Կրթություն Սոցիալական

Որքան է թանկացել կրթությունը մարզկենտրոններում

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ «Ամփոփ Մեդիա»-ի թղթակիցը ուսումնասիրել է Հայաստանի կրթական որ փուլերում և որ մարզկենտրոններում է թանկացել ուսումը՝ հիմք ընդունելով 2024թ. առաջին կիսամյակի սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ), որը հասանելի է ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքում։

2024թ․ հունվարից-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ Հայաստանում կրթության ՍԳԻ-ն ավելացել է 4.8%-ով։

Վիճակագրական կոմիտեի ուսումնասիրած մարզկենտրոնների կտրվածքով՝ կրթությունն ամենաշատը թանկացել է Հրազդանում․ 2024թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այստեղ կրթության ՍԳԻ-ն աճել է մոտ 11%-ով։ Հրազդանին հաջորդում է Գյումրին՝ ՍԳԻ 10% աճով։

Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) տնտեսական ցուցանիշ է, որը գնահատում է, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվում ապրանքների և ծառայությունների գները։

ՍԳԻ-ն կարևոր է, քանի որ ցույց է տալիս, թե որքան արժե սպառողական զամբյուղը՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Այս ցուցանիշը կարևոր է տնտեսության վիճակի գնահատման համար, քանի որ ցույց է տալիս, թե որքանով են փոխվել այն ապրանքների գները, որոնք բնակչությունն օգտագործում է ամեն օր։

Ըստ վիճակագրական տվյալների, մարզկենտրոններից միայն Կապանում չի եղել կրթության գնաճ։ Երևանում և մյուս մարզկենտրոններում (Գյումրի, Վանաձոր, Վաղարշապատ, Աշտարակ, Իջևան, Եղեգնաձոր, Գավառ, Արտաշատ)՝ կրթությունը թանկացել է։ Ամենաքիչը կրթությունը թանկացել է Իջևանում․ ՍԳԻ-ն աճել է 2%-ով։

Նախորդ տարվա համեմատ՝ ամենաշատ թանկացումը գրանցվել է միջնակարգ կրթության մակարդակում, ամենաքիչը՝ բարձրագույն։

Տարրական կրթության ՍԳԻ-ն 2023թ. հունվար-հուլիս ամիսների համեմատ այս տարի աճել է 5․7%-ով, միջնակարգ կրթությունը՝ 6.1%-ով, հետմիջնակարգ և ոչ բարձրագույն կրթությանը՝ 5.2%-ով։ Բարձրագույն կրթության ՍԳԻ-ն աճել է 4.8%-ով։

Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Մենթոր՝ Տաթև Խաչատրյան

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 31/08/2024