Մեր մասին Էթիկա
Իրավունք Քաղաքական

Բենքսիի նոր արձանը․ կուրացած հավատքի՞, թե՞ քաղաքական մոլեռանդության մասին

Banksy statue in Waterloo Place. Credit Martin Pope/ Getty

Լոնդոնի կենտրոնում՝ Վեսթմինսթերի հարևանությամբ, ապրիլի վերջին գիշերով անսպասելիորեն տեղադրվել է մի մեծ արձան։ Այն խորհրդանշում է առաջ քայլող տղամարդու, որի ձեռքին հսկա դրոշ է, իսկ դրոշի մի հատվածն ամբողջությամբ փակել է նրա դեմքը։ Մի քանի ժամ անց պարզ դարձավ՝ աշխատանքի հեղինակը հանրահայտ, բայց մինչ օրս անանուն բրիտանացի սթրիթ-արտ նկարիչ Բենքսին է։

Նա իր ինստագրամյան էջում հրապարակել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են գիշերով տեղափոխում և տեղադրում արձանը Լոնդոնի հայտնի Waterloo Place հատվածում՝ Ուինսթոն Չերչիլի արձանից քիչ հեռու։

Տեսանյութով ներկայացվում է բրիտանական դրոշներ, թագավորական պահակախումբ, անգլիական սև տաքսի և այդ «կույր դրոշակակրի» արձանը։

Բենքսին հերթական անգամ ստեղծել է գործ, որը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։

Դրոշը՝ որպես կուրության խորհրդանիշ

Փորձենք հասկանալ, թե ինչ է խորհրդանշում այն։ Արձանի հերոսը քայլում է առաջ՝ վստահ, նույնիսկ մարտական կեցվածքով։ Բայց իրականում նա չի տեսնում, թե ուր է գնում, քանի որ նրա դեմքը փակված է հենց այն դրոշով, որն ինքն է կրում։

Առավել ուշագրավն այն է, որ արձանի կերպարի հաջորդ քայլը կարծես պատվանդանի եզրից դուրս է՝ դեպի դատարկություն, գուցե նույնիսկ անդունդ։ Այդ պատճառով շատերը գործը մեկնաբանում են որպես կույր գաղափարական հետևողականության, քաղաքական մոլեռանդության կամ դրոշների հետևից՝ առանց տեսնելու, շարժվելու սատիրա։

Բենքսին գրեթե երբեք ուղիղ բացատրություններ չի տալիս իր գործերին։ Բայց հենց այդ պատճառով նրա աշխատանքները դառնում են համաշխարհային քննարկումների թեմա։

Ո՞վ է Բենքսին

Շատերը գուցե ճանաչեն նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ փոքրիկ աղջկան կարմիր սրտաձև փուչիկով («Girl with Balloon»)։ Այդ պատկերը տարիների ընթացքում դարձել է ժամանակակից արվեստի ամենաճանաչված սիմվոլներից մեկը։

Աղբյուրը՝ banksyexplained.com

Բենքսին բրիտանացի անդերգրաունդ սթրիթ-արտ նկարիչ է, քաղաքական ակտիվիստ և ռեժիսոր, որի իրական անունը մինչ օրս պաշտոնապես հաստատված չէ։ Նա ավելի քան երեք տասնամյակ համարվում է աշխարհի ամենահայտնի անանուն արվեստագետը։

Չնայած որոշ լրագրողներ փորձել են բացահայտել նրա ինքնությունը, ինքը շարունակում է պահպանել անանունությունը։

Բենքսին հայտնի դարձավ 1990-ականներին՝ տրաֆարետային տեխնիկայով արված սատիրիկ գրաֆիտիներով։ Նրա գործերը սովորաբար խիստ քաղաքական կամ սոցիալական ուղերձներ ունեն՝ պատերազմ, միգրացիա, աղքատություն, սպառողականություն, պետական բռնություն, հսկողություն։

Նրա արվեստում հաճախ կա սև հումոր, բայց նաև անհանգստացնող ճշմարտություն։

Արվե՞ստ, թե՞ վանդալիզմ

Բենքսիի աշխատանքները միշտ հակասական են եղել։ Ոմանք նրան համարում են մեր ժամանակների ամենակարևոր քաղաքական արվեստագետներից մեկը, որի գործերը կարողանում են հասարակական քննարկում առաջացնել նույնիսկ նրանց շրջանում, ովքեր սովորաբար արվեստով չեն հետաքրքրվում։

Մյուսները պնդում են, որ սա պարզապես վանդալիզմ է՝ ապօրինի գրաֆիտի և քաղաքային տարածքի վնասում։

Հետաքրքիր հակասությունն այն է, որ ժամանակին պատերից արագ մաքրած Բենքսիի շատ գործեր այսօր վաճառվում են միլիոնավոր դոլարներով կամ պահպանվում թանգարանային արժեքով։

Բայց գուցե հենց այստեղ է Բենքսիի ամենամեծ ուժը․ նա ստիպում է մարդկանց խոսել այն թեմաների մասին, որոնք սովորաբար փորձում են շրջանցել։

Source: Londonist.com

Իսկ Լոնդոնի նոր արձանը կարծես հիշեցնում է, որ երբեմն ամենավտանգավոր մարդիկ նրանք չեն, ովքեր դրոշներ են այրում, այլ նրանք, ովքեր դրոշներն այնքան կուրորեն են կրում, որ չեն նկատում՝ իրենց ընտրած ուղին տանում է դեպի անդունդ։

Թեև Բենքսիի բազմաթիվ աշխատանքներ տարիների ընթացքում մաքրվել, հեռացվել կամ վնասվել են, Լոնդոնի Վեստմինսթերի խորհուրդն այս դեպքում հայտարարել է, որ առայժմ արձանը կմնա հասանելի հանրության համար, իսկ իշխանությունները նույնիսկ սկսել են դրա պահպանության նախնական քայլերը։

Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/05/2026