Քաղաքական

Հոկտեմբերի 5-11․ Հայաստանում գործազուրկների թիվը նվազել է

2019թ․ 2-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 17,7% կամ 207,2 հազար մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գործազրկությունը 20,2% էր:

7,6 տոկոսային կետով նվազել է նաև երկարատև գործազրկության մակարդակը, սակայն այն շարունակում է մեծ թիվ կազմել։ Գործազուրկների մոտ 50%-ը երկարատև գործազուրկներ են, այսինքն` այն գործազուրկները, որոնք աշխատանք չունեն մեկ տարի և ավել։

Միևնույն ժամանակ 3,6%-ով ավելացել է զբաղվածների թիվը՝  964,2 հազար մարդ։

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ աշխատուժի պահանջարկն ամենաշատը Երևանում է, իսկ մարզերից՝ Շիրակում և Կոտայքում։ Աշխատողների կարիք կա առավելապես արդյունաբերության, առևտրի և սպասարկման ոլորտներում։ Հատկապես պահանջված է ոչ պետական և բանվորական աշխատանքը։

WCIT․ Հայաստանը ՏՏ ոլորտի կենտրոնում

Հոկտեմբերի 6-9-ը Երևանում տեղի ունեցավ WCIT տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար համարվող համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին խոսնակներ և հյուրեր՝ աշխարհի 70 երկրներից։ Երևանում էին նաև աշխարհառչակ հայեր՝ թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների, թե՛ բիզնեսի այլ ոլորտներից։

Համաժողովի շրջանակներում հայտնի դարձավ նաև, որ Հայաստանում կբացվի էլեկտրոտեխնիկայի բնագավառում հայտնի  «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society» բաժնի մասնաճյուղը։ Ինստիտուտն աշխարհում հայտնի է էլեկտրոնային արդյունաբերության մեջ գիտական հոդվածներով և գիտական սեմինարների կազմակերպմամբ։ «WCIT 2019»-ի շրջանակում՝ առաջին անգամ, լավագույն միջազգային 6 ստարտափեր, Հայաստանի տեխնոլոգիական համայնքից ստացան ընդհանուր առմամբ 105 հազար դոլարի մրցանակներ:

150 հա անտառ կվերականգնվի

Հոկտեմբերի 10-ի՝ Կառավարության որոշմամբ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ին տրամադրվեց 424 մլն դրամ՝ 150 հա անտառ վերականգնելու և այլ բնապահպանական աշխատանքների համար։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ ՀՀ-ում անտառածածկ մակերեսը կազմում է 289.2 հա կամ ընդհանուր տարածքի մոտ 9.7%-ը: 10 տարվա ընթացքում Հայաստանում հատվել է 2,4 անգամ շատ անտառ, քան վերականգնվել։

Բացի այդ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները առաջին անգամ իրենց աշխատանքը կիրականացնեն համազգեստով։ Համազգեստների և կոշիկների ձեռք բերման համար պետբյուջեից տրամադրվել է 37 միլիոն դրամ։

Զոհված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցումը ընդլայնվել է

Հոկտեմբերի 9-ին՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, 2020 թ․ հունվարի 1-ից աջակցություն կստանան նաև 1998 թ․ հունվարի 1-ից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողները:

Մինչ այս, հիմնադրամը, որի համար գրանցված աշխատող քաղաքացիներն ամեն ամիս վճարում են 1000 դրամ, փոխհատուցում էր միայն  2017 թ․ հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության նիստին որպես օրինակ նշեց․ «Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից ամսվա մեջ կստանա նաև 240 հազար դրամ: Կախված կոչումներից ու ընտանիքի անդամներից՝ այդ թվերը փոփոխության են ենթարկվում»։

«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենին կալանավորել են

Դեռևս 2018թ․ հուլիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը ձերբակալվել էր, քանի որ հիմնադրամի 25 մլն դրամի վարկային գիծն օգտագործել էր անձնական նպատակներով։ Սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Հոկտեմբերի 11-ին նրա խափանման միջոցը փոխարինվել է կալանավորմամբ։ Ըստ ԱԱԾ հայտարարության՝ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Դեռևս 2017թ․ հոկտեմբերին Արա Վարդանյանը պայմանագիր է կնքել Արցախի Հանրապետության 6 շրջանների վարչակազմերին 149 մլն դրամի գույք մատակարարելու մասին։ Նշված գույքը մատակարարվել է միայն թղթի վրա, իսկ գումարը յուրացրել է Արա Վարդանյանը։

Արա Վարդանյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել կալանավորման որոշումը։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 12/10/2019