Աֆղանստանում մինչև հինգ տարեկան շուրջ 3.7 միլիոն երեխա գտնվում է սուր թերսնուցման վտանգի տակ։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNICEF-ի տվյալներով՝ երեխաների սննդային անապահովությունը երկրում դարձել է թերսնուցման հիմնական պատճառներից մեկը, իսկ օգնության և առողջապահական ծառայությունների ֆինանսավորման կրճատումը խորացնում է ճգնաժամը։
IPC-ի՝ պարենային անվտանգության և թերսնուցման ինտեգրված գնահատման վերլուծության համաձայն՝ 2026 թվականին Աֆղանստանում 6-59 ամսական մոտ 3.7 միլիոն երեխա կարող է բախվել սուր թերսնուցման խնդրին։
[Միջազգային մարդասիրական ու առողջապահական զեկույցներում հաճախ գրում են 6–59 ամսական, որովհետև սուր թերսնուցման, քաշի կորստի և սննդային աջակցության ցուցանիշները սովորաբար չափվում են հենց այդ տարիքային խմբի համար։ 59 ամսականը 4 տարեկան 11 ամսականն է։]
Ճգնաժամը խորանում է մի քանի գործոնների համադրությամբ՝ երկարատև տնտեսական անկում, երաշտ, բնական աղետների հետևանքով տեղահանումներ, վերադարձող բնակչության աճ, ինչպես նաև մարդասիրական օգնության ֆինանսավորման կրճատում։
Առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մեծացել է հատկապես այն պայմաններում, երբ ֆինանսական միջոցների պակասի պատճառով երկրում փակվել կամ դադարել են գործել հարյուրավոր առողջապահական հաստատություններ։ Դրանց ծառայություններից նախկինում օգտվում էին միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ։
ՄԱԿ-ի և մարդասիրական կազմակերպությունների գնահատմամբ՝ Աֆղանստանում իրավիճակը վատթարացել է նաև միջազգային աջակցության կրճատման հետևանքով։ 2021 թվականին Թալիբանի իշխանության գալուց և ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո մի շարք դոնորներ կասեցրել կամ նվազեցրել են ֆինանսավորումը։ Արդյունքում առողջապահական և սննդային աջակցության ծրագրերը բախվել են լուրջ ֆինանսական դեֆիցիտի։
Լրացուցիչ ճնշում է ստեղծել նաև բնակչության աճը․ վերջին տարիներին Իրանից և Պակիստանից Աֆղանստան են վերադարձել միլիոնավոր աֆղաններ, ինչն ավելացրել է արդեն իսկ սահմանափակ ռեսուրսների պահանջարկը։
Իրավիճակը բարդացնում են նաև Թալիբանի սահմանափակումները կանանց աշխատանքի նկատմամբ մարդասիրական կազմակերպություններում։ Դա հատկապես խնդրահարույց է այն ծառայությունների համար, որոնք ուղղված են կանանց, երեխաներին և ընտանիքներին։
Մարդասիրական կազմակերպությունները զգուշացնում են, որ առանց ֆինանսավորման վերականգնման և առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման Աֆղանստանում երեխաների թերսնուցման ճգնաժամը կարող է ավելի խորանալ։
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 15/08/2026









