Գյուղում ծնված ու մեծացած հայրս չէր կարող բազմաբնակարան շենքի 4-րդ հարկում հաշտվել թոշակառուի կենսակերպի հետ:
Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելուց հետո Ստեփանակերտի Արեշ թաղամասում անմշակ հողատարածք գնեց:
«10 տարուց եդեմ կունենանք»,- ասում էր նա:
«10 տարուց եդեմ կունենանք»,- ասում էր նա:
2017 թվականն էր:
Հայրս նախ հյուղակ շինեց հողամասում, որտեղ գիշերելուց հետո նա այլևս ցանկություն չուներ վերադառնալ բնակարան:
Հողագործության համար նվազ պիտանի հողամասում սեփական ռազմավարական մոտեցմամբ ժամանակի ընթացքում պտղատու այգի հիմնեց:
Հյուղ ասվածը սկզբում թիթեղից ու հին տախտակներից էր: Երբ ծառերը ձգվեցին վեր հայրս հիմնավոր պատեր կառուցեց: Հետո որոշեց գետնափոր թոնիր շինել, որի հիմնական հումքն աղյուսն էր, կավն ու ավազը:
Շուտով ընտանեկան հավաքույթներն սկսեցին կազմակերպվել իմ հայրական նոր օջախում: Հացաբույր թոնրատանը հյուսվում էին ամենաքաղցր զրույցները:
Հաց թխելու գործընթացն ընտանիքով էր կազմակերպվում, յուրաքանչյուրն ուներ իր դերը: Ղեկավար հացթուխը հայրս էր: Բոլորը ենթարկվում էին նրա հրահանգներին: Թոնրին շատ մոտ մորս չէր թողնում, սակայն, հորս կայսրության մեջ մորս ներկայությունն անթաքույց ոգևորիչ պայման էր:
Մամաս խմորն էր գնդում, գրտնակում ու հորս մատուցում: Մեկը հետևում էր, որպեսզի պատին կպած հացը չվառվի, թոնրի մեջ չընկնի, մյուսը թխած հացերն էր դարսում մաքուր սփռոցով ծածկված փայտե հարմարանքի վրա:
Ես, սովորաբար, լուսանկարչի դերում էի: )
Թոնրում հաց թխելու համար նախատեսված գործիքները՝ տեփը, ծըհան, թոնիր-խառնիչը, հաց-հանիչն ու տախտակե խոնչան էլ տատիկս էր գյուղից ուղարկել:
Հացից բացի թոնրում նաև գաթա, փախլավա, խորոված, կուրկուտ էին պատրաստում ծնողներս:
Երբ այգում կատարած քրտնաջան աշխատանքի արդյունքը վայելու ժամանակն էր, սկսվեց 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմը: Մարտական ընկերների կանչին պահեստազորի սպան չէր կարող չարձագանքել: Պատերազմի ժամանակ հայրս ոտքից հրազենային վիրավորում է ստանում, իսկ այգին արկակոծվում է:
Աստծո նախախնամությամբ ողջ մնացած հայրս 3 անգամ վիրահատվելուց հետո ոտքի է կանգնում… ու խաղողի առաջին որթը տնկում:
Նա նորից է այգի հիմնում, էլ ավելի ընդարձակ:
Լույսը դեռ չբացված ոտքի վրա էր: Մինչև ուշ երեկո աշխատամոլ մարդն անելիք ուներ այգում: Աննշան գործն անգամ ոչ մեկին չէր վստահում:
Ամեն ծառ ու թփի առանձին խնամք էր ցուցաբերում, ամեն ծառի հետ հայրս իր զրույցն ուներ:
-Պապ հի՞նչ ծառատեսակներ կան այգում:
-Լուսին, ավելի ճիշտ կինի հարցնիս՝ պապ հինչ ծառատեսակ չկա այգում,- ասում էր ու հավելում՝ բանանենուց բացի ամեն ծառ կա:
Խնամքին ու հոգատարությանն ի պատասխան՝ այգին իր տիրոջն ուրախացրեց առատ ու գուներանգ պտուղներով: Ծառերը սկսեցին փթթել ու բերք տալ: Մայրս սկսեց մուրաբաներ, կոմպոտներ բնական չրեր, պահածոներ ու թթուներ պատրաստել:
Հայրս թոռնիկների հետ ամենաքաղցր խաղողն էր ճզմում ու հումք պատրաստում գինու համար:
Այգում, թերևս, իմ ամենասիրելին սև թթենին էր, որից չգունավորվելու համար ընտանիքի անդամները խուսափում էին: Հագնում էի հորս ռեզինե սապոգներն ու մենակ իջնում ծառի մոտ:
Սև թթենու հետ ես էլ իմ զրույցն ունեի: Առաջին անգամ էր բերք տվել: 2023 թվականի հունիսն էր: Հասունացած պտուղները քաղում էի ծառից և ըմբոշխնում: Հորս քրտինքն ավելի էր քաղցրացնում նրանց համը:
Սովորության համաձայն թթենին բոլորինն է: Իմ պատկերացումներում թութթափոցի ընտանեկան աժիոտաժն էր մի քանի տարի հետո:
Շալը բացվում է ու իր գիրկն առնում թթի առաջին տեղատարափը: Փայտե մահակի հարվածից թթերն ընկնում են շալի մեջ ու գլորվելով կուտակվում կենտրոնում: Երևակայականը միահյուսելով իրականությանը երազում էի:
Ժամանակի ամենագեղեցիկ ու բուրավետ ծաղիկներն էլ աճում էին հորս պարտեզում:
Իսկ գուներանգ թիթեռնիկները ծաղկից ծաղիկ էին թռչկոտում՝ հանգիստ, առանց շտապելու:
Միրգն ու բանջարեղենն աճում էր բաց երկնքի տակ, առանց ջերմոցային պայմանների, բոլորովին այլ համային հատկություններով, հյութեղ, սննդարար:
Շրջափակման օրերին հորս այգին փրկություն էր մեզ համար: Այն օգնում էր չկորցնել հատապտուղների, մրգերի ու բանջարեղենների համը: Բերք ու բարիքից հայրս նաև ծանոթ-անծանոթներին էր բաժին հանում: Այգու դարպասները միշտ բաց էին անցորդների, ընկերների, հարազատների առջև:
Տարածքի կարգ ու կանոնի պատասխանատուն էլ հայրս էր: Ճանապարհի եզրից այգու ցանկապատի երկայնքով յասամանի թփեր էր տնկել: Այնքան էի ուրախացել: Պապաս գիտի, որ յասամանաբույրն իմ ամենասիրելին է:
Վառելիքի սղության պատճառով ոտքով էինք այգի հասնում: Անտառով դեպի Արեշ կարճ ճանապարհ կար: Շուրջ մեկ ժամում հասնում էինք այգի: Գնալը հեշտ էր, դատարկ ուսապարկերով էինք: Դժվարը ծանր ուսապարկերն անտառով տուն հասցնելն էր: Յուրաքանչյուրն իր շաբթվա բաժին միրգն ու բանջարեղենն էր տանում: Երեխաների հետ այս «էքսկուրսիաներն» էլ առանձին արկածներ են:
Ընդհանրապես, կամրջի վրայով անցնելն ինձ համար իսկական փորձություն էր: Ֆոբիան մանկուց էր:
Մինչև կամուրջն անցնելը ժամանակ էր պետք ինքնակազմակերպվելու համար:
Տասը, ինը, ութ… երեք, երկու, մեկ… Գնացինք…
Իսկ մեքենայով, բնականաբար ոչ ղեկին, նախազգուշացում ստանալուց հետո փակում էի աչքերս:
Անտառի նեղ և օրորվող կամուրջն առաջինն էր, որ հաղթահարեցի առանց նախապատրաստական տրամադրությունների… Սոված կենդանիների բաժին չդառնալու համար այլ տարբերակ չունեի:
Երկրորդը Հակարին էր…
Ամեն անգամ ինձ տուն ճանապարհելիս հայրս պարտեզի ամենագեղեցիկ ու բուրավետ ծաղիկներից փունջ էր հավաքում, համբուրում ճակատս ու շշնջում՝ իմ ամենասիրուն ծաղիկը դու ես:
Ես այդպես էլ չհասցրեցի նկարել հորս եդեմական պարտեզ տանող յասամանաբույր արահետը…
Բայց հայրս Արցախում հասցրեց ստեղծել իր երազած եդեմը խոստացած 2027-ից շատ ավելի վաղ և ապրեցրեց բոլորիս ամենադժվար շրջանում։
Տեքստի և լուսանկարների հեղինակ՝ Լուսինե Շադյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 10/07/2024