Իրավունք

Լրագրողի դերը տվյալառատ դարաշրջանում

Լրագրությունը, ինչպես նաև թարգմանությունը, հաշվապահությունը և ևս երեք տասնյակ մասնագիտություններ, թվային դարաշրջանում հայտնվել են ռիսկային գոտում, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ դրանք հնացող մասնագիտություններ են դառնում:

Հիմնական պատճառն այն է, որ տվյալ մասնագետների գործառույթները կարող են իրականացնել ծրագրային համակարգերը, այլ կերպ ասած` ռոբոտները:

Առաջին մասնագիտությամբ կիբերնետիկ լինելով` լիովին համամիտ եմ այս պնդման հետ: Սակայն հիմնական մասնագիտությամբ լինելով լրագրող` ինձ իրավունք եմ վերապահում չհավատալ դրան` փորձելով գործնականում ապացուցել հակառակը` առաջ քաշելով կիբերնետիկական հաշվարկներ:

Մոտ տասը տարի առաջ լրագրողական համայնքներում բուռն կերպով քննարկվում էր թերթերի մոտալուտ վախճանը: Մտահոգությունները չափազանց մեծ էին, ինչ-որ տեղ` իրատեսական և ամենակարևորը` հիմնավոր: Հատկապես համացանցի և սոցիալական ցանցերի` «Օդնոկլասնիկի» և «Ֆեյսբուքի» աշխուժացման ֆոնին, թերթերն իրենց փոքր տպաքանակով և անհրապույր տեսքով իսկապես անցած փուլ էին թվում:

Պակաս մտահոգ չէին նաև հեռուստատեսության աշխատակիցները: Նժարի մի կողմում ավանդական լրատվամիջոցներն էին` տեղեկատվական դաշտում հավերժ թվացող մենաշնորհային դիրքով, իսկ մյուս կողմում` երիտասարդ, բայց կարճ ժամանակում հզորացած «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն էր` այն տարիների համար արդեն բազմամիլիոնանոց համայնքով: Վերջինս ամենևին չէր ստեղծվում լրատվամիջոցների հետ մրցակցելու համար, այլ զուտ հաղորդակցվելու նոր հնարավորություն և մշակույթ էր ապահովում:

«Ի սկզբանէ էր Բանն…»

Բայց դե բանը բանից անցավ:

Սոցիալական ցանցերում էջ բացելը դարձավ գայթակղիչ, վարակիչ: Մարդկանց դա դուր եկավ: Նրանք հավանեցին բովանդակություն ստեղծելն ու տարածելը: Էլ ավելի հավանեցին նոր միջավայրում քննարկումների մասնակցելը, խնդիրներ բարձրացնելը, դրանց շուրջ միավորվելն ու լուծումներ որոնելը: Եվ այդ ամենն անելու համար պարտադիր չէր ֆիզիկական տեղաշարժը:

Ինչո՞ւ եմ այս ամենը հիշեցնում: Գուցե այսօր դրանում որևէ արտառոց բան չկա, հատկապես երիտասարդ սերնդի համար: Մինչդեռ ընդամենը տասը տարի առաջ մի երկրում, ուր հեռուստաեթերն իշխանական վերնախավի վերահսկողության տակ էր, և մատուցվում էին միմիայն իշխանահաճո լուրեր, իսկ տպագիր մամուլը շարունակում էր խիստ քաղաքականացված գործունեությունը, այսպիսի այլընտրանքը դարձավ օազիս` անապատի կենտրոնում: Եվ այս նոր մեդիամիջավայրն իր հետ ստեղծեց նոր մրցակից մամուլի համար` պասիվ լսարանը դարձավ ակտիվ մեդիասպառող: Յուրաքանչյուր օգտատեր ուներ տեղեկությունը հաղորդելու նույն, որոշ դեպքերում անգամ շատ ավելի լայն հնարավորություններ, ինչ ցանկացած տեղական լրատվամիջոց: Այսինքն, լրագրության տեսանկյունից` մարդիկ սկսեցին զբաղվել նույն գործառույթներով, ինչ լրագրողները, բայց մի մեծ տարբերությամբ: Մարդիկ դա անում էին հաճույքի համար և ԱՆՎՃԱՐ:

Լուրերի հոսքերի գեներացմանը նաև միացան ռոբոտները, ինչն էլ հնարավորություն տվեց ավտոմատացնել և արագացնել նախկինում ստեղծագործական համարվող այս աշխատանքը: Օրինակ` «Բլումբերգն» իր լրատվական բաժնի աշխատակիցների մի մասին փոխարինել է արհեստական բանականությամբ ծրագրային համակարգով, որը տնտեսական թեմաներին առնչվող նորությունները գրում է շատ ավելի արագ և հետաքրքիր, քան մարդ-լրագրողը: Գուցե ևս մեկ կամ երկու տասնամյակ, և արհեստական բանականությունը կարողանա լուծել լրատվամիջոցներին վերաբերող խնդիրների մեծ մասը:

Բա էլ ինչի՞ է պետք լրատվամիջոցն ու լրագրողը:

Հենց այստեղ էլ պետք է վստահ ասել, որ լրագրությունն այսօր, քան երբևէ, ամենապահանջված մասնագիտություններից մեկն է: Եվ պահանջված է նախ և առաջ իր հիմնական գործառույթն իրականացնելու համար, այն է` հասարակությանը մատուցել հավաստի և փաստերի վրա հիմնված տեղեկություն:

Տարբերությունն այն է, որ այսօր լրագրողների առջև բացվել է անծայրածիր հնարավորություն` աշխատելու բաց տվյալների հետ, տվյալներ, որ կարիք ունեն ուսումնասիրության, դուրս բերման, տեսակավորման, մշակման, համադրման, վերլուծության և կրկին հանրայնացման: Այո, սա նույնպես կարող է անել արհեստական բանականությունը, բայց քանի դեռ այն զարգացման փուլում է, դրանով ազատ զբաղվելու հնարավորություն ունի մարդ-լրագրողը: Այսօր տվյալների վերլուծության ժամանակաշրջան է, որտեղ իր ուրույն տեղը պետք է զբաղեցնի տվյալների լրագրությունը: Այս մեգատեղեկատվական հոսքերի դարաշրջանում լրագրողներն օդ ու ջրի պես անհրաժեշտ են հասարակությանը, որպեսզի հանքափորների պես դրանց միջից դուրս բերեն օգտակար նյութերը, մշակեն և փոխանցեն լսարանին:

Համացանցում գեներացվող ամենօրյա տվյալների ծավալը պատկերացնելու համար նշեմ «Գուգլ» որոնողական համակարգի օրինակը, որը մեկ օրվա ընթացքում մշակում է ավելի շատ տվյալ, քան պարունակում է ողջ համաշխարհային գրականությունը, որ ստեղծվել է նախքան համացանցի ի հայտ գալը: Անհավանական է թվում, բայց փաստ է նաև այն, որ համաշխարհային տվյալների 90 տոկոսն ստեղծվել է ընդամենը վերջին երկու տարիների ընթացքում: Տվյալների մուտքագրումը համացանց ոչ մի վայրկյան կանգ չի առնում: Հենց այս տողերը գրելու ընթացքում համաշխարհային սարդոստայնում բացվեց ևս 1000 կայք: Այսպիսով, կայքերի ընդհանուր թիվը դարձավ 1 մլրդ 958 հազար:

Ինչ վերաբերում է օգտատերերի քանակին, ապա նախորդ տարվա տվյալների համաձայն՝ աշխարհում համացանցից օգտվողների թիվը հատել է 4 մլրդ 200 մլն մարդու շեմը, ինչը աշխարհի բնակչության 55%-ն է: Հայաստանի օրինակին վերադառնալով, նշեմ, որ լրագրողներն այս ողջ գործընթացի լիարժեք մասն են կազմում, ուստի պետք է ճիշտ գնահատեն զարգացումները` համարելով դրանք նոր հնարավորություններ մասնագիտական գործունեության շրջանակներում ակտիվորեն դրսևորվելու համար: Ամեն օր Հայաստանի պետական և հասարակական տասնյակ կայքերում ավելանում են ուշադրության արժանի զանազան նոր տվյալներ, հաշվետվություններ, զեկույցներ, վիճակագրական աղյուսակներ, հրամաններ, որոշումներ և այլ տիպի փաստաթղթեր` մեծացնելով առցանց պահոցներն ու շտեմարանները:

Տվյալների լրագրությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է զարգացնել փորձարարի հմտություններ և անդադար փորձարկումներ անելով` բացահայտել խնդիրներն ու դրանք հասարակությանը մատուցել: Այսօր համացանցում առկա են բոլոր պայմաններն այս նպատակին հետամուտ լինելու համար: Տվյալների բազաներից բացի կան նաև բազմաթիվ առցանց գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս մշակված տվյալների հիման վրա պատրաստել մուլտիմեդիա պատմություններ, ինֆոգրաֆիկաներ և վիզուալ նյութեր:

Տվյալների լրագրությունը նոր որակներ է պահանջում լրագրողներից` վերլուծական միտք, մաթեմատիկական հմտություններ և լավ երևակայություն` տվյալները պատկերավոր և դյուրըմբռնելի մատուցելու համար: Տվյալների հետ համբերատար աշխատանքը հնարավորություն կտա դուրս բերել հանրությանը հետաքրքրող նոր տեղեկություններ, բացահայտել նոր խնդիրներ և նպաստել կառավարող մարմինների անարդյունավետ աշխատանքների կանխմանը` այսպիսով լրագրությունը բարձրացնելով նոր մակարդակի:

Հեղինակ՝  Սուրեն Դեհերյան, Ամփոփ Մեդիայի գլխավոր խմբագիր 

Նյութն առաջին անգամ հրապարակվել է  Theanalyticon.com կայքում: 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 07/03/2019