Կայացավ Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը
Մարտի 29-ին Վիեննայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը։ Հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով: Այն տևել է նախատեսվածից երկար՝ 3 ժամ 15 րոպե։
Բանակցությունների առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն էր։ Բանակցությունները սկսեցին երկու երկրների արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդեցին արդեն Փաշինյան-Ալիև բանակցությունները՝ փակ դռների ետևում։ Վարչապետ Փաշինյանը հանդիպումը գնահատել է դրական։
Վիեննայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա ասել է․ «Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին և խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում և հետագայում ունեցած իմ ասուլիսի ընթացքում»։
Նախքան Վիեննա մեկնելը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանդիպմանը քննարկվելու է ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելու հարցը, սակայն հանդիպումից հետո կողմերն այդ մասին ոչինչ չեն նշում: Մինչ այս Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին երեք անգամ ՝ ոչ պաշտոնական մթնոլորտում։
Քրեական գործ Մեղրիի զորամասը լքած զինծառայողների դեպքով
Անցնող շաբաթ լրատվամիջոցները ակտիվ անդրադառնում էին Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքած, այնուհետև վերադարձած զինծառայողների դեպքին։ Միջադեպի պատճառների վերաբերյալ տեղեկությունները սահմանափակ են: Տեղեկատվության հիմնական աղբյուր էին հանդիսանում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ինչպես նաև դեպքին առնչվող զինծառայողների ծնողները, որոնք նախ հավաքվել էին Կառավարության շենքի, այնուհետև՝ ՊՆ շենքի դիմաց:
Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ զորամասը լքողների թվում եղել են անձինք, որոնք նախկինում ևս կարգազանցություններ են արել։ Դեպքի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ։ Ծառայողական քննության արդյունքում մի շարք սպաներ պաշտոնանկ են արվել, իսկ կարգազանց ժամկետային զինծառայողները՝ տեղափոխվել այլ զորամասեր, որոնք հիմնականում գտնվում են առաջնագծում: Այդ փաստը հարուցել է զինծառայողների հարազատների դժգոհությունը, որոնք պահանջում էին, որ զինծառայողները շարունակեն իրենց ծառայությունը նույն զորամասում, ինչը ՊՆ մամուլի խոսնակն անհնար է համարել։ Ծնողները պնդում են, որ իրական մեղավորը զորամասի սպայերից մեկն է եղել: Մինչդեռ Հովհաննիսյանն ընդգծել է, որ զինված ուժերում կարգազանցության, անհնազանդության փորձ արած յուրաքանչյուր ոք անպատիժ չի մնալու։
Բժշկական սարքերի գնման ընթացակարգը խախտումներով
Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) հաստատում է, որ բժշկական սարքերի գնման ընթացակարգում հայտնաբերվել են խախտումներ։ ՊՎԾ-ն նշում է, որ բժշկական սարքերին ներկայացվող տեխնիկական բնութագրերը կազմվել են այնպես, որ մրցույթին մասնակցելու հնարավորություն է տրվել միայն մեկ ընկերության։ 2018թ. դեկտեմբերին ոլորտն ազատականացնելու առաջարկով ՊՎԾ-ն դիմել էր մարզպետարաններին և Առողջապահության նախարարությանը։ Այդ քայլի պատճառն էր եղել վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումները։ Ինչպես նշվում է ՊՎԾ հաղորդագրության մեջ, 2015-2018թթ. հեմոդիալիզի սարքավորումների գերակշիռ մասը՝ 82.9%-ը, Հայաստան են ներմուծվել հիմնականում երկու կազմակերպությունների կողմից և իրացվել պետական բժշկական կենտրոններում։
Ուշագրավ է այն, որ մոտ մեկ ամիս առաջ բժշկական սարքերի գնման գործընթացին միջամտելու կասկածանքով ձերբակալվել էին ՊՎԾ երկու աշխատակիցներ:
Ազգային ժողովի քառօրյա նիստից
Ընդունվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նվազագույն կենսաթոշակի չափը հավասարեցվում է պարենային ծայրահեղ աղքատության շեմին:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հավանության է արժանացել նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որին կողմ են քվերակել 83 պատգամավոր։ Այդ օրենքներում հակասող դրույթներ էր հայտնաբերել Սահմանադրական դատարանը։ Դրանք վերացնելուն ուղղված փոփոխություններով հստակեցվել են ՍԴ դատավորի ընտրության, պաշտոնը ստանձնելու ժամկետները։
Կառավարության որոշմամբ ևս մեկ ՊՈԱԿ կլուծարվի
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գործառույթներն այսուհետ կկատարի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։ Նշված ՊՈԱԿ-ի լուծարման որոշումը Կառավարությունը կայացրել է մարտի 29-ի նիստում։
ՊՈԱԿ-ի համար պետբյուջեից հատկացվում էր տարեկան 218 մլն դրամ։ Նշվում է, որ լուծարման արդյունքում կտնտեսվի 37,6 մլն դրամ, որը տարեկան ծախսվում էր ՊՈԱԿ-ի վարչակազմը պահելու համար։ ՊՈԱԿ-ն ուներ 50 աշխատող:
Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերայի տնօրենի պաշտոնից
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 29-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Վերջինս զբաղեցնում էր միաժամանակ նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Օրբելյանը գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2016թ․, իսկ տնօրենի պաշտոնում՝ 2017 թ․ հուլիսից՝ ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով։
Մարտի 30-ին՝ «Դիմակահանդես» ներկայացումից առաջ, թատրոնի դերասանական կազմը հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի: Երկուշաբթի օրը՝ ապրիլի մեկին, ժամը 10:00-ին, մշակութային գործիչները կհավաքվեն Կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու թատրոնի նոր տնօրենի նշանակման դեմ։
«Ես շատ ջանք եմ ներդրել թատրոնի աշխատանքներում, առաջիկայում բազում պլաններ կան: Նա ինձ չի զանգել: Մենք ստացել ենք պաշտոնական տեղեկանք: Ես չեմ պատրաստվում նրա հետ կապ հաստատել, նա իր պաշտոնական դիրքորոշումը արտահայտել է»,- ասել է Օրբելյանը և հավելել, որ պատրաստվում է դիմել դատարան։
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն իր հերթին նշել է, որ Օրբելյանին ազատելու իր որոշումն օրենքի պահանջ է եղել: «Պարոն Օրբելյանը տնօրեն է նշանակվել օրենքի խախտումներով: Մենք փորձել ենք այս ամիսների ընթացքում հասկանալ, թե ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել: Կա օրենքի պահանջ, որը պետք է կատարել»,-ասել է Ղարիբյանը և հավելել, որ ՀՀ արդարադատության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններից պարզել են, որ տնօրենն իրավունք չունի այլ աշխատանք զբաղեցնել, բացի ստեղծագործական, մանկավարժական և գիտական գործունեությունից:
Ամփոփ մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 30/03/2019