար, ոչ մի նորմով չի կարելի սահմանափակել քաղաքացու իրավունքը՝ ունենալ իր ցանկացած գույքը»,-«Ամփոփ մեդիային» ասում է «Տնտեսական իրավունք կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Մովսես Արիստակեսյանը:
Ամփոփեցին Գայանե Մելիքյանն ու Սուրեն Դեհերյանը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 08/02/2019