Վերջին շրջանում Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ կիրառված տնտեսական սահմանափակումների, Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների և ԵԱՏՄ անդամ երկրների կողմից հնչեցված հանրաքվեի կոչերի ֆոնին կտրուկ ակտիվացել են Հայաստանի ինտեգրացիոն ուղու շուրջ քննարկումները։
Մինչ սոցիալական ցանցերում և տելեգրամյան ալիքներում շրջանառվում են տարբեր սցենարներ (այդ թվում՝ հնարավոր ռազմական կամ աշխարհաքաղաքական զարգացումների մասին)(1 2 3), «Ամփոփ մեդիան» փորձել է պարզել, թե ինչ է իրականում ասում հայկական կողմը ԵԱՏՄ-ի մասին, ինչպես է կարգավորվում միությունից դուրս գալու գործընթացը և որքան արժե Հայաստանին այս միությանն անդամակցելը։
ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) տարածաշրջանային տնտեսական միավորում է, որը ստեղծվել է 2014-ի մայիսի 29-ին ստորագրված պայմանագրով և սկսել է գործել 2015-ի հունվարի 1-ից։
Այն նպատակ ունի ապահովել անդամ երկրների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։ Հիմնադիր անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, իսկ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է 2015 թվականի հունվարի 2-ին։
Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ից հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում
2026-ի մայիսի 22–ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության թեմային՝ նշել է, որ միության կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։
Վարչապետը մասնավորապես շեշտել է. «ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ի կարգավորումներով կարող է քննարկել միայն Հայաստանը։ ԵԱՏՄ-ի անդամը միայն կարող է որոշել դուրս գալ, այլ գործընթաց չկա։ Ցանկացած հարց կարող ենք քննարկել, և ենթադրում եմ՝ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել, և մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք»։
Մայիսի 27–ին Կոտայքի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան ընտրության հնարավորություն՝ երկիրը լինի Եվրասիական տնտեսական միությա՞ն, թե՞ Եվրամիության կազմում։
«Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել ԵԱՏՄ կազմո՞ւմ, թե՞ լինել Եվրամիության կազմում։ Դա ես չեմ որոշելու, ժողովուրդ, դա հզորն է որոշելու՝ Հայաստանի քաղաքացին», – ասուլ էր նա։
Արդեն մայիսի 28–ին վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում պոտենցիալ է տեսնում և դուրս գալու նպատակ չունի։
Հունիսի 1–ին, արձագանքելով ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությանը, վարչապետ Փաշինյանը նշել է, որ քանի դեռ «Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանն անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է»։
Հունիսի 2-ին վարչապետն ընդգծել է, որ ԵԱՏՄ շրջանակներում անհրաժեշտ է ապահովել Հայաստանի համար նոր հնարավորություններ, որպեսզի միության հեղինակությունը Հայաստանում բարձրանա, ոչ թե հակառակը»: Իսկ հունիսի 8-ին նշել է, որ Հայաստանը շարունակելու է ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացը՝ միաժամանակ պահպանելով անդամակցությունը ԵԱՏՄ-ում։
Հունիսի 25-ին վարչապետը բարձրացրել է ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ազատ տեղաշարժի խնդիրը։
Հուլիսի 27-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը վերահաստատել է, որ հանրաքվեի հարցը կարող է քննարկվել միայն ԵՄ-ին պաշտոնական դիմում հղելուց և գործընթացն առարկայական դառնալուց հետո։ Միաժամանակ, անդրադառնալով ռուսական տնտեսական սահմանափակումներին, նշել է, որ դրանք հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
Հուլիսի 30-ին Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի և հարցազրույցների ժամանակ Փաշինյանն հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում։
«ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում, կազմակերպությունն էլ չի գործում։ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է, և կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ Հայաստանն է հաղթահարելու այս խնդիրը, այլ ոչ թե ԵԱՏՄ-ն»,- ասել է նա։
Ինչ է ասել Արարատ Միրզոյանը
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, մայիսի 19-ին Լիտվայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հաջորդած հարցուպատասխանի ժամանակ շեշտել է, որ Հայաստանը մտադրություն չունի որևէ գործընկերոջ հետ բաժանվելու կամ լարվածություն մտցնելու հարաբերություններում։
«Մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ մեր գործընկերոջ։ Քաղաքականությունը և դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ առանձնապես չի ճանաչում պատմության ընթացքում»,- ասել է Միրզոյանը։
Ինչ է ասել Գևորգ Պապոյանը
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 29-ին, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին ու հայկական ապրանքների արտահանման հետ կապված ռուսական սահմանափակումներին, հայտարարել է, որ ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, այլ ողջ միության խնդիրն է։
Ինչ է սահմանում սահմանադրական օրենքը հանրաքվեի մասին
Համաձայն Սահմանադրության 205-րդ հոդվածի՝ Հայաստանի անդամակցությունը վերպետական միջազգային կազմակերպություններին և երկրի տարածքի փոփոխության հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:
ՀՀ Սահմանադրական օրենքը «Հանրաքվեի մասին» սահմանում է, թե ինչպես է կազմակերպվում և անցկացվում հանրաքվեն Հայաստանում, ովքեր ունեն դրան մասնակցելու իրավունք, ինչ հարցեր կարող են դրվել հանրաքվեի և որոնք՝ ոչ։
Օրենքի համաձայն՝ հանրաքվեն ժողովրդի կողմից իշխանությունն անմիջականորեն իրականացնելու ձևերից մեկն է, անցկացվում է Հայաստանի ամբողջ տարածքում՝ ընդհանուր, հավասար, ազատ և գաղտնի քվեարկությամբ։ Հանրաքվեին կարող են մասնակցել հանրաքվեի օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, բացառությամբ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով անգործունակ ճանաչված կամ ազատազրկման պատիժ կրող անձանց։
Իսկ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ անդամակցության դադարեցմանը վերաբերող հարցերով հանրաքվե անցկացնելու առաջարկությունը ներկայացնում է Կառավարությունը, իսկ որոշումն ընդունում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Ինչպես է կարգավորվում ԵԱՏՄ-ից դուրս գալու ընթացակարգը
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 118-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունը կարող է կամավոր կերպով դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ այդ մասին գրավոր ծանուցելով պայմանագրի ավանդապահին (Եվրասիական տնտեսական հանձնաժողովին) 12 ամիս առաջ:
Միաժամանակ, անդրադառնալով անդամակցության պայմանագրի իրավական հնարավորություններին՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ ԵԱՏՄ պայմանագիրը չի նախատեսում միակողմանի կասեցման կամ անդամ պետությանը միությունից հեռացման մեխանիզմներ։
«Մենք այժմ ուսումնասիրելու ենք, թե ինչ է նշանակում կասեցումը։ Միության պայմանագրով նման ռեժիմ նախատեսված չէ, ուստի հարցը պետք է իրավական տեսանկյունից մանրամասն ուսումնասիրել մինչև դեկտեմբեր», – ասել է նա։
Այսպիսով, իրավական առումով տարբերակվում են կամավոր դուրս գալու ընթացակարգը (որը կա) և անդամակցության սառեցման կամ հարկադիր հեռացման ռեժիմները (որոնք բացակայում են):
Որքա՞ն է Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ ֆինանսական մեխանիզմներին
ԵԱՏՄ բյուջեն ձևավորվում է անդամ պետությունների բաժնեմասային ներդրումների հաշվին։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Հայաստանի բաժնեմասը սահմանվել է 1.220%, Բելառուսինը՝ 4.860%, Ղազախստանինը՝ 6.955%, Ղրղզստանինը՝ 1.900%, իսկ Ռուսաստանինը՝ 85.065%։
Նույն համամասնություններով են անդամ պետությունների միջև բաշխվում նաև ԵԱՏՄ արտաքին սահմաններին գանձվող ներմուծման մաքսատուրքերը։ Սակայն այս մեխանիզմի շրջանակում Հայաստանի հավաքագրած և ստացած գումարների հաշվեկշիռը վերջին տարիներին բացասական է եղել։
2023 թվականին Հայաստանը բաշխման ընդհանուր համակարգին փոխանցել է շուրջ 473 մլն դոլար և ստացել 181 մլն դոլար՝ արձանագրելով 292 մլն դոլարի բացասական տարբերություն։ 2024 թվականին փոխանցված գումարը կազմել է 323 մլն դոլար, իսկ ստացվածը՝ 189 մլն դոլար․ բացասական տարբերությունը կազմել է շուրջ 135 մլն դոլար։
Դեռևս 2023 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը հույս էր հայտնել, որ նոր մեթոդաբանության մշակման դեպքում Հայաստանի 1.22% մասնաբաժինը կարող է բարձրանալ մինչև 1.69–2.13%։ Սակայն 2024 թվականի արդյունքներով Հայաստանի համար բացասական հաշվեկշիռը պահպանվել է։
Միայն մաքսատուրքերի այս հաշվեկշիռը բավարար չէ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ամբողջ տնտեսական օգուտը կամ արժեքը գնահատելու համար, քանի որ դրա համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև արտահանումը, աշխատուժի տեղաշարժը, դրամական փոխանցումները և ընդհանուր շուկայի մյուս ազդեցությունները։
Ամփոփում
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ հայկական կողմի ներկայիս դիրքորոշումը ոչ թե ԵԱՏՄ-ից անհապաղ հեռանալն է, այլ միության ներսում Հայաստանի իրավունքների և տնտեսական շահերի պաշտպանության պահանջը։
Պաշտոնական Երևանը շարունակում է ԵԱՏՄ անդամակցությունը դիտարկել որպես գործող տնտեսական շրջանակ, սակայն միաժամանակ շեշտում է, որ դրա պայմանագրային մեխանիզմները պետք է իրականում գործեն՝ ապահովելով ապրանքների ազատ տեղաշարժն ու անդամների նկատմամբ հավասար վերաբերմունքը։
ԵՄ-ի հետ մերձեցումը ներկայացվում է որպես զուգահեռ գործընթաց, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ հանրաքվե անցկացնելու հարցը՝ որպես Հայաստանի ինքնուրույն որոշում, որը կարող է օրակարգ մտնել միայն այն դեպքում, երբ եվրոպական ինտեգրումը դառնա առարկայական։
Այսպիսով, հայկական դիրքորոշումը կարելի է բնութագրել որպես պայմանական շարունակականություն՝ անդամակցությունը պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ այն ծառայում է Հայաստանի շահերին և գործում է սահմանված կանոններով։
Հեղինակ՝ Գոհար Սարգսյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 06/08/2026











