10-ից ավելի ավտոարտադրողներ միջոցներ են ձեռնարկել՝ սահմանափակելու, կասեցնելու կամ Ռուսաստանում իրենց բիզնես գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ։
Daimler Truck-ը հայտարարել է, որ անմիջապես կսառեցնի իր բիզնես գործունեությունը Ռուսաստանում, ներառյալ համագործակցությունը ռուսական բեռնատարներ արտադրող «Կամազ»-ի հետ:
Նրա մայր ընկերությունը՝ Mercedes-Benz Group-ը, օրինական տարբերակներ է փնտրում հնարավորինս արագ «Կամազ»-ում ունեցած իր 15% բաժնեմասն օտարելու համար:
Շվեդական Volvo Cars-ը հայտարարել է, որ կդադարեցնի ավտոմեքենաների առաքումը ռուսական շուկա: Volvo-ն 2021 թ․-ին Ռուսաստանում վաճառել է մոտ 9000 ավտոմեքենա։
General Motors-ը նույնպես հայտարարել է, որ կդադարեցնի ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան: Դետրոյթյան ընկերությունը Ռուսաստանում տարեկան մոտ 3000 ավտոմեքենա է վաճառում և ունի մատակարարման սահմանափակ ազդեցություն:
Ճապոնական Mitsubishi Motors-ն էլ հայտնել է, որ հնարավոր է դադարեցնի մեքենաների արտադրությունն ու վաճառքը Ռուսաստանում, քանի որ տնտեսական պատժամիջոցները կարող են մատակարարման շղթայի խափանումների պատճառ դառնալ:
Ֆրանսիական Renault-ը հաջորդ շաբաթ կդադարեցնի Ռուսաստանում գտնվող մեքենաների հավաքման գործարանների որոշ գործունեություններ լոգիստիկ խոչընդոտների պատճառով:
Renault-ը Ռուսաստանի անմիջական ազդեցության տակ գտնվող արևմտյան ընկերություններից մեկն է։ Այստեղ է այն ստանում իր հիմնական շահույթի 8%-ը՝ ըստ Citibank-ի: Ընկերությունը վերահսկում է նաև «Ավտովազը»՝ Ռուսաստանի խոշորագույն ավտոարտադրողին:
Harley-Davidson Inc-ը դադարեցրել է էլեկտրական հեծանիվների առաքումը Ռուսաստան:
Իրենց գործունեությունը դադարեցնելու մասին են հայտնել նաև բրիտանական Jaguar Land Rover (JLR) և Aston Martin լյուքս դասի ավտոմեքենաների արտադրողները, Գերմանական BMW-ն ու Ford Motor Co-ը։ Վերջինը գործընկերային հարաբերություններ ունի ռուսական ամենախոշոր Sollers ավտոմոբիլաշինական ընկերության հետ, որի տնօրենների խորհուրդը 2016 թ․-ից ղեկավարում է հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը։
Ամփոփեց Կարինե Դարբինյանը
Այլ հոդվածներ այս շարքից՝ #WarInUkraine
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել «Ամփոփ Մեդիայի» նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում «Ամփոփ Մեդիայի» պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 02/03/2022