Իրավունք

Կրոնական կազմը Հայաստանում

Իսկ դուք հետևո՞րդ եք

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Հայաստանում կրոնական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով: 2015թ. փոփոխված ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածով սահմանվում է, որ

Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Կրոնական կազմակերպությունները իրավահավասար են և անջատ են պետությունից:

Միեւնույն ժամանակ Սահմանադրության 18-րդ հոդվածով.

«ՀՀ-ը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Ըստ 2011թ. Հայաստանում անցկացված մարդահամարի, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է Հայաստանի բնակչության 92.7%-ը:

Հայ առաքելական եկեղեցու հետևորդների թվում կան ոչ միայն հայեր, այլև Հայաստանում բնակվող հիմնական ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ եզդիներ, ռուսներ, ասորիներ, ուկրաինացիներ, հույներ և այլն:

Հայաստանում գրանցված այլ կրոնի, կրոնական ուղղության կամ եկեղեցու հետեւորդների թիվը, ի տարբերություն Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների թվի, անհամեմատ քիչ է: Համաձայն վիճակագրության, Հայ առաքելական եկեղեցուց զատ, այլ ավելի քան 15 տարբեր կրոնի, կրոնական ուղղության կամ եկեղեցու հետեւորդների թիվը կազմում է Հայաստանի բնակչության ընդամենը 3.3%-ը: Որևէ կրոնական ուղղության չի հետևում 1.1%-ը: Բնակչության մնացած 2.9%-ի կրոնական պատկանելության մասին տեղեկություն չի նշվում:

Ի հավելումն

Հայաստանում կան կրոններ և կրոնական ուղղություններ, որոնք դավանում են միայն կոնկրետ ազգերի ներկայացուցիչներ: Օրինակ՝ շար-ֆադինական կամ շարֆադին կրոնը դավանում են եզդիներն ու քրդերը, իսկ մոլոկան կրոնական ուղղության հետևորդները ռուսներն ու ուկրաինացիներն են:

Հայաստանում բնակվում է 812 մուսուլման, 773 բողոքական: Ամենաքիչ հետևորդներ ունեցող կրոնական ուղղությունը մորմոնիզմն է` 241 մարդ:

Իսկ Հուդայական, Հարե Կրիշնա և Տրանսցենդենտալ մեդիտացիա կրոնական ուղղությունների հետևորդները միասին ընդամենը 361 հոգի են (միավորումը պայմանավորված է հետևորդների փոքրաթիվ քանակով):

Կրոնական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է հիմնականում երկու օրենքով՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» և «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքներով:

Փորձագետի կարծիք



Ամփոփեց Հովհաննես Բասենցյանը

Մենթոր՝ Աստղիկ Գևորգյան

Սույն նյութը պատրաստվել է «Տվյալների լրագրության հմտություններ» խորագրով սեմինար-դասընթացի շրջանակներում, որը կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (FES) հետ համագործակցությամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 26/12/2017