Մեր մասին Էթիկա
Քաղաքական

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունները թվերով

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 10 մարզի 21 համայնքում ՏԻՄ ընտրություններ են։ 19 համայնքում դրանք կանցկացվեն համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։ Համայնքներից հինգում ընտրությանը կմասնակցի միայն մեկ քաղաքական ուժ։

Հայաստանում ՏԻՄ հերթական ընտրությունները պարտադիր չէ որ բոլոր համայնքներում միաժամանակ անցկացվեն։ Ընտրական օրենսգրքով՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարվա ընթացքում մինչև չորս անգամ, իսկ քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ԿԸՀ-ի սահմանած օրերից այն օրը, որն ամենամոտն է գործող ավագանու լիազորությունների ավարտին։

ՆԳՆ-ի տվյալներով՝ 2026 թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ, հոկտեմբերի 25-ի ընտրություններում ընդգրկված 21 համայնքում հաշվառված է ընդհանուր 488,334 ընտրող։

Նրանցից 487,330-ը համամասնական ընտրակարգով ընտրությունների գնացող 19 համայնքներից են։ Մեծամասնական ընտրակարգով մասնակցող Ֆիոլետովո և Շամիրամ համայնքներում միասին հաշվառված է 1004 ընտրող։ Ֆիոլետովոյում նրանց թիվը 706 է, Շամիրամում՝ 298։

Սակայն այս թվերը ևս հնարավոր է փոխվեն մինչև քվեարկության օրը, եթե ընտրողն իր անունը չգտնի ընտրացուցակում։ Այդ դեպքում մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 14։00-ը, նա կարող է դիմել վերջնական ցուցակում ընդգրկվելու համար։

Ամենաշատ ընտրողներն Արտաշատում են

Ամենամեծ ընտրազանգվածն ունի Արտաշատը՝ 69,269 ընտրող։ Հաջորդում են Մարտունին՝ 46,362, Գավառը՝ 43,605, Հրազդանը՝ 40,265 և Արմավիրը՝ 37,966 ընտրողով։

Այս հինգ համայնքում միասին հաշվառված է 237,467 ընտրող՝ բոլոր 21 համայնքների ընտրողների գրեթե կեսը՝ շուրջ 48.6%-ը։
Ամենափոքր ընտրազանգվածը Շամիրամում է՝ 298 ընտրող։ Ֆիոլետովոյում հաշվառված է 706, Ծաղկաձորում՝ 4,736, Ջերմուկում՝ 5,301 ընտրող։

Այսինքն՝ նույն օրը մի համայնքում քվեարկելու իրավունք ունի գրեթե 70 հազար մարդ, մյուսում՝ 300-ից էլ քիչ։

46 ընտրական ցուցակ՝ 19 համայնքում

Համամասնական ընտրակարգով ընտրության պատրաստվող 19 համայնքում գրանցված է ավագանու թեկնածուների 46 ցուցակ՝ 13 կուսակցության և 4 դաշինքի անունից։

Այս ընտրություններին քաղաքական առումով ամենաբազմազանը Ստեփանավանն է, որտեղ ավագանու թեկնածուները ներկայացված են հինգ քաղաքական ուժերի ցուցակներով։ Մարտունիում, Արթիկում և Մեղրիում ընտրություններին մասնակցում է չորսական քաղաքական ուժ, իսկ Արտաշատում, Գավառում, Եղեգնաձորում և Դիլիջանում՝ երեքական։

Արաքսում, Ծաղկաձորում, Հրազդանում, Գորիսում, Ջերմուկում և Իջևանում գրանցված է երկուական ցուցակ։

Իսկ հինգ համայնքներում ընտրությանը մասնակցում է միայն մեկ քաղաքական ուժ։ Դրանք են Արմավիրը, Վարդենիսը, Գառնին, Ախուրյանը և Վայքը։ Բոլոր հինգ համայնքում ընտրությանը մասնակցող միակ քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։

46 ընտրական ցուցակներում ընդգրկված է ընդհանուր 1637 թեկնածու։ Հոկտեմբերի 6-ի դրությամբ նրանցից յոթը ինքնաբացարկ է ներկայացրել։

Ինչպե՞ս ընտրել, եթե միայն մեկ քաղաքական ուժ է մասնակցում

Մեկ քաղաքական ուժի մասնակցության դեպքում պարտադիր չէ, որ տվյալ քաղաքական ուժն ինքնաբերաբար ստանա ավագանու մանդատները։
Ընտրական օրենսգրքով՝ եթե համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությանը մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ դաշինք, կիրառվում է նաև առանձին «դեմ» քվեաթերթիկ։

Ավագանին ընտրված է համարվում միայն այն դեպքում, երբ միակ քաղաքական ուժին կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։ Այդ դեպքում բոլոր մանդատները տրվում են տվյալ քաղաքական ուժին։ Եթե անհրաժեշտ թվով ընտրող չի քվեարկում նրա օգտին, ընտրությունը ճանաչվում է չկայացած և նշանակվում է նոր ընտրություն։

Հոկտեմբերի 25-ին այս կարգավորումը կվերաբերի Արմավիր, Վարդենիս, Գառնի, Ախուրյան և Վայք համայնքներին։

Ֆիոլետովոյում և Շամիրամում մեծամասնական ընտրություններ են

Ֆիոլետովոյում համայնքի ղեկավարի ընտրությանը գրանցված է երկու, Շամիրամում՝ մեկ թեկնածու։

Այսպիսով՝ երկու մեծամասնական համայնքներում միասին ընտրությանը մասնակցում է երեք թեկնածու։

Ինչպես մեկ ուժի, այնպես էլ մեկ թեկնածուի մասնակցության պարագայում տվյալ թեկնածուն չի կարող ինքնաբերաբար ընտրվել։ Մեծամասնական ընտրակարգի դեպքում, երբ քվեարկվության է դրվում համայնքի ղեկավարի ընտրության հարցը, ընտրողը քվեաթերթիկում ընտրում է «կողմ եմ» կամ «դեմ եմ», և թեկնածուն ընտրվում է միայն այն դեպքում, եթե նրա օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին։

Ո՞վքեր են հետևելու ընտրություններին

Հոկտեմբերի 25-ի ընտրություններին հետևելու համար ԿԸՀ ցուցակում ընդգրկված է 6 տեղական դիտորդական առաքելություն՝ ընդհանուր 82 ներկայացուցչով։ Դրանք են՝ «Ականատես»-ը՝ 24, «Բնակավայրերի համաչափ զարգացում» ՀԿ-ն՝ 2, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն՝ 3, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը՝ 44, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն՝ 6 և «Ազատ քվե» դիտորդական առաքելությունը՝ 3 ներկայացուցչով։

Ընտրությունները լուսաբանելու համար ցուցակում ներառված է նաև 12 ԶԼՄ՝ ընդհանուր 61 ներկայացուցչով։ Հոկտեմբերի 6-ի դրությամբ՝ չորս ԶԼՄ-ի դեպքում ներկայացուցիչների թիվը դեռ 0 է։

Ամփոփում

Այսպիսով, հոկտեմբերի 25-ին նույն օրը ընտրություններ կանցկացվեն չափերով և ընտրական կառուցվածքով միմյանցից տարբեր համայնքներ․ մի դեպքում ընտրողը ընտրելու է հինգ քաղաքական ցուցակների միջև, մյուսում՝ մեկ ցուցակին կողմ կամ դեմ, իսկ երկու համայնքներում կոնկրետ անհատների միջև կամ մեկ անհատին կողմ կամ դեմ, քանի որ ընտրությունն անցկացվելու է մեծամասնական ընտրակարգով։

Թեկնածուների կազմին՝ նրանց սեռին, տարիքին, կուսակցական պատկանելությանը և զբաղվածությանը, ինչպես նաև քաղաքական ուժերի մասնակցությանը տարբեր համայնքներում կանդրադառնանք Ampop Media-ի հաջորդ նյութերում:

Ամփոփեց Կարինե Դարբինյանը
Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի
Հիմնական պատկերը ստեղծվել է ԱԲ գործիքով
Ձևավորումը` Վան Սիմոնի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 07/10/2026