Դըրբըզեք

Շղթայված բուժօգնություն․ ինչպես էին Մարտունու բժիշկները պայքարում վիրավորների և նորածինների կյանքերի համար

Կրակոցները սկսվեցին 13։10-ին։ Քանի որ ընդմիջման ժամ էր, բժշկուհի Տիրուհի Հարությունյանը դուրս էր եկել հիվանդանոցից։

«Ինձ հետ էր նաև գործընկերուհիս․ վազեցինք դեպի մոտակա շենքի նկուղ։ Անընդհատ կրկնում էի՝ ես պիտի հասնեմ հիվանդանոց, բայց կրակոցները չէին դադարում․․․ Մեր բժիշկներից մեկին նկուղում հանդիպեցի, միասին դուրս եկանք փողոց․ մի պահ անխոս իրար նայեցինք, երկուսս էլ խաչ ունեինք, բռնեցինք խաչն ու սկսեցինք վազել դեպի հիվանդանոց։ Այդ շենքից մինչև հիվանդանոց մի քանի րոպեի ճանապարհ է, բայց այնքա՜ն երկար էր թվում։ Մենք կարծում էինք, թե տեղ չենք հասնի»,- 2023թ․-ի սեպտեմբերի 19-ի ժամանակագրությունը մանրամասնորեն վերհիշում է բժշկուհի Տիրուհին։

Տիրուհին մասնագիտությամբ գինեկոլոգ է, Մարտունու շրջանային բուժմիավորման գինեկոլոգն էր։ Երեք տարի շարունակ աշխատանքի էր գնում Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից։ Շրջափակման վերջին երկու ամիսներին աշխատավայր էր հասնում՝ ինչպես պատահի ու երբ պատահի։ Իր պես նաև՝ ոչ մարտունաբնակ մյուս բժիշկները։

2020-ի պատերազմի ժամանակ Հայաստանից շատ բժիշկներ էին օգնության հասել Մարտունու բուժանձնակազմին․ 2023-ին շրջափակումը նրանց էլ միայնակ թողեց

«Անգամ անեսթեզիոլոգ չունեինք․ անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի անեսթեզիոլոգներից Աբրահամյան Բորիսն էր գալիս։ Միշտ ասում էր՝ որ պատերազմ լինի, ես անպայման գալու եմ։ Ու իր խոսքի տերը եղավ․ առաջին վիրավորներին Ստեփանակերտ հասցրած շտապօգնության մեքենայով ինքը եկավ ու շատ կյանքեր փրկեց, շա՜տ»։

Վիրավորների հոսքը Մարտունու բուժմիավորում սկսվել է հարձակումից կարճ ժամանակ անց։

Քանի դեռ ադրբեջանցիները չէին փակել Մարտունին Ստեփանակերտին կապող մայրուղին, ծանր վիրավորներին առաջին օգնությունը ցուցաբերում, այնուհետև Ստեփանակերտ էին տեղափոխում։

Վիճակը կտրուկ բարդացել է ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակվելուց ու Մարտունու շրջանը լիակատար շրջափակման մեջ վերցնելուց հետո։

«Սարսափելի զգացողություն ունեցանք ճանապարհը փակվելուց հետո․ գիտակցում էինք, որ ունենք խիստ սահմանափակ դեղորայք, սահմանափակ հնարավորություններ ու ինչ-որ պահի այլևս չենք կարողանալու օգնել վիրավորներին․․․ Այդուհանդերձ, միմյանց հույս ու ուժ էինք տալիս, մեզ թույլ չէինք տալիս կոտրվել։ Թեկուզ շատ սուղ հնարավորություններ ունեինք, բայց հաջողվել է հիվանդանոց հասցված բոլոր վիրավորներին խիստ անհրաժեշտ միջամտությունը ցույց տալ»։

Ներքին արյունահոսությամբ բուժմիավորում հասցված 22-ամյա զինծառայողն անհապաղ պետք է վիրահատվեր։ Ստեփանակերտ տեղափոխելու տարբերակը բացառվում էր՝ ճանապարհն արդեն թշնամու վերահսկողության տակ էր։

Վիրահատությունը պետք է աներ հիվանդանոցի գլխավոր բժիշկը՝ Բաղդասարյանը, իսկ նրան օգներ Տիրուհին։

Մասնագիտական պրակտիկայում երբևէ չհանդիպած իրավիճակ էր, բայց ստեղծված պայմաններում՝ անհրաժեշտություն։

Որ այդ տղային բերեցին, ես արդեն ուժասպառ էի․ մի անկյունում նստած հեկեկում էի․․․

«Որ այդ տղային բերեցին, ես արդեն ուժասպառ էի․ մի անկյունում նստած հեկեկում էի, մեկ էլ բուժքույրը եկավ, թե՝ դոկտոր Բաղդասարյանը կանչում է, ասաց՝ ներքին արյունահոսություն է, թող արագ լվացվի, մտնում ենք վիրահատության․․․ Դա լեղապարկի հեռացման իմ առաջին վիրահատությունն էր։ Արյունահոսությունը կանգնեցրինք, լեղապարկը հեռացրեցինք, ու նա ապրեց»։

Բժշկուհին հստակ հիշում է՝ հիվանդանոցում մահ չի արձանագրվել․ բուժմիավորում հասցրած բոլոր վիրավորներն ապրել են։

«Այն ինչ տեսա մեկօրյա պատերազմում, մեծամասամբ առաջին անգամ էի տեսել ու զգացել»։

Պատերազմից ժամեր անց վիրավորների տեղափոխումը հիվանդանոց կտրուկ բարդացել էր․ վառելիքը վերջանում էր, տարածքները, որտեղ տղաների մարմիններն էին, թշնամու վերահսկողության տակ էին անցնում։

«Բազմաթիվ մահեր արձանագրվել են ճանապարհին․ հիվանդանոց չէին հասնում։ Ամսի 20-ին եկավ մի պահ, որ այլևս վիրավորներ չէին բերում։ Մենք, իհարկե, հասկանում էինք, որ դա ոչ թե այն պատճառով է, որ վիրավոր չունենք, այլ՝ որ չեն կարողանում դիրքերից դուրս բերել կամ ճանապարհ չկա արդեն, որ հասցնեն հիվանդանոց․․․ Դրանից հետո սկսեցին բերել դիակներ․․․ Նկուղային հարկում դիահերձարան կար․ այնտեղ էին տանում մարմինները»։

Հիվանդանոցի մի սենյակում հղիներին ու ծննդկաններին էին տեղավորել, մյուսում՝ վիրավորներին, նկուղի մի հատվածում՝ դիակները։ Կյանքի ու մահվան ավելի իրական պայքար դժվար էր պատկերացնել։

Լեոն՝ Մարտունու վերջին ծնունդը

2023թ․ փետրվարից մինչև սեպտեմբերի 21-ը Մարտունու բուժմիավորումում 40-50 կեսարյան հատում է արվել՝ մի մասը Տիրուհու ձեռամբ, մի մասն էլ՝ գործընկերուհու՝ Գոհարի։

Շրջափակման 10 ամիսները հղիների համար լրջագույն փորձություն էր․ եղել են վիժումներ, վաղաժամ ծննդաբերություններ, թերքաշ ծնված նորածիններ․․․

Բժշկուհին գրեթե բոլորին հիշում է․ շրջափակման դժվարությունները հղիների հետ միասին են հաղթահարել։ Ամեն մեկն ունի իր տարբերվող ու հիշվող պատմությունը։ Մարտունիում 100-րդ ծնունդը բժշկուհին դարձյալ շրջափակման ժամանակ է ընդունել։ Հավկիթներով հավաքված փունջն էլ բժշկուհու՝ երրբևէ ստացած ամենայուրահատուկ «ծաղկեփունջն» էր։

Լեոն՝ այսօր

«Սեպտեմբերի 20-ի՝ լույս 21-ի գիշերը՝ 00։15 րոպեին կեսարյան եմ արել։ Բժիշկներն ասացին՝ երևի վերջին կեսարյանն է Մարտունու հիվանդանոցում։ Ես էլ էի համոզված, որ վերջինն է։ Գործընկերս նկարեց՝ հավերժացրեց․․․ Արդեն ամեն ինչ համարյա վերջացել էր՝ անգամ կարաթելը»,- հիշում է Տիրուհին։

Մարտունու հիվանդանոցում վերջին ծնունդը գրանցվել է սեպտեմբերի 25-ին՝ առավոտյան ժամը 6-ին։ Լեոյի ծնվելու պահին հիվանդանոցում արդեն բժիշկ չկար․ մնացել էին մանկաբարձն ու շտապ օգնության վարորդը։

«Գիշերը զանգեց մանկաբարձուհին ու ասաց՝ հղին եկել է, ի՞նչ անեմ։ Ասացի՝ եթե կարող են գալ հետևիցս՝ կգամ, բայց գրեթե համոզված էի, որ հնարավոր չի դա, քանի որ վառելիք չկար։ Ես արդեն տուն՝ Ճարտար էի գնացել։ Այնքանով էր լավ, որ կեսարյանի կարիք չկար, բնական ծննդաբերություն էր, ու ծնունդն ընդունեց մեր մանկաբարձը»։

Ծնունդն ընդունած մանկաբարձն ու նորածին Լեոն

Ուղիղ երկու ժամ անց՝ հենց հիվանդանոցից Լեոյի ընտանիքը նույնպես հարկադրաբար միացավ գաղթի ճանապարհը բռնած հայրենակիցներին․․․

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Պատասխանատու խմբագիր՝ Կարինե Դարբինյան
Վիզուալ նյութերը տրամադրել է Տիրուհի Հարությունյանը
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 27/09/2024