Մեր մասին Էթիկա
Քաղաքական

TRIPP-ի շուրջ պնդումներ․ ԱՄՆ վերահսկողություն, ՆԱՏՕ-ի ներկայություն, թե՞ փաստերի խեղաթյուրում

Պատկերը ստեղծված է ԱԲ գործիքով

Ռուսալեզու Telegram ալիքներից մեկը հրապարակել է «Թրամփի միջանցքը․ Երևանը համոզում է Թեհրանին, բայց ի վերջո ո՞վ ում կխաբի»  վերնագրով հոդված, որտեղ նշվում է, որ «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը պարզապես տարանցիկ ենթակառուցվածքի ծրագիր չէ, այլ ԱՄՆ-ի կողմից Սյունիքում երկարաժամկետ վերահսկողություն հաստատելու և Իրանի հյուսիսային սահմանների մոտ ամերիկյան, հնարավոր է՝ նաև ՆԱՏՕ-ի ներկայության ճանապարհ։ 

Հեղինակը ճշգրտորեն նշում է, որ ԱՄՆ-ը ստանում է TRIPP Development Company-ի 74% բաժնեմասը, և որ Իրանը մտահոգություն է հայտնում տարածաշրջանում ամերիկյան ներկայության հնարավոր հետևանքների վերաբերյալ՝ դրանից եզրակացնելով, որ TRIPP-ի հետևում կանգնած է ոչ միայն տնտեսական, այլև հետագայում ռազմական ներկայության հաստատման նպատակ։ 

«Ամփոփ Մեդիան» ստուգել է՝ ինչ են իրականում նախատեսում TRIPP-ի վերաբերյալ հրապարակված փաստաթղթերը, ինչ իրավունքներ է նախատեսվում տրամադրել TRIPP Development Company-ին, արդյոք խոսքը Հայաստանի տարածքի նկատմամբ ամերիկյան վերահսկողության մասին է, և կա՞ փաստաթղթային հիմք՝ նախագիծը ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ ռազմական ներկայության հետ կապելու համար։ 

Ինչ է նախատեսում TRIPP-ը

2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո TRIPP-ի իրականացման մանրամասները ներկայացվեցին 2026 թվականի հունվարին հրապարակված Հայաստան-ԱՄՆ համատեղ փաստաթղթում։ Այն նախատեսում է Հայաստանի տարածքով անխափան տարանցիկ կապի և TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծում։ Նախագծի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ  «Ամփոփ Մեդիայի» նախորդ հոդվածում։

Հայաստանի և ԱՄՆ–ի միջև կնքված շրջանակային  համաձայնագրի փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ին նախատեսվում է տրամադրել TDC (TRIPP Development Company)- ի 74%-ը, իսկ Հայաստանին՝ 26%-ը։ Ռուսալեզու հոդվածի այս հատվածը հիմնված է իրական փաստի վրա։ Սակայն խնդիրը այն է, թե ինչպես է այդ փաստը ներկայացվում ընթերցողին։

49, թե՞ 99 տարվա իրավունք․ որն է տարբերությունը

Ռուսալեզու ալիքը գրում է, որ ԱՄՆ-ը ստանում է «բացառիկ իրավունքներ՝ մինչև 99 տարի ժամկետով»։

Սակայն TRIPP-ի վերաբերյալ հրապարակված համաձայնագիրը սկզբում սահմանում է 49 տարվա ժամկետ։ Երկարաձգման դեպքում Հայաստանի բաժնեմասը TDC-ում աճում է 26%-ից մինչև 49%։

Հետևաբար «99 տարի» ձևակերպումը հորինված չէ, բայց այն կարևոր կոնտեքստ է բաց թողնում։ Ընթերցողին կարող է թվալ, թե ԱՄՆ-ն արդեն ստացել է Հայաստանի տարածքում 99 տարվա հողօգտագործման իրավունք։ Մինչդեռ փաստաթուղթը նախատեսում է նախնական 49 տարվա ժամկետ՝ հետագա 50 տարվա երկարաձգման հնարավորությամբ, որը պետք է իրականացվի կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

Հետևաբար, Հայաստանի տարածքի նկատմամբ սեփականության կամ ինքնիշխանության փոխանցման մասին խոսելը մանիպուլյատիվ է։ 

Ի՞նչ է իրականում ստանում TRIPP Development Company-ն

Ըստ համաձայնագրի՝ TRIPP-ի իրականացման տարածքները որոշվելուց հետո Հայաստանը պետք է ամերիկյան ընկերությանը  տրամադրի համապատասխան հողօգտագործման և զարգացման բացառիկ իրավունքներ, ինչպես նաև նախագծերի իրականացման համար անհրաժեշտ այլ իրավունքներ։ 

Սակայն նույն փաստաթուղթը միաժամանակ հստակեցնում է, որ Հայաստանը մնում է միակ շահագործման իրավունք տրամադրողը և ամերիկյան ընկերությունը չի համարվում կոնցեսիոներ (խմբշահագործման իրավունք տրամադրող)։ Բացի այդ, զարգացման իրավունքների ժամկետի ավարտին կամ TDC-ի գործունեության դադարեցման դեպքում TDC-ի մնացորդային իրավունքները պետք է վերադարձվեն Հայաստանին՝ առանց Հայաստանի կողմից վճարի։

Այսինքն՝ այն պնդումը, որ ԱՄՆ-ը վերահսկողության տակ է վերցնում Սյունիքը չի բխում փաստաթղթից և մոլորեցնող է։ 

Այստեղ կարևոր է չխառնել երեք տարբեր հասկացություն՝ ենթակառուցվածքի կառավարումը, հողի օգտագործման իրավունքը և տարածքի նկատմամբ վերահսկողությունը։ Ռուսալեզու տելեգրամյան ալիքը դրանք ներկայացնում է գրեթե նույն հարթության վրա, որից էլ բխում են նրա քաղաքական եզրակացությունները։

«TRIPP-ը կարող է բերել ՆԱՏՕ-ի ներկայության»․ որտե՞ղ է փաստը

Ռուսալեզու հոդվածում որպես ապացույց ներկայացվում է Իրանի հոգևոր առաջնորդի նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությունը, ըստ որի՝ նախագիծը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի ներկայությանը Իրանի հյուսիսին հարող տարածքում։ 

Այստեղ անհրաժեշտ է տարբերակել պաշտոնյայի մտահոգությունը և փաստաթղթով հաստատված դրույթը։

Վելայաթիի հայտարարությունը փաստ է, եթե այն ներկայացվում է որպես նրա քաղաքական գնահատական։ Սակայն այդ հայտարարությունը ինքնին չի ապացուցում, որ TRIPP-ի շրջանակում նախատեսվում է ՆԱՏՕ-ի ներկայություն։

TRIPP-ի հրապարակված համաձայնագրում ՆԱՏՕ-ի ռազմակայանի, օտարերկրյա զորքերի տեղակայման կամ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության մասին դրույթ չկա։ Փաստաթուղթը TRIPP-ը սահմանում է որպես տրանսպորտային և տարանցիկ ենթակառուցվածքի նախագիծ։

Իրանը մտահոգություն ունի՞

Միաժամանակ սխալ  է հակառակ ծայրահեղության գնալ և պնդել, թե Իրանի մտահոգություններն ամբողջությամբ հորինված են։

2026 թվականի հուլիսի 8-ին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին հայտարարել է, որ TRIPP-ից բխող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը պետք է լինեն հայ-իրանական հարաբերությունների օրակարգում։ Նա նաև նշել է, որ Իրանը մտահոգված է իր սահմանների մոտ ամերիկյան հնարավոր ներկայությամբ։

Միաժամանակ դեսպանը փոխանցել է, որ Հայաստանի կառավարությունը վստահեցրել է իրանական կողմին՝ նախագծի իրականացումը և դրա շրջանակում ԱՄՆ ներկայությունը Իրանի համար վտանգ կամ սպառնալիք չեն ստեղծի։

ԱՄՆ ներկայությունը Իրանի համար վտանգ կամ սպառնալիք չեն ստեղծի

Տելեգրամյան ալիքի գրառմամբ՝ փորձ է արվում շահարկել այն, որ ԱՄՆ-ը պատմության տարբեր փուլերում այլ երկրներում տնտեսական, քաղաքական և ռազմական ազդեցություն հաստատելու օրինակներ է ունեցել։ Այդ պատմական դրվագները նա ներկայացնում է որպես մեկ ընդհանուր սցենար՝ տնտեսական ներգրավվածություն-վերահսկողություն – ռազմական ներկայություն, և նույն տրամաբանությունը մեխանիկորեն տեղափոխում է TRIPP-ի վրա։

Պանամայի ջրանցքի, Կարիբյան երկրների կամ Նիկարագուայի վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությունը ձևավորվել է բոլորովին այլ ժամանակաշրջաններում, այլ միջազգային իրավական ու աշխարհաքաղաքական պայմաններում և կոնկրետ պատմական հանգամանքների ազդեցությամբ։ Այդ օրինակների գոյությունը չի ապացուցում, որ այսօր TRIPP-ը նույն նպատակով է իրականացվում։

Ավելին, հեղինակը չի ներկայացնում որևէ փաստաթուղթ կամ պայմանավորվածություն, որը կկապի TRIPP-ը ԱՄՆ ռազմական ներկայության, ռազմաբազաների ստեղծման կամ Հայաստանի տարածքում ռազմական վերահսկողության հաստատման հետ։

Ամփոփում 

Հրապարակված փաստաթղթերը չեն հաստատում, որ TRIPP-ը նախատեսում է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ վերահսկողություն կամ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայություն։

Հեղինակ՝ Սեդա Մարտոյան

Հիմնական պատկերը ստեղծված է ԱԲ գործիքով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 13/08/2026