Որոշ քաղաքացիներ նախկինում անվճար ստացած խորհրդատվությունների համար այժմ գումար են վճարում։ Ապահովագրության հիմնադրամում պնդում են, որ համավճարների կարգավորումները չեն փոխվել։
47-ամյա Նունե Սահակյանը մեկ տարի առաջ Երևանի բժշկական կենտրոններից մեկի գինեկոլոգիական ծառայություններից օգտվել էր անվճար։ Այս տարի, սակայն, նրան տեղեկացրել են, որ նույն կենտրոնում գինեկոլոգի խորհրդատվության համար սահմանված է 3000 դրամ, իսկ անոթաբանի խորհրդատվության համար՝ 6000 դրամ համավճար։
Նունեն փորձել է պարզել՝ ինչու պետք է վճարի նախկինում անվճար ստացած ծառայության համար։
«Երբ հարցրեցի՝ ինչու է գործում համավճար, ինձ պատասխանեցին, որ նախարարությունը բժշկական հաստատություններին հնարավորություն է տալիս համավճար սահմանել, իրենց կլինիկայում այն սահմանված է միայն խորհրդատվության համար։ Երբ հարցրեցի, արդյոք ճիշտ եմ հասկանում, որ պետությունը խորհրդատվության համար սահմանված գինը ամբողջությամբ չի վճարում, ինձ պատասխանեցին՝ այո։ Հարցիս, թե այդ երբվանից, ասացին, որ համընդհանուր ապահովագրության շրջանակներում է այդպես»,- պատմում է Սահակյանը։
Նրա դեպքը միակը չէ։
Հուլիսի սկզբից առողջության համընդհանուր ապահովագրությունից օգտվող մի շարք քաղաքացիներ սկսել են դժգոհել, որ նախկինում անվճար ստացած բժշկական ծառայությունների համար այժմ ստիպված են լրացուցիչ վճարել։ Դժգոհությունները մասնավորապես վերաբերում են նեղ մասնագետների խորհրդատվություններին։
Երևավանաբնակ Սամվել Կարաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում նույնպես անդրադարձել է խնդրին։ Նրա փոխանցմամբ՝ ամիսներ առաջ ապահովագրության շրջանակում ռևմատոլոգի խորհրդատվությունից օգտվել էր առանց վճարի, սակայն հունիսի 26-ին հիվանդանոցում տեղեկացել էր, որ հունիսի 18-ից արդեն գործում է համավճար։
Կարաբեկյանի խոսքով՝ սկզբում իրեն տեղեկացրել էին, որ ծառայության արժեքի 25%-ը պետք է վճարի ինքը, սակայն հետագայում պարզվել էր, որ համավճարը կազմում է 50%։
Ինչո՞ւ են քաղաքացիները նախկինում անվճար ստացած ծառայությունների համար այժմ վճարում, եթե ապահովագրական փաթեթում համավճարների վերաբերյալ նոր կարգավորումներ չեն ընդունվել։
Համավճարի կարգավորումը չի փոխվել. ի՞նչ են պարզաբանում հիմնադրամում
Առողջապահության ոլորտի պատասխանատուները պնդում են, որ 2026 թվականի հունվարի 1-ից՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո, համավճարների վերաբերյալ նոր կարգավորումներ չեն սահմանվել։
Սամվել Խարազյանի խոսքով, ով մինչև վերջերս հանդիսանում էր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ համավճարների համակարգը նորամուծություն չէ և նախատեսված է գործող կարգավորումներով։
«Ապահովագրական համակարգում ոչ բոլոր ծառայություններն են ամբողջությամբ փոխհատուցվում։ Կան ծառայություններ, որոնք փոխհատուցվում են մասնակի՝ օրինակ 50 տոկոսով, իսկ որոշների համար կիրառվում է համավճարի մեխանիզմը»,- նշել է նա։
Սա նշանակում է, որ ապահովագրական փաթեթում որևէ ծառայության ընդգրկված լինելը դեռ չի երաշխավորում, որ քաղաքացին բոլոր բուժհաստատություններում այն կստանա առանց լրացուցիչ վճարի։
Համավճարի չափը կարող է տարբեր լինել՝ կախված բուժհաստատության սահմանած պայմաններից։
«Սահմանված են կանոնները, բժշկական կազմակերպություններին հնարավորություն է տրված, որպեսզի մասնագիտացված ծառայությունների, խորհրդատվությունների դեպքում կիրառեն համավճար, բայց դրա վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի քաղաքացիներին»,- ասում է Խարազյանը։
Հուլիսի 10-ին հիմնադրամը ևս պարզաբանել էր, որ համավճարների կիրառման կարգավորումները չեն փոխվել։ Դրանց չափերը որոշում են բուժհաստատությունները՝ պահպանելով օրենսդրությամբ նախատեսված առավելագույն շեմը, իսկ հիմնադրամը վերահսկում է այդ պահանջի կատարումը։
Սակայն Նունեի և մյուս քաղաքացիների պատմությունները ցույց են տալիս մեկ այլ խնդիր։ Նրանց համար էականը ոչ միայն այն է, թե ով է իրավասու համավճար սահմանել, այլև՝ ինչու է լրացուցիչ վճար առաջացել այն ծառայության դիմաց, որից նախկինում օգտվել են անվճար։
Մեկ այլ բուժհաստատությունում նույն ծառայության համար կարող են համավճար չպահանջել
Վաղարշապատի «Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոնը 2026 թվականի հունվարից աշխատում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով։
Կենտրոնի հիմնադիր տնօրեն Վիկտորյա Պողոսյանի խոսքով՝ իրենք որևէ հետազոտության կամ մասնագետի խորհրդատվության համար համավճար չեն կիրառել։
«Որոշ հետազոտությունների դեպքում ապահովագրությամբ վճարվող արժեքը և վճարովի ծառայության արժեքը էականորեն չեն տարբերվում կամ մոտ են իրար։ Այդ պատճառով կարծում ենք, որ այդ հետազոտությունների համար համավճար կիրառելու անհրաժեշտություն չկա»,- ասում է Պողոսյանը։
Նրա ներկայացրած օրինակով՝ կենտրոնում բժշկի խորհրդատվության արժեքը վճարովի հիմունքներով 10 հազար դրամ է, մինչդեռ ապահովագրության շրջանակում նույն խորհրդատվության համար վճարվում է 6000 դրամ։
Այդ տարբերությունը կենտրոնը չի գանձում ապահովագրված քաղաքացուց։
Պողոսյանի խոսքով՝ իրենց մոտեցումը պայմանավորված է նաև մարզի բնակչության համար բժշկական ծառայությունները հնարավորինս հասանելի դարձնելու նպատակով։
«Մեր բժշկական կենտրոնը, որպես մարզային կենտրոն, որդեգրել է այն քաղաքականությունը, որ մարզում ապրող բնակչի բուժծառայությունը որակապես չպետք է տարբերվի մայրաքաղաքում ապրող բնակչի բուժծառայությունից»,- ասում է նա։
Կենտրոնի տնօրենը նշում է, որ որոշ դժվարամատչելի հետազոտությունների դեպքում ևս ապահովագրությամբ փոխհատուցվող գումարի և ծառայության փաստացի արժեքի տարբերությունը մեծ չէ։ Այդ պայմաններում բուժհաստատությունը որոշակի զիջումներ է անում։
Այս օրինակը ցույց է տալիս, որ համավճար կիրառելը բուժհաստատության համար ընձեռված հնարավորություն է, ոչ թե յուրաքանչյուր մասնագիտացված խորհրդատվության համար պարտադիր պահանջ։
Սակայն «Մաստեր Ֆարմի» մոտեցումը դեռ բավարար հիմք չէ պնդելու, թե ապահովագրական փաթեթում ընդգրկված բոլոր ծառայությունները հնարավոր է առանց համավճարի ստանալ ցանկացած այլ բուժհաստատությունում։
Քաղաքացին պետք է նախապես իմանա՝ որքան է վճարելու
Հիմնադրամն այժմ ուսումնասիրում է, թե որ բժշկական կազմակերպություններում, ինչ պատճառներով և ում համար են համավճարներ կիրառվում։
Սամվել Խարազյանի խոսքով՝ ուսումնասիրության արդյունքները հասանելի կդառնան քաղաքացիներին։
Նրա գնահատմամբ՝ դժգոհությունների պատճառներից մեկը համավճարների վերաբերյալ հստակ և հասանելի տեղեկությունների բացակայությունն է։
Հիմնադրամն այս պահին չի նախատեսում վերացնել համավճարների մեխանիզմը։ Փոխարենը նպատակ ունի ապահովել դրա կիրառման թափանցիկությունը, որպեսզի քաղաքացիները կարողանան նախապես պարզել, թե որ բուժհաստատությունում, որ մասնագետի մոտ և ինչ չափով է լրացուցիչ վճար նախատեսված։
Համավճարների ընդհանուր պատկերը
Հիմնադրամի հրապարակած տվյալներով՝ հունվարից մայիս համավճարները կազմել են հատուցման ներկայացված ընդհանուր ծավալի 1,6%-ը, իսկ հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ի հրապարակման ժամանակահատվածում՝ 1,51%-ը։
Միայն մասնագիտացված խորհրդատվությունների և այցերի դեպքում համապատասխան ցուցանիշները եղել են 0,86% և 0,82%։
Այս տվյալներով համավճարների ընդհանուր մասնաբաժինը նշված ժամանակահատվածում չի աճել։ Սակայն դրանք ցույց չեն տալիս, թե քանի քաղաքացի է սկսել վճարել նախկինում անվճար ստացած ծառայության համար, կամ ինչպես են փոխվել վճարումները կոնկրետ բուժհաստատություններում։
Նունեի դեպքն ընդգծում է ապահովագրական համակարգի մեկ կարևոր խնդիր` քաղաքացին պետք է իմանա ոչ միայն, թե որ ծառայություններն են ներառված իր ապահովագրական փաթեթում, այլև, թե դրանցից օգտվելու համար ինչ լրացուցիչ ծախսեր կարող են առաջանալ։
Հակառակ դեպքում, բուժհաստատության ընտրության հնարավորությունը սահմանափակվում է տեղեկության բացակայությամբ։
Իսկ թե ինչու է մեկ բուժհաստատությունում նախկինում անվճար մատուցված ծառայությունն այժմ մատուցվում լրացուցիչ վճարի դիմաց, հիմնադրամի ընդհանուր պարզաբանումը բավարար չէ։ Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ են նաև համապատասխան բուժհաստատությունների սահմանած սակագներն ու դրանց փոփոխությունների հիմնավորումները։
Հեղինակ՝ Գայանե Մկրտչյան
Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը։
Այլ նյութեր այս շարքից՝ Հավասարություն և թափանցիկություն առողջապահության համակարգում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 28/09/2026











