Քաղաքական

Մարտի 31- ապրիլի 6. ԱԱԾ-ն` ֆեյքերի դեմ, ՀՀՌԽ նոր նախագահ

Աջակցություն մարտի 1-ի տուժածներին, ձերբակալվել է առողջապահության փոխնախարարը, մեղադրանք` «Սպայկա»-ի տնօրենին

Նոր ղեկավարներ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում և Հանրային ռադիոյում

ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահ է ընտրվել ռեժիսոր, «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար 61-ամյա Արա Շիրինյանը: Ապրիլի 1-ին մրցութային հանձնաժողովի կողմից հրապարակված որոշման համաձայն, հինգ ձայնից 3-ը ստացել է Շիրինյանը, մեկական ձայն ստացել են մրցույթին հայտեր ներկայացրած «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանն ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Տվյալ պաշտոնի համար հայտ էին ներկայացրել 23 թեկնածու:  

Երկու օր անց` ապրիլի 3-ին, հայտնի դարձան նաև Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնի համար մրցույթի արդյունքները: Այս հաստիքի համար հայտ ներկայացրած 30 թեկնածուներից Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ընտրեց լրագրող, «Lրատվական ռադիոյի» ծրագրերի տնօրեն 35-ամյա Գարեգին Խումարյանին։

Մարտի 1-ի դեպքերից տուժածներն աջակցություն կստանան

2008թ. մարտի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով տուժած անձանց պետությունից աջակցություն կտրամադրվի: Այս մասին օրենքի նախագիծն ապրիլի 5-ին հաստատվեց ԱԺ համապատասխան հանձնաժողովի կողմից և ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Համաձյան սույն նախագծի, աջակցություն ստանալու իրավունք ունեն մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված անձանց իրավահաջորդները և այն անձինք, ում առողջությանը  ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառվել:

Վարչապետը հորդորել է ԱԱԾ-ին զբաղվել ֆեյքերով

Ապրիլի 4-ին Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայությանը հակահարված տալ մամուլում ֆեյք  և մանիպուլացնող լուրեր տարածող լրատվամիջոցներին ու օգտատերերին։ Վարչապետը  նշեց, որ օրենսդրությունը թույլ է տալիս մամուլում՝ հատկապես բռնության կոչերով հանրությանը մանիպուլացնող հրապարակումների դեմ պայքարել։ Միաժամանակ այդ պայքարը կասկածի տակ չի դնի խոսքի ազատության իրավունքը։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը մեկ օր անց արդեն տեղեկացրեց, որ քրեական  գործ է հարուցվել Ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղինակի նկատմամբ` ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշով:

Ձերբակալվել է առողջապահության փոխնախարարը

Առողջապահության փոխնախարար Ա.Դ.-ն ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։ Նա համակարգում էր բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսական աշխատանքները 2018թ. մայիսից:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ բժշկական հաստատության տնօրենը ցանկացել է փոխնախարարի հովանավորչությամբ բարենպաստ ֆինանսական պայմաններ ապահովել իր հաստատության համար: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ 2019թ. մարտի 30-ին տնօրենը փոխնախարարի աշխատասենյակում վերջինիս որպես կաշառք առանձնապես խոշոր չափերի գումար է փոխանցել:

Մեղադրանք` «Սպայկա» ընկերության տնօրենին

Ապրիլի 4-ին  մեղադրանք է առաջադրվել նաև «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելու մեջ:

Նրան կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել ՊԵԿ-ը: Որոշումը կհրապարակվի ապրիլի 8-ին։ Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը  պետական բյուջե չի վճարել մոտ 7 մլրդ 37 մլն ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

Տարածաշրջան. անսպասելի արդյուքներ ընտրական գործընթացներում

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ, իսկ Ուկրաինայում` նախագահական ընտրություններ։ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է քվեների 44%-ը, սակայն պարտվել է 16 քաղաքում, այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Երզնկայում։ Իշխող կուսակցությունը, սակայն, չի հաշտվել այս պարտության հետ և որոշում է կայացրել բողոքարկել ընտրությունների արդյունքները Ստամբուլում և Անկարայում։ Ընտրությունները որոշ տեղերում անցել են բախումներով: Արդյունքում սպանվել է երկու մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Ուկրաինայի նախագահական ընտրությունները ևս առանց արտառոց դեպքերի չեն ընթանում։ Ընտրությունների առաջին փուլում ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքեց ձայների միայն 15,9%-ը, իսկ հումորիստ Վլադիմիր Զելենսկին՝ 30,2%-ը։ Վերջիններս կշարունակեն պայքարը ապրիլի 21-ին՝ ընտրությունների 2-րդ փուլում։ Իսկ մինչ այդ` երկրորդ փուլ անցած երկու թեկնածուները Զելենսկու հրավերով կբանավիճեն Կիեւի Օլիպիական մարզադաշտում։

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 07/04/2019