Մեր մասին Էթիկա
Քաղաքական

ՏԻՄ-ի լիազորություններն ու նախընտրական խոստումները․ ինչ կարող է անել համայնքը

Անվճար մանկապարտեզներ, ճանապարհաշինություն, գազաֆիկացում, նոր աշխատատեղեր և նույնիսկ երկաթուղու գործարկում․ հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում տարբեր մասշտաբի խոստումներ ու զարգացման նպատակներ կան։ Սակայն դրանց իրականացումը ոչ միշտ է միայն ընտրվող համայնքային իշխանության որոշելիքը։

«Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում հասանելի՝ 9 քաղաքական ուժերի 26 նախընտրական ծրագրերը և դրանցում ներկայացված մի շարք խոստումներ համադրել ՏԻՄ-ին օրենքով վերապահված լիազորությունների հետ։

Այս նյութում պարզում ենք՝ նախընտրական ծրագրերում ներկայացված խոստումներից որոնք են ՏԻՄ-ի անմիջական լիազորությունների շրջանակում, որոնք կարող են իրականացվել միայն պետության, ծառայություն մատուցող ընկերությունների կամ մասնավոր ներդրողների մասնակցությամբ, և որոնք են պարզապես ակնկալվող արդյունքներ, որոնց իրականացումն անմիջականորեն կախված չէ ընտրվող համայնքային իշխանությունից։

Ուսումնասիրված 26 ծրագրերից 17-ը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությանն են, ուստի ընտրված օրինակների մեծ մասը նույնպես այդ կուսակցության ծրագրերից է։ Օրինակներն ընտրվել են ըստ խոստումների բնույթի և դրանց իրականացման համար անհրաժեշտ լիազորությունների, ոչ թե քաղաքական ուժերին գնահատելու կամ վարկանիշավորելու նպատակով։

Քվեն նախ ձևավորում է ավագանի

Հոկտեմբերի 25-ին ընտրություններ անցկացնող 21 համայնքներից 19-ում ընտրությունները համամասնական են։ Այդ համայնքներում ընտրողը քվեարկում է ոչ թե անմիջապես համայնքի ղեկավարի, այլ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին՝ ձևավորելով ավագանին։ Ֆիոլետովոյում և Շամիրամում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։

ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածի համաձայն՝ համամասնական ընտրակարգով ընտրություններում, եթե քաղաքական ուժն ստանում է ավագանու տեղերի 50%-ից ավելին, նրա ցուցակի առաջին համարն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար։ Հակառակ դեպքում ղեկավարին ընտրում է նորընտիր ավագանին։

Այսինքն՝ ընտրողն իր քվեով ձևավորում է տեղական իշխանություն, որի լիազորություններն ու պատասխանատվության սահմանները նախապես որոշված են օրենքով։ Նախընտրական ծրագրում որևէ աշխատանքի կամ արդյունքի ընդգրկումը չի երաշխավորում, որ ապագա համայնքապետը կարող է այն միայնակ որոշել կամ իրականացնել։

Համայնքային մանկապարտեզները կարելի է անվճար դարձնել, եթե բյուջեն թույլ է տալիս

ՔՊ-ի Վարդենիսի ծրագրում նշվում է՝ «Համայնքում գործող մանկապարտեզները կդառնան անվճար»։

Սա այն խոստումներից է, որի իրականացումն անմիջականորեն առնչվում է ՏԻՄ-ի լիազորություններին։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածը նախադպրոցական կրթության կազմակերպումը սահմանում է որպես համայնքի պարտադիր խնդիր, իսկ 46-րդ հոդվածով համայնքի ղեկավարը կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության մանկապարտեզների գործունեությունը։

Բացի այդ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 13-րդ հոդվածով տեղական վճարների դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ։ Նույն օրենքի 16-րդ հոդվածը նախատեսում է նաև տեղական վճարների արտոնություններ, այդ թվում՝ զրոյական դրույքաչափի կիրառում կամ վճարումից ազատում։

Հետևաբար համայնքային մանկապարտեզները ծնողների համար անվճար դարձնելը տեղական իշխանության որոշելիքն է, սակայն դրա համար անհրաժեշտ են ավագանու համապատասխան որոշում և ֆինանսական միջոցներ՝ ծառայության ծախսերը հոգալու համար։

Միաժամանակ կարևոր է պարզել, թե Վարդենիսի ծրագրում «համայնքում գործող մանկապարտեզներ» ձևակերպումը վերաբերում է միայն համայնքային ենթակայության հաստատությունների՞ն, թե՞ նաև մասնավոր մանկապարտեզներին։ Վերջինների դեպքում համայնքը չի կարող նույն որոշումը միակողմանի տարածել նաև դրանց վրա։

Ճանապարհներ և ոռոգման ցանցեր․ նախ պետք է պարզել՝ ում են դրանք պատկանում

ՔՊ-ի Արթիկի ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել մոտ 40 կմ ճանապարհ և ևս 60 կմ-ը տուֆով սալապատել։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածով համայնքի ղեկավարը կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների պահպանումն ու շահագործումը։ Սակայն այդ դրույթն ինքնին չի պատասխանում, թե ծրագրում նշված ճանապարհների ասֆալտապատման կամ սալապատման աշխատանքներն ինչ իրավական և ֆինանսական մեխանիզմով պետք է իրականացվեն։

Արթիկի ծրագրում նշված չէ նաև այդ ճանապարհների ենթակայությունը։ Եթե դրանք համայնքային են, ՏԻՄ-ը կարող է նախաձեռնել համապատասխան աշխատանքներ իր իրավասությունների շրջանակում։ Իսկ եթե պետական նշանակության ճանապարհներ են, ապա անհրաժեշտ է նաև իրավասու պետական մարմինների մասնակցությունը։

Նման հարց է առաջանում Ախուրյանի ՔՊ ծրագրում, որով նախատեսվում է կառուցել կամ հիմնանորոգել ավելի քան 30 կմ ոռոգման ցանց։
Այստեղ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածն ավելի հստակ է՝

համայնքի ղեկավարը կազմակերպում է համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման ցանցերի շահագործումը, շինարարությունն ու վերանորոգումը։

Հետևաբար, եթե նախատեսված ցանցերը համայնքային սեփականություն են, աշխատանքների իրականացումը տեղական իշխանության անմիջական գործիքակազմում է։ Եթե ոչ, անհրաժեշտ է նաև դրանց սեփականատիրոջ կամ պատասխանատու այլ կառույցի մասնակցությունը։

Երկու դեպքում էլ ծրագրերում նշված կիլոմետրերը բավարար չեն գնահատելու, թե աշխատանքների որ մասն է համայնքն իրավասու իրականացնել ինքնուրույն։

Երբեմն խոստման իրականացումը կախված է մի կարևոր հանգամանքից, որը ծրագրում նշված չէ՝ ում է պատկանում տվյալ ենթակառուցվածքը։

Իսկ գազը համայնքապետարանը միայնակ չի կարող հասցնել

Ախուրյանի ՔՊ ծրագրով նախատեսվում է մինչև 2030 թվականը բնական գազ հասցնել համայնքի բոլոր բնակավայրեր։ Սակայն, ի տարբերություն նույն ծրագրում ներառված ոռոգման ցանցերի, գազաբաշխման ցանցերի ընդլայնումն այլ իրավական կարգավորում ունի։

«Էներգետիկայի մասին» օրենքի 38-րդ հոդվածի համաձայն՝ որոշակի տարածքում սպառողներին բնական գազ բաշխելու բացառիկ իրավունքը պատկանում է համապատասխան լիցենզիա ունեցող անձին։ Նույն հոդվածով լիցենզավորված բաշխողին է վերապահվում նաև բաշխման ցանց կառուցելու, վերակառուցելու կամ ընդլայնելու իրավունքը։

Համայնքը կարող է նախաձեռնել քննարկումներ, համագործակցել գազաբաշխող ընկերության և պետական մարմինների հետ, աջակցել իր իրավասության ներքո գտնվող հողային ու քաղաքաշինական հարցերի լուծմանը։ Հնարավոր է նաև քննարկել համատեղ ֆինանսավորման տարբերակներ, սակայն դրանք պահանջում են առանձին պայմանավորվածություններ և իրավական հիմքեր։

Այլ կերպ ասած՝ համայնքային իշխանությունը կարող է կարևոր դեր ունենալ գործընթացը նախաձեռնելու և առաջ մղելու հարցում, բայց միայն համայնքապետի որոշմամբ որևէ բնակավայրում գազամատակարարում չի կարող իրականացվել։

Ախուրյանի ծրագրում նպատակն ու վերջնաժամկետը հստակ են, սակայն ներկայացված ձևակերպումից պարզ չէ, թե մինչև 2030 թվականը գազաֆիկացումն ապահովելու համար կոնկրետ ինչ գործողություններ է պարտավորվում ձեռնարկել ընտրվող համայնքային իշխանությունը։

Գազաֆիկացման նպատակ կա նաև Գավառի «Հայկական քվե» կուսակցության ծրագրում։ Նախատեսվում է Լճափի, Կարմիրգյուղի, Գանձակի և Ծաղկաշենի չսպասարկվող հատվածներում գնահատել և, ըստ անհրաժեշտության, ընդլայնել գազամատակարարումը՝ մինչև մոտ 10 կմ նոր գազատարի կառուցմամբ։ Ծրագրում 2027–2031 թվականների համար նշված է 900 մլն դրամ նախնական ֆինանսական սահմանաչափ։

Սակայն այստեղ քաղաքական ուժը հստակեցնում է, որ շինարարության ծավալը կախված է փաստացի միացումների պահանջարկից և գազաբաշխման օպերատորի հաստատած տեխնիկական լուծումից։ Ծրագիրը նաև նախատեսում է, որ եթե տեխնիկական նախահաշիվը գերազանցի նշված սահմանաչափը, աշխատանքների ծավալը պետք է կրճատվի կամ լրացուցիչ ֆինանսավորումը հաստատվի մինչև գնումների իրականացումը։

Այսպիսով՝ երկու քաղաքական ուժերի ծրագրերում էլ գազաֆիկացումը զարգացման նպատակ է, սակայն Գավառի ծրագրում ավելի մանրամասն են ներկայացված դրա իրականացման պայմանները, ֆինանսական սահմանափակումներն ու այլ դերակատարներից կախվածությունը։

Միաժամանակ Ախուրյանի նույն ՔՊ ծրագրում ներառված ոռոգման և գազաֆիկացման խոստումները պահանջում են տարբեր որոշումներ և տարբեր դերակատարների մասնակցություն։

Ոռոգման ցանցերի դեպքում համայնքը կարող է ունենալ անմիջական լիազորություն, եթե դրանք համայնքային սեփականություն են, մինչդեռ գազաբաշխման ցանցի ընդլայնումը չի կարող իրականացվել առանց լիցենզավորված բաշխողի մասնակցության։

Աշխատատեղերը համայնքապետի որոշմամբ չեն ստեղծվում

Գավառի «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ծրագրում այս սահմանը ձևակերպված է բավական հստակ․ համայնքը չի կարող վարչական որոշմամբ մասնավոր հատվածում աշխատատեղեր ստեղծել, բայց կարող է բարելավել գործարար միջավայրը և նպաստավոր պայմաններ ապահովել ներդրումների համար։

Այս մոտեցումը համապատասխանում է նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածին, որով գործարար միջավայրի բարելավումն ու ձեռնարկատիրության խթանումը սահմանված են որպես համայնքի պարտադիր խնդիրներ։

Գավառի «Հայկական քվե» կուսակցության ծրագրում էլ ներկայացված է աշխատատեղերի ստեղծման թվային թիրախ․ «Մինչև 1 200 նոր կայուն աշխատատեղի ընդլայնված սցենար՝ գործատուների նախագծերի հաստատման պայմանով»։

Այս դեպքում քաղաքական ուժն ինքն է հստակեցնում, որ նախատեսված արդյունքը կախված է նաև մասնավոր հատվածից։

ՏԻՄ-ը կարող է զարգացնել ենթակառուցվածքները, պարզեցնել իր իրավասությանը վերաբերող ընթացակարգերը, աջակցել ձեռնարկատիրությանը և ներդրումների համար պայմաններ ստեղծել։ Սակայն, թե այդ միջոցառումների արդյունքում քանի աշխատատեղ կբացվի, կախված է նաև գործատուների որոշումներից և տնտեսական միջավայրից։

Այսինքն, քաղաքական ուժի կողմից աշխատատեղերի կոնկրետ թիվ նշելը չի նշանակում, որ ընտրված ավագանին կարող է երաշխավորել դրանց ստեղծումը։

Երբ ծրագրում ներկայացվածը ոչ թե ՏԻՄ-ի անելիքն է, այլ ակնկալվող արդյունք

ՔՊ-ի Մեղրիի ծրագրում առանձին ներկայացված են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ ԹՐԻՓՓ նախագծի ակնկալվող ազդեցությունները։

ԹՐԻՓՓ-ը Հայաստան–ԱՄՆ համագործակցության շրջանակում նախատեսվող բազմամոդալ տարանցիկ կապուղու նախագիծ է, որի իրականացման շրջանակները ներկայացված են նաև Հայաստան–ԱՄՆ շրջանակային համաձայնագրում։

Մեղրիի ՔՊ ծրագրում ԹՐԻՓՓ-ի իրագործումը ներկայացվում է որպես համայնքի զարգացման վրա էական ազդեցություն ունեցող նախագիծ։ Դրանից ակնկալվող հետևանքների թվում նշվում են Մեղրին Երևանին կապող երկաթուղու գործարկումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, շինարարության ու զբոսաշրջության աճը և համայնքի բյուջետային մուտքերի ավելացումը, ինչպես նաև ծառայությունների ու բնակչության կենսամակարդակի բարելավման ակնկալիքներ։

Ծրագրում նաև կանխատեսվում է, որ «Մեղրի համայնքում շեշտակի կբարձրանան անշարժ գույքի գները»։

Սակայն դրանք տարբեր բնույթի գործընթացներ ու ակնկալվող արդյունքներ են, որոնց իրականացումը տարբեր չափով է կախված համայնքային իշխանությունից։

Օրինակ՝ երկաթուղու վերաբերյալ ծրագրում նշվում է՝ «կգործարկվի Մեղրին Երևանին կապող երկաթուղին»։

Բայց երկաթուղու գործարկումը համայնքի ղեկավարի անմիջական իրավասությունը չէ։

«Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով ոլորտի պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը վերապահված են կառավարությանը և նրա լիազորած պետական մարմնին։ Ենթակառուցվածքների անմիջական կառավարման և փոխադրումների կազմակերպման համար օրենքով նախատեսված են նաև այլ դերակատարների գործառույթներ։

Աշխատատեղերի ստեղծումը, շինարարության ու զբոսաշրջության զարգացումը և անշարժ գույքի գների փոփոխությունը կախված են ներդրումներից, մասնավոր հատվածի որոշումներից ու շուկայական պայմաններից։ ՏԻՄ-ը կարող է իր լիազորությունների շրջանակում նպաստել այս գործընթացներին, սակայն դրանց արդյունքը միայն իր որոշումներով չի ապահովվում։

Բյուջետային մուտքերի դեպքում ՏԻՄ-ի դերն այլ է․ դրանք կարող են աճել տնտեսական ակտիվության հետևանքով, բայց տեղական տուրքերի և վճարների մասով որոշակի լիազորություններ ունի նաև ավագանին։ Մասնավորապես, ինչպես նշվեց մանկապարտեզների դեպքում, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով ավագանին սահմանում է տեղական վճարների դրույքաչափերը։

Սակայն այդ լիազորությունը չի նշանակում, որ ավագանին կարող է ինքնուրույն ապահովել ծրագրում ակնկալվող բյուջետային մուտքերի աճը։

ՔՊ-ի Ազգային ժողովի ընտրական ծրագրում ԹՐԻՓՓ-ի իրագործումը ներկայացված է որպես խորհրդարանական մեծամասնություն և կառավարություն ձևավորելուց հետո իրականացվելիք միջոցառում։ Իսկ Մեղրիի ՏԻՄ ծրագրի՝ ԹՐԻՓՓ-ին նվիրված բաժնում ներկայացված են նախագծից համայնքի համար ակնկալվող հետևանքները՝ առանց դրանց հասնելու համար ՏԻՄ-ի կոնկրետ գործողություններ սահմանելու։

Հետևաբար պետական նախագծի իրականացումը, համայնքի զարգացման հնարավորությունները և դրանցից ակնկալվող տնտեսական արդյունքները պետք է տարբերել ընտրվող ՏԻՄ-ի անմիջական պարտավորություններից։

Նույն լիազորությունները՝ անկախ քաղաքական պատկանելությունից

Այն հանգամանքը, որ համայնքը ղեկավարող քաղաքական ուժը ներկայացված է նաև կենտրոնական իշխանությունում, կարող է գործնական նշանակություն ունենալ պետություն–համայնք համագործակցության, ծրագրերի համակարգման կամ ֆինանսավորման շուրջ բանակցությունների համար։ Սակայն միայն կուսակցական պատկանելությունից չի հետևում, որ որևէ համայնք ավելի հեշտ կամ ավելի մեծ պետական աջակցություն կստանա։

Առավել ևս՝ դրանից համայնքի ղեկավարի իրավական լիազորությունները չեն ընդլայնվում։

Գազաբաշխման ցանցի ընդլայնումը չի դառնում համայնքապետարանի ինքնուրույն իրավասությունը, իսկ Մեղրի–Երևան երկաթուղու գործարկումը՝ Մեղրիի համայնքի ղեկավարի որոշելիքը։

Օրենքով ՏԻՄ-ի համար նույն լիազորություններն են սահմանված՝ անկախ նրանից՝ համայնքն իր քվեն իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր քաղաքական ուժի կտա։

Ինչ հարցեր արժե տալ ընտրական ծրագրերը կարդալիս

Նախընտրական ծրագրում նշված նպատակը կարող է լինել կարևոր և համայնքի համար անհրաժեշտ, նույնիսկ եթե դրա իրականացումը լիովին կախված չէ ընտրվող տեղական իշխանությունից։

Հետևաբար հարցը միայն այն չէ, թե քաղաքական ուժն ինչ է խոստանում, այլ նաև այն, թե տվյալ ուժն ինչպես է պատրաստվում հասնել այդ արդյունքին։
Ընտրողը կարող է թեկնածուներին կամ քաղաքական ուժերին ուղղել չորս հիմնական հարց։

  1. Ո՞վ է որոշում։ Նախատեսված աշխատանքը համայնքի ավագանո՞ւ, համայնքի ղեկավարի՞, պետական մարմնի՞, թե՞ մեկ այլ կառույցի իրավասության մեջ է։
  2. Ո՞վ է ֆինանսավորում։ Կա՞ ծախսերի գնահատում, նախատեսվա՞ծ են համայնքային բյուջեի միջոցներ, թե՞ անհրաժեշտ են պետական աջակցություն կամ մասնավոր ներդրումներ։
  3. Ո՞ւմ է պատկանում ենթակառուցվածքը։ Ճանապարհը, ոռոգման ցանցը կամ այլ օբյեկտ համայնքայի՞ն է, պետակա՞ն, թե՞ մասնավոր սեփականություն։
  4. Ի՞նչ է պարտավորվում անել հենց ՏԻՄ-ը։ Ծրագիրը նախատեսո՞ւմ է համայնքի կողմից իրականացվելիք կոնկրետ քայլեր, թե՞ պարզապես նկարագրում է ցանկալի կամ սպասվող արդյունքը։

Ծրագրերը կարդալիս, հետևաբար, պետք չէ պետական կամ մասնավոր ծրագրի իրականացումը և այդ ծրագրից ակնկալվող արդյունքները նույնացնել քաղաքական ուժի սեփական պարտավորությունների հետ։

Ամփոփեց Կարինե Դարբինյանը
Հիմնական պատկերը ստեղծվել է ԱԲ գործիքով
Ձևավորումը` Վան Սիմոնի

#փաստացի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 21/10/2026