Հայաստանը մրցավայր էր մեկնել 13 մարզիկով։ Տղամարդկանց հավաքականի կազմում՝ 10, կանանց հավաքականի կազմում՝ 3 ներկայացուցիչ։ Մեր մարզիկները հայրենիք վերադարձան 2 բրոնզե մեդալով։
Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում էին 42 երկիր՝ 379 ներկայացուցչով։ Եվս 2 ներկայացուցիչ ուներ Փախստականների հավաքականը։
Հայաստանի մասնակցությունը
Հայաստանի ներկայացուցիչներից մեդալներ նվաճեցին Էլիդա Քոչարյանը և Ռուդոլֆ Գարբոյանը։
Էլիդա Քոչարյան՝ բրոնզ 65 կգ քաշային կարգում
Կանանց 65 կգ քաշային կարգում Էլիդա Քոչարյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի հասավ Իսպանիայի ներկայացուցչի նկատմամբ։ ⅛ և քառորդ եզրափակիչներում մրցավարները դադարեցրին մենամարտը՝ հայ մարզուհին էլ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն կրեց Ռուսաստանի ներկայացուցչից։
Ռուդոլֆ Գարբոյան՝ բրոնզ 50 կգ քաշային կարգում
Տղամարդկանց 50 կգ քաշային կարգում Ռուդոլֆ Գարբոյանը նույնպես հասավ կիսաեզրափակիչ։ Գարբոյանը պայքարը սկսել էր ⅛ եզրափակչից, որտեղ 3։2 հաշվով առավելության էր հասել պորտուգալացի մարզիկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 4։1 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցչին։ Կիսաեզրափակչում Գարբոյանը մրցավարների միաձայն որոշմամբ զիջեց Ռուսաստանի ներկայացուցչին։
Հավաքականների կազմում մրցավայր էին մեկնել նաև Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Հարություն Հակոբկոխյանը (70 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ) և Դավիթ Չալոյանը (+ 90 կգ), Հեղինե Պետրոսյանը (48 կգ) և Լուսյա Ավետիսյանը (54 կգ)։
Մեդալային հաշվարկ
Մեդալներ կարողացան նվաճել 23 երկրի ներկայացուցիչ։ Խաղարկվող 80 մեդալներից 15-ը բաժին հասավ Ռուսաստանին, որը նաև ամենաշատ ոսկե մեդալները նվաճեց՝ 7։
Հայաստանը մեդալային հաշվարկում 14-րդ տեղը կիսեց Ավստրիայի, Չեխիայի ու Գերմանիայի հետ։
Համեմատություն նախորդ առաջնությունների հետ
2022 թվականին Երևանում անցկացված առաջնությունը Հայաստանի համար զգալիորեն ավելի հաջող էր։ Հովհաննես Բաչկովը դարձավ չեմպիոն, Ռաֆայել Հովհաննիսյանը և Արթուր Բազեյանը դարձան արծաթե մեդալակիրներ, իսկ Նարեկ Մանասյանը՝ նվաճեց բրոնզ։ Հայաստանի հավաքականն այդ առաջնությունն ավարտեց չորս մեդալով ու թիմային հաշվարկում 5-րդն էր։
Հարկ է նշել, որ այս առաջնությանը չէր մասնակցում Ռուսաստանի հավաքականը, իսկ մեդալային հաշվարկում առաջատարը Վրաստանի հավաքականն էր, որը Երևանից հեռացավ 3 ոսկե ու 1 արծաթե մեդալով։
2024 թվականին Բելգրադում էլ Հայաստանի մարզիկները նվաճեցին յոթ մեդալ։ Դրանց թվում էին Նարեկ Մանասյանի և Բարեղամ Հարությունյանի արծաթե մեդալները, ինչպես նաև հինգ բրոնզները։ Այդ ցուցանիշով Հայաստանը մրցաշարի մեդալային հաշվարկում 9-րդն էր։ Առաջատարը՝ Ռուսաստանն էր 11 ոսկի, 8 արծաթ ու 1 բրոնզ արդյունքով։
Ամփոփեց Դերենիկ Խաչատրյանը
Լուսանկարները՝ ՀՀ ԿԳՄՍՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 27/09/2026












