Ապրիլի 9-ին լրանում է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին։ 2018թ. հենց այդ օրը նա իր լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի հատուկ նիստում: Սարգսյանը, լինելով նախագահի միակ թեկնածուն, այդ պաշտոնում ընտրվեց մարտի 2-ին՝ պատգամավորների 90 կողմ և 10 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ դառնալով խորհրդարանական կառավարման համակարգով ընտրված ՀՀ առաջին նախագահը։
Ի տարբերություն նախկին երեք նախագահների՝ նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները 2015թ. Սահմանադրությամբ և փոփոխված օրենքներով սահմանափակված են՝ հօգուտ վարչապետի։ Այդ մասին «Ամփոփ մեդիան» անդրադարձել էր դեռ նախորդ տարի:
կարդացեք նաև
Այս անգամ «Ամփոփ մեդիան» քաղաքագետների հետ քննարկել է, թե որոնք են եղել նախագահ Սարգսյանի հիմնական գործառույթները և ինչով է նա աչքի ընկել հանրության շրջանում այս մեկ տարվա ընթացքում:
Նորանշանակ նախագահը՝ բանագնաց ու հաշտարար
Նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկն ընդունելու օրն Արմեն Սարգսյանը նշել էր, որ իր գլխավոր հանձնառություններից է նպաստել ազգային միասնության ամրապնդմանը: Սա իրագործելու անհրաժեշտությունն առաջացավ պաշտոնավարման առաջին իսկ օրերին։
2018թ. ապրիլ ամսին հազարավոր քաղաքացիներ, միանալով ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին, սկսեցին համապետական բողոքի ակցիաներ` պահանջելով արդեն վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ապրիլի 21-ին Փաշինյանի հետ բանակցելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանը գնաց Հանրապետության հրապարակ։
Նախագահի և Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունների արդյունքում հաջորդ օրը՝ ապրիլի 22-ին, տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, որը սակայն քննարկման չհասավ, քանի որ Սերժ Սարգսյանը լքեց հանդիպման վայրը: Իսկ արդեն հաջորդ օրը` ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:
Հրաժարականին հաջորդած ներքաղաքական լարվածությունը թուլացնելու նպատակով Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ հանդիպեց Փաշինյանին:
«Արմեն Սարգսյանի հիմնական ներդրումը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու գործում ունեցած մասնակցությունն է` կայունացնող գործոն հանդես գալով»,-ասում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Նրա ձևակերպմամբ՝ նաև այդ միջնորդական ջանքերի շնորհիվ է, որ, ընտրված լինելով նախկին իշխանությունների օրոք, Արմեն Սարգսյանին հաջողվել է պահպանել պաշտոնը։
Քաղաքագետն առանձնացնում է նաև այն, որ նախագահն ընտրվել էր 7 տարի ժամկետով, և նոր իշխանությունները հակաիրավական քայլի գնալու մտադրություն չունեին՝ առավելևս, որ նա իրենց հետ որևէ հակասություն չուներ: Միքայելյանը կարևորում է նաև Արմեն Սարգսյանի միջազգային լայն կապերը, որոնք հետզհետե ավելի տեսանելի են դառնում և կարող են ծառայել ի նպաստ Հայաստանի, թեպետ այս մեկ տարվա ընթացքում այդ կապերի տնտեսական օգուտները երկրի համար դեռ տեսանելի չեն։
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ միջազգային մակարդակով նախագահի հանդիպումները առաջին հայացքից կարող է նշանակալի չթվան, բայց իրականում դրանց ընթացքում կարևոր հարցեր լուծվեն:
Արտաքին կապեր
Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանը միջազգային մի շարք միջոցառումների ներկայացրել է Արմեն Սարգսյանը։ 2018թ. սեպտեմբերին նախագահը Ֆրանսիայի Շամոն քաղաքում մասնակցել է Մտքերի գագաթնաժողովին որպես գլխավոր բանախոս: Այստեղ 28 երկրներից ժամանած 300 ներկայացուցիչներ քննարկել են ժամանակակից աշխարհում ներդրումային ու ռազմավարական որոշումներ կայացնելու հնարավորությունները։
Մեկ ամիս անց նախագահ Սարգսյանը Հայաստանը ներկայացնում էր Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկած Crans Montana ֆորումի «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» ամենամյա նստաշրջանին։
Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված «Ապագայի գագաթնաժողով»-ին Հայաստանը դարձյալ նախագահի մակարդակով էր ներկայացված: Նա կրկին գլխավոր բանախոսն էր:
Այցեր
Արմեն Սարգսյանի պետական ու աշխատանքային այցերի օրակարգը սովորաբար հագեցած է գիտական ու տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպումներով։ Հանդիպումների առատությամբ առանձնապես հարուստ էր նրա՝ փետրվարին Գերմանիա կատարած աշխատանքային այցը։
Այստեղ, բացի գիտակրթական ու արդյունաբերական հայտնի կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպումներից, Սարգսյանը հանդիպել է նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Ալբանիայի, Սերբիայի, Լատվիայի նախագահների, Կատարի շեյխի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի և այլոց հետ:
«Ամփոփ մեդիայի» զրուցակիցների կարծիքով` արտաքին աշխարհում նախագահի այսպիսի ծավալուն գործունեությունն առ այսօր տեղավորվում է սահմանադրորեն իրեն տրված լիազորությունների շրջանակներում։
Ներքին անհարմարություններն ու դրանք ծնող պատճառները
Crans Montana ֆորումին համաշխարհային անվտանգության սպառնալիքների մասին իր ելույթում, նախագահի հիմնական ուղերձները կառուցված էին քվանտային տեսության վրա։ Նման միտում նկատվում է նաև նրա այլ ելույթներում:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը քաղաքագիտական բազմաթիվ տեսությունների փոխարեն՝ անընդհատ մաթեմատիկական տեսությանը հղում անելը, բացատրում է քաղաքագիտական գիտելիքների ու փորձի պակասով:
Համապատասխան փորձի բացակայությունը նկատել է նաև Մանվել Սարգսյանը։ Նրա համոզմամբ՝ դիվանագիտական աշխատանքը քաղաքականության համար չստեղծված մարդուն քաղաքական լուրջ խաղացող դարձնել չի կարող։
Մյուս երկու հանգամանքները, որոնք, ըստ Մանվել Սարգսյանի նախագահին խանգարում են ավելի ազդեցիկ լինել երկրի ներսում, երկար տարիներ ՀՀ ներքաղաքական կյանքից հեռու լինելն ու հեղափոխական ալիքից դուրս գտնվելն է։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նկատում է՝ Սահմանադրությունը նրան ներքին կյանքում գործնական քայլեր անելու հնարավորություն չի տալիս, բայց ներդրումներ բերելու նպատակով անցկացվող հանդիպումներով մասնակից է դարձնում նաև ներքին կյանքին։
Զրուցակիցները միակարծիք են, որ անգամ սահմանափակ մասնակցություն ունենալով ներքին ու արտաքին գործընթացներին` Արմեն Սարգսյանին հաջողվել է բարձր վարկանիշ ապահովել հանրության լայն շրջանակներում։
Հրանտ Միքայելյանը, սակայն, նկատում է. «Եթե հասարակության լայն շրջանակներում նրան հաջողվել է բարձր վարկանիշ ապահովել, ապա նեղ քաղաքական ու փորձագիտական շրջանակներում նրա հանդեպ որոշ չափով անվստահություն կա։ Դա պայմանավորված է հիմնականում նրանով, որ մինչև հիմա պարզ չեն նրա դիրքորոշումն ու նպատակները կարևոր հարցերի վերաբերյալ»։
Քաղաքագետի խոսքով՝ նախագահին որոշակի վերապահումներով ընդունելու մյուս պատճառը նրա ընտանեկան բիզնեսներն են, որոնք ինքնըստինքյան կախվածություն են ենթադրում արտաքին աշխարհից։
Ամփոփեց Լիլիթ Պողոսյանը
Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 23/03/2019