Մեր մասին Էթիկա
Լրահոս

Շախմատի օլիմպիադա․ Հայաստանի արդյունքները՝ թիմային և անհատական հաշվարկներում

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտվեց Շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադան, որը աչքի ընկավ աննախադեպ մասնակցությամբ, անակնկալ արդյունքներով ու հետաքրքիր պարտիաներով։

11 խաղափուլերի լարված պայքարից հետո հայտնի դարձան աշխարհի ուժեղագույն թիմերն ու անհատական արդյունքները:

Օլիմպիադայի հաղթողները․ Ուզբեկստանն ու Չինաստանը՝ չեմպիոններ

Տանտերերը՝ Ուզբեկստանի հավաքականի ներկայացուցիչները, սեփական հարկի տակ ցուցադրեցին ֆենոմենալ խաղ ու դարձան Բաց առաջնության հաղթող՝ վաստակելով 22 հնարավորից 20 թիմային միավոր: Ուզբեկներն ամբողջ առաջնության ընթացքում կրեցին ընդամենը 1 պարտություն՝ 8-րդ խաղափուլում 1,5։2,5 հաշվով զիջելով Գերմանիային։ 

Արծաթե մեդալակիր դարձավ Հնդկաստանը (18 միավոր), իսկ լրացուցիչ ցուցանիշներով բրոնզը բաժին հասավ Գերմանիային (17 միավոր):

Կանանց մրցաշարում չեմպիոնական տիտղոսը նվաճեց Չինաստանի ընտրանին (20 միավոր): Չինացիները մնացին անպարտելի և 2 խաղափուլ ավարտեցին ոչ-ոքի՝ 7-րդ տուրում Ղազախստանի և 10-րդ տուրում Հնդկաստանի դեմ։

Արծաթե մեդալներին արժանացավ Ղազախստանի հավաքականը (18 միավոր), իսկ լրացուցիչ ցուցանիշներով բրոնզը նվաճեց Հնդկաստանը (17 միավոր):

Երկու մրցաշարերի (տղամարդկանց և կանանց) ընդհանուր լավագույն արդյունքի համար հատուկ մրցանակը (Գապրինդաշվիլիի գավաթը) բաժին հասավ Հնդկաստանի հավաքականին։

Հայաստանի հավաքականները՝ 6-րդ տեղում

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականները բավականին լավ մրցաշար անցկացրին՝ աղյուսակներում զբաղեցնելով 6-րդ տեղերը։ Տղամարդկանց հավաքականը վաստակեց թիմային 17 միավոր, որքան 4-րդ տեղը գրաված ԱՄՆ-ի ընտրանին, որն ուներ ամենաբարձ վարկանիշը։ 

Աղյուսակի վերջնական տեսքի վրա ազդեցություն է ունեցել KB-ն (Կապաբլանկա-Բերգեր-ի) գործակիցը։ Այն գնահատում է մրցակիցների «որակը»։ Թիմի վաստակած անհատական միավորները (յուրաքանչյուր խաղատախտակի վրա) բազմապատկվում են տվյալ տուրի մրցակից թիմի վերջնական վաստակած թիմային միավորներով: 

Հայաստանն անպարտելի էր մինչև 10-րդ խաղափուլը, որտեղ զիջել է Ուզբեկստանին (0.5:3.5): Հայ շախմատիստները ոչ-ոքի են ավարտել իրենց հանդիպումները Չինաստանի, ԱՄՆ-ի ու Նիդերլանդների դեմ ու պարտության են մատնել Բարբադոսի, Շոտլանդիայի, Շվեդիայի, Արգենտինայի, Իրանի, Ադրբեջանի ու Խորվաթիայի հավաքականներին։

Շանթ Սարգսյանը բրոնզե մեդալ է նվաճել 3-րդ խաղատախտակի վրա։ Համաշխարհային օլիմպիադաներում անհատական մեդալները չեն տրվում ամենաշատ միավոր հավաքած շախմատիստին։ Մեդալակիրները որոշվում են ըստ կատարողականի գործակցի, որը հաշվի է առնում ոչ միայն հավաքած միավորները, այլև մրցակիցների ուժգնությունը։

Հատկանշական է, որ կանանց հավաքականը նույնպես վաստակել է 17 միավոր՝ որքան բրոնզը նվաճած Հնդկաստանի հավաքականը։

Հայ շախմատիստուհիների թիմը կրել է 2 պարտություն՝ 4-րդ տուրում՝ ղազախներից, 9-րդ տուրում՝ չինացիներից։ 1 դիմակայություն ավարտվել է ոչ-ոքի՝ Հունաստանի դեմ 10-րդ տուրի խաղը։ Կանանց հավաքականը հաղթանակներով է ավարտել Հոնկոնգի, Սինգապուրի, Խորվաթիայի, Պերուի, Լատվիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Ուզբեկստանի դեմ դիմակայությունները։

Մարիամ Մկրտչյանն էլ անհատական արծաթե մեդալ է նվաճել 2-րդ խաղատախտակի վրա։ Հայ շախմատիստուհին օլիմպիադայի շրջանակում լրացրել է նաև միջազգային վարպետի (IM) իր երրորդ նորման։ Նրա միջազգային վարկանիշն արդեն գերազանցում է 2400-ի շեմը, և ՖԻԴԵ-ի առաջիկա նիստում նրան պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչումը։ 

Հայաստանի հավաքականները բրոնզե մեդալներ են նվաճել A խմբում։ Մինչև մրցաշարի 3-րդ տուրի մեկնարկը բոլոր թիմերին, ըստ իրենց շախմատիստների միջին վարկանիշի ՖԻԴԵ-ն բաժանում է խմբերի։ A խմբում ընդգրկվում են աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող առաջատար թիմերը։ 

Կարևոր է ընդգծել, որ այս առաջնության ընթացքում առաջին անգամ սահմանափակ կարողություններ ունեցող օլիմպիադան անցկացվեց հիմնական առաջնության հետ միաժամանակ և նույն մրցավայրում, իսկ Սարգիս Սարգսյանը դարձավ ոսկե մեդալակիր։ ՖԻԴԵ-ի վարպետը  7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր՝ գրանցելով լավագույն արդյունքը առաջին խաղատախտակի վրա։

Հաջորդ օլիմպիադան

Սամարղանդում կայացած մրցաշարի փակման արարողության ժամանակ օլիմպիադայի դրոշը հանդիսավորությամբ փոխանցվեց Աբու Դաբիին (ԱՄԷ), որտեղ էլ կանցկացվի Շախմատի 47-րդ համաշխարհային օլիմպիադան՝ 2028 թվականին։

Ամփոփեց Դերենիկ Խաչատրյանը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 29/09/2026