Թարմացում՝ 23.10.2026. նյութի ընտրական ցուցակների և թեկնածուների վերաբերյալ տվյալները թարմացվել են ԿԸՀ-ի, իսկ ընտրողների թվաքանակի վերաբերյալ տվյալները՝ ՆԳՆ-ի հոկտեմբերի 21-ի տեղեկությունների հիման վրա։ Ստեփանավանի «Հայրենիք» կուսակցության ցուցակի դուրս գալուց հետո համամասնական ընտրական ցուցակների թիվը 46-ից դարձել է 45, իսկ դրանցում ընդգրկված թեկնածուների թիվը՝ 1 630-ից՝ 1 622։ Համապատասխանաբար ճշգրտվել են նաև քաղաքական ուժերի մրցակցության վերաբերյալ տվյալներն ու ինֆոգրաֆիկները։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 10 մարզի 21 համայնքում ՏԻՄ ընտրություններ են։ 19 համայնքում դրանք կանցկացվեն համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։ Համայնքներից հինգում ընտրությանը կմասնակցի միայն մեկ քաղաքական ուժ։
Հայաստանում ՏԻՄ հերթական ընտրությունները պարտադիր չէ որ բոլոր համայնքներում անցկացվեն միաժամանակ։ Ընտրական օրենսգրքով՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարվա ընթացքում մինչև չորս անգամ, իսկ քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ԿԸՀ-ի սահմանած օրերից այն օրը, որն ամենամոտն է գործող ավագանու լիազորությունների ավարտին։
ՆԳՆ-ն հոկտեմբերի 17-ին հրապարակել է ընտրողների վերջնական ցուցակները։ Ընտրողներն իրենց տվյալները կարող են ստուգել ՆԳՆ ընտրողների որոնման հարթակում։ Օրենքով նախատեսված որոշ դեպքերում ցուցակից դուրս մնացած քաղաքացիները կարող են մինչև հոկտեմբերի 25-ը՝ ժամը 20։00-ն, դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ տեղեկանք ստանալու նպատակով։
Ամենաշատ ընտրողներն Արտաշատում են
ՆԳՆ-ի՝ հոկտեմբերի 21-ի տվյալներով՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցող 21 համայնքում հաշվառված է ընդհանուր 477,721 ընտրող։ Նրանցից 476,713-ը համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող 19 համայնքներից են, իսկ 1 008-ը՝ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների մասնակցող Ֆիոլետովոյից և Շամիրամից։
Ամենամեծ ընտրազանգվածն ունի Արտաշատը՝ 69 175 ընտրող։ Հաջորդում են Մարտունին՝ 46 437, Հրազդանը՝ 40 242, Արմավիրը՝ 37 961, և Գավառը՝ 32 701 ընտրողով։
Այս հինգ համայնքում միասին հաշվառված է 226 516 ընտրող՝ բոլոր 21 համայնքների ընտրողների 47.4%-ը։
Ամենափոքր ընտրազանգվածը Շամիրամում է՝ 303 ընտրող։ Ֆիոլետովոյում հաշվառված է 705, Ծաղկաձորում՝ 4 731, իսկ Ջերմուկում՝ 5 302 ընտրող։
Այսպիսով՝ նույն օրը մի համայնքում քվեարկելու իրավունք ունի շուրջ 69 հազար մարդ, մյուսում՝ ընդամենը 303-ը։
45 ընտրական ցուցակ՝ 19 համայնքում
Հոկտեմբերի 22-ի դրությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող 19 համայնքում գրանցված է ավագանու թեկնածուների 45 ընտրական ցուցակ՝ 13 կուսակցության և 4 դաշինքի անունից։ Դրանցում ընդգրկված է 1 622 թեկնածու։
Սկզբում ընտրապայքարին մասնակցում էր 46 ընտրական ցուցակ, սակայն Ստեփանավանի «Հայրենիք» կուսակցության ցուցակը դուրս է եկել ընտրապայքարից։ Դրա հետևանքով Ստեփանավանում մասնակցող քաղաքական ուժերի թիվը հինգից նվազել է չորսի։
Այժմ Ստեփանավանում, Մարտունիում, Արթիկում և Մեղրիում ընտրություններին մասնակցում են չորսական քաղաքական ուժեր։ Արտաշատում, Գավառում, Եղեգնաձորում և Դիլիջանում ներկայացված են երեքական, իսկ Արաքսում, Ծաղկաձորում, Հրազդանում, Գորիսում, Ջերմուկում և Իջևանում՝ երկուական ընտրական ցուցակներ։
Հինգ համայնքներում՝ Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում, Ախուրյանում և Վայքում, ընտրություններին մասնակցում է միայն մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Ինչպե՞ս ընտրել, եթե միայն մեկ քաղաքական ուժ է մասնակցում
Մեկ քաղաքական ուժի մասնակցության դեպքում պարտադիր չէ, որ տվյալ քաղաքական ուժն ինքնաբերաբար ստանա ավագանու մանդատները։
Ընտրական օրենսգրքով՝ եթե համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությանը մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ դաշինք, կիրառվում է նաև առանձին «դեմ» քվեաթերթիկ։
Ավագանին ընտրված է համարվում միայն այն դեպքում, երբ միակ քաղաքական ուժի օգտին քվեարկում է քվեարկության մասնակիցների կեսից ավելին։ Այդ դեպքում ավագանու բոլոր մանդատները տրվում են տվյալ քաղաքական ուժին։ Հակառակ դեպքում ընտրությունը ճանաչվում է չկայացած։
Հոկտեմբերի 25-ին այս կարգավորումը կվերաբերի Արմավիր, Վարդենիս, Գառնի, Ախուրյան և Վայք համայնքներին։
Ֆիոլետովոյում և Շամիրամում մեծամասնական ընտրություններ են
Ֆիոլետովոյում համայնքի ղեկավարի ընտրությանը գրանցված է երկու, իսկ Շամիրամում՝ մեկ թեկնածու։ Այսպիսով՝ երկու համայնքներում միասին ընտրապայքարին մասնակցում է երեք թեկնածու։
Ընտրության կարգը, սակայն, տարբերվում է՝ կախված թեկնածուների թվից։
Ֆիոլետովոյում, որտեղ առաջադրված է երկու թեկնածու, համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն։
Շամիրամում, որտեղ քվեարկվում է միայն մեկ թեկնածու, նրա անունը քվեաթերթիկում ներառվում է «կողմ եմ» և «դեմ եմ» նշումներով։ Ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ թեկնածուն ընտրվում է միայն այն դեպքում, երբ նրա օգտին քվեարկում է քվեարկության մասնակիցների կեսից ավելին։
Ովքե՞ր են հետևելու ընտրություններին
ԿԸՀ-ի թարմացված տվյալներով՝ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար ցուցակում ընդգրկված է 6 տեղական դիտորդական առաքելություն՝ ընդհանուր 437 ներկայացուցչով։
Ամենամեծ թվով դիտորդներ ունեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը՝ 246, և «Ականատես» համատեղ դիտորդական առաքելությունը՝ 152։ Նրանց հաջորդում են «Ազատ քվեն»՝ 26, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը»՝ 6, «Բնակավայրերի համաչափ զարգացումը»՝ 4, և «Հայ առաջադեմ երիտասարդությունը»՝ 3 դիտորդով։
Ընտրությունների լուսաբանման համար ԿԸՀ ցուցակում ընդգրկված է նաև 28 լրատվամիջոց՝ ընդհանուր 221 ներկայացուցչով։ Նրանցից 20-ը ներկայացված են զանգվածային լրատվության միջոցների, իսկ 8-ը՝ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ԶԼՄ-ների բաժիններում։
Լրատվամիջոցներից ներկայացուցիչների ամենամեծ թվերն ունեն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ 29, «5-րդ ալիքը»՝ 21, Infocom.am-ը՝ 19, «Շանթը»՝ 16 և «ՍիվիլՆեթը»՝ 13։
Երկու լրատվամիջոցի դեպքում ԿԸՀ ցուցակում ներկայացուցիչների թիվը դեռ նշված է 0։
Ամփոփում
Այսպիսով՝ հոկտեմբերի 25-ին ընտրություններ կանցկացվեն ընտրողների թվով և ընտրական մրցակցության մակարդակով զգալիորեն տարբերվող համայնքներում։ Մի մասում ընտրողները հնարավորություն կունենան ընտրություն կատարելու մինչև չորս քաղաքական ուժի միջև, հինգ համայնքներում՝ քվեարկելու միակ մասնակցող ուժին կողմ կամ դեմ, իսկ Ֆիոլետովոյում և Շամիրամում՝ մեծամասնական ընտրակարգով ընտրելու համայնքի ղեկավար։
Թե ովքեր են հոկտեմբերի 25-ի ընտրություններին մասնակցող թեկնածուները՝ ըստ սեռի, տարիքի, կուսակցական պատկանելության և զբաղվածության, ներկայացրել ենք առանձին վերլուծությամբ՝ հիմնված ԿԸՀ-ի հոկտեմբերի 22-ի տվյալների վրա։
Ամփոփեց Կարինե Դարբինյանը
Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի
Հիմնական պատկերը ստեղծվել է ԱԲ գործիքով
Ձևավորումը` Վան Սիմոնի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 07/10/2026












