Դըրբըզեք

Ճոճվող ժամանակը. ես ապրում էի իմ ամենալավ ժամանակը

Քնելու անհագ ցանկությամբ տապալվեցի անկողնում, փափագում էի աչք փակել: Թվում էր, թե փախցրած 10-15 րոպեն ամենազոր ազդեցությունն են ունենալու և գերհոգնածությունս անցնելու է:  

Ժամսլաքի զարկերը սթափեցնող էին, սակայն: Ժամանակն էր տնից դուրս գալու

Լավ է, երբ մարդու կյանքում տեղ կա, որտեղ նա կարող է փախչել: Ինձ համար այդ տեղն Արցախթերթն էր. ես փախչում էի այնտեղ, երբ ուրախ էի, երբ տխուր էի

Սեպտեմբերի 19-ին արևը չէր ժպտում: Ամպոտ օրվա ճնշող տխրությունը համակել էր ինձ: Ցավոտ էր աջ ու ձախ:

Դատարկ խանութներ, շոկոլադ փնտրող մայրիկներ, կերպարանափոխված, վաղուց ոչ մոդայիկ հագուստ կրող մանեկեններ, քաղցրավենիք երազող երեխաներ… 

Քաղցրավենիք երազող երեխաներ

Անծանոթների զրույցները խառնվել էին իրար

– Կարումը՞ք տեմ կենաք:

– Հա, պահինչընք անում: 

Իսկ քաղաքը մաքուր էր, մաքուր՝ նաև փոխաբերական իմաստով: Մաքուր էին քաղաքի փողոցները, մարդկանց հոգիները, մաքուր էին անգամ անձրևաջրերը:  

Ամենամաքուր քաղաքը

Հաճելի է, երբ արագանում է շնչառությունդ, երբ սիրտդ սկսում է արագ տրոփել, և ամենևին էլ ոչ նրանից, որ շուրջ 4 կմը ոտքով ես հաղթահարում: Այդ զգացողությունը  մանկությանս գույնն ունեցող քաղաքից էր, գեղեցիկ ակնթարթներ հիշեցնող վայրերից, հարազատ դեմքերից:  

«Ապրելու համար վայրկյա՞ն է պետք, թե՞ հավերժություն»,- մտորում եմ

Մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում շատրվանը փայլում էր իր գեղեցկությամբ: Ջրաշիթերի աշխույժ խաղը դրական լիցքեր հաղորդեց ինձ: Որքան քիչ բան էր պետք օրը գունավորելու և ժպտալու համար:

Սեպտեմբերի 19-ի առավոտյան, Օղակաձև պուրակ

«Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրությունը նորակառույց բազմաբնակարան շենքի առաջին հարկում էր՝ Մամիկոնյան 7 հասցեում: Թերթի աշխատակիցներին, սովորաբար, դեռ շքամուտք չհասած՝  ամեն առավոտ ձյաձ Ալիկն էր դիմավորում: Սեղանի թենիսի վաստակավոր մարզիչը բազմաբնակարանի բնակիչներից էր: Բակում ծառեր, ծաղիկներ ու խաղողի տնկիներ էր աճեցնում:

Մի երկու բառ փոխանակեցի հետը ու ներս մտա:  

Բազմաբնակարան շենքի բակում

Խմբագրությունում ինքնակազմակերպվում էի աշխատասեղանս ոչ միայն աշխատանքի, այլև անձնական հարմարավետության տարածք էր, բնավորությանս համաձայն՝ միշտ կոկիկ:

Սեղանիս տրամադրություն ներշնչող ծաղիկներս էին ու խմբագրիս՝ Նորեկ Գասպարյանի «Ամենալավ ժամանակը» գիրքը, որն ինձ նվիրելուց մակագրել է՝ ապրիր քո ամենալավ ժամանակըԳեղեցիկ ձևավորված գիրքը հրաշագործ ուժով ազդում էր ինձ վրա: Ապրում  էի իմ ամենալավ ժամանակը:

Չգիտեի

Աշխատասեղանս․ սեպտեմբերի 25

Թերթեր, թղթեր, նոթբուք, հեռախոսի հենակ, անլար ականջակալներ, գրիչ, նոթատետր, նախքան շրջափակումը պարտադիր նաև` սուրճ ու շոկոլադ. սա իմ չխմբագրված աշխատասեղանն էր:

Կապույտ գիրքտուփը, որը շոկոլադի իմ պահոցն էրվաղուց է՛լ աշխատասեղանիս չէր: Շրջափակման  ընթացքում այդպես էլ չհանեցի դարակից. դատարկ էր:

Պաշտոնական հաղորդագրություններին հետևելն իմ առաջնային պարտավորությունն էր. առաջնագծում լարվածությունը շարունակվում էր

Ժամանակը ճոճվում էր:

«Լուսին, մոտակա փուռումը  հացըն թըխում, շուտ ըրա, համարյա հերթ չի կա»,- միջանցքից ձայնեց իմ գործընկերուհի Գայանեն:

Այնքան ուրախ էր: Հանապազօրյա հացի ձեռքբերումը գերհաջողություն էր: Աշխատասենյակում Գայանեին որդին էր սպասում: Ֆիզմաթում սովորող 17-ամյա Վադիմը երկար դասամիջոցին միշտ այցելում էր մայրիկին: Խմբագրությունը դիմացի շենքում էր: Մայրիկը «մին լյավ պեն» գտնում էր Վադիմի  համար

Արագ վերցնելով հացի համար նախատեսված գույնզգույն ծաղիկներով քսակն ու դրամապանակս, որն ավելի շատ փքվել էր չիրացված կտրոնների կապոցից, շտապեցի փուռ: Հեռվից  զգալով հացի անուշաբույրն ու տեսնելով վեր խոյացող ծուխը՝, համոզվեցի.  

«Իսկապես հացըն թխում»:

Հացը ձեռք բերեցի համար 11 կտրոնով

Ցուրտ էր: Կրծքիս սեղմելով տաք հացերը՝ արցունքախառն աչքերով շտապեցի խմբագրություն: Օրվա համար նախատեսված իմ ընտանիքի բաժին մեկ ու կես հացը, չգիտեի՝ պատիժ է, թե՞ ուրախություն

Չգիտեի, որ  ժամեր հետո շատ երեխաներ պետք է իրենց քաղցը նկուղում հագեցնեին նրա մի պատառիկով

Ու էլի շատ բան չգիտեի

Ժամանակը ճոճվում էրՄրսում էի:

Առջևում շարունակվող անորոշությունն էր

Շարունակելի

Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Լուսանկարները՝ հեղինակի

«Ճոճվող ժամանակ»-ի

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 21/05/2024