Կրթություն

Ի՞նչ պարզվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում

Մարգարիտ Կարապետյանը կամավոր ատեստավորման քննություններին հայտագրված և մասնակցած ուսուցիչներից է։ Քննությունը հանձնել է «Հայոց պատմություն» առարկայից։

Ասում է՝ իրենց ծանոթ ուսուցիչների մի մասը երկմտել է՝ արդյոք մասնակցի՞ կամավոր ատեստավորման քննություններին, թե՞ ոչ։

«Երբ իմանում էին, որ պետք է գնամ ատեստավորման, ոմանք ասում էին՝ գնա տես՝ ինչ է, հետո մենք կգնանք։ Մի մասն էլ համոզում էին, որ գնալը մանկավարժի համար պատվաբեր չէ․ եթե կառավարությունն ուզում է աշխատավարձ բարձրացնել, թող բոլորինը բարձրացնի»,- ասում է նա։

Լինելով փորձնական ծրագիր և առաջին անգամ գործի դրվելով 2021թ․՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը հասցրել է արժանանալ հակասական արձագանքների։

Կամավոր ատեստավորման քննությունների կազմակերպումն այն մի շարք միջոցառումներից է, որը ԿԳՄՍ նախարությունը կապում է հանրակրթության ոլորտը բարեփոխելու հետ։ Այդ միջոցառումները միտված են գործող ուսուցիչների աշխատանքային պայմանները, վարձրատրման քաղաքականությունը բարելավելուն, նրանց մասնագիտական զարգացումը խթանելուն և նոր կադրեր դեպի ոլորտ գրավելուն։

Ծրագրի իրականցման առաջին տարում կամավոր ատեստավորում են անցել 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները՝ 10 առարկաներից։

Ըստ նախարարության նախնական ծրագրի՝ կամավոր ատեստավորումը պետք է հնարավորություն ընձեռեր ստուգել ուսուցիչների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները թեստավորման եղանակով։ Կառույցն ակնկալում էր 2000-ից ավելի դիմում, արդյունքում՝ 1500-ից ավելի ատեստավորված ուսուցիչ։

Մինչդեռ պատկերն այսպիսին էր․

Թեստ, թեստ, թեստ

Ուսուցչուհի Մարգարիտ Կարապետյանը նշում է, որ ատեստավորման քննության բոլոր հարցերը դասավանդվող ծրագրից էին և բարդ չէին, սակայն հավելում․

«Անորոշ պատասխաններով հարցեր շատ կային․ օրինակ՝ պայմանագրերից ո՞րն էր ավելի նպաստավոր Հայաստանի համար։ Տրված էր չորս տարբերակ, պետք է ընտրեինք մեկը։ Բայց չէ՞ որ բոլորն էլ տարբեր ժամանակներում ունեցել են իրենց նպաստավոր հետևանքները։ Հստակեցված չէր՝ ինչ են հարցնում»,- ասում է նա։

Մեկ այլ խնդիր է եղել հարցերի առատությունն ու ժամանակի սղությունը։

«Չէիր հասցնում գրել, հետո ստուգել, ապա անցկացնել ձևաթուղթ: Ճիշտ է՝ 3 ժամ էր հատկացված, բայց տեքստը ծավալուն էր։ Ես հանդիպել եմ ԳԹԿ աշխատակցի հետ, այս հարցերը բարձրաձայնել եմ․ ասել է, որ ինչ-ինչ թերություններ հնարավոր է՝ լինեն, մյուս տարիներին դրանք հաշվի կառնվեն, ու հարցերի քանակությունը հնարավոր է՝ կրճատվի»,- ասում է ուսուցչուհին։

Հայոց պատմություն առարկայից դուրս առավել խնդրահարույց դեպքեր գրանցվել են քիմիայից։ Ներկայացված բողոք-դիմումներից 65-ը ստացվել են հենց այդ առարկայից, ասուլիսի ժամանակ հայտնել է ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։

Ստացված 254 բողոքարկումներից միայն 13-ի հայտն է ընդունվել՝ հավելավճար ստանալու համար։ Վերջնական վիճակագրության համաձայն՝ կամավոր ատեստավորման քննությունների հաղթահարելի շեմն անցել է մասնակիցների 65%-ը։

Loading...

Loading…

Առարկայի գիտա՞կ, թե՞ ավելին

Տեխնիկական խնդիրներից զատ ուսուցիչների և ոլորտի մասնագետների համար մտահոգիչ էր քննության կազմակերպման քաղաքականությունը։

Կրթության փորձագետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Աննա Գևորգյանի գնահատմամբ՝ ԿԳՄՍ նախարարության նպատակը, միտումը դրական է, սակայն մեխանիզմը, որով այն իրականցվում է՝ թերի։ Խնդրի մասին խոսելիս՝ մասնագետը կարևորում է հետևյալ հարցերը․ ի՞նչ է նշանակում ուսուցիչների գիտելիք, և ինչպե՞ս կարելի է այն գնահատել։

«Բացի առարկայի իմացությունից՝ ուսուցչի գիտելիքը շատ բաղկացուցիչ մասեր ունի՝ մեթոդական, մանկավարժական, հետազոտական։ Անիմաստ է օգտագործել այնպիսի մեխանիզմ, որը բազմակողմանիորեն չի ստուգում ուսուցիչների գիտելիքը։ Օրինակ՝ որևէ մեկը կարող է շատ լավ մաթեմատիկա իմանալ, բայց չկարողանալ այն դասավանդել աշակերտներին», – Ամփոփ Մեդային ասում է Գևորգյանը։

Ուսուցչուհի Մարգարիտ Կարապետյանը նույնպես կարծում է, որ, թեստի միջոցով հնարավոր չէ լիովին պարզել դասավանդողի գիտելիքների չափը, հատկապես, երբ դա ստուգվում է համակարգչի միջոցով։

Կրթության փորձագետ Աննա Գևորգյանի պնդմամբ՝ ուսուցիչներին ստուգելու համար պետք է ստեղծվեն բազմամասնագիտական թիմեր, այդ թվում՝ որևէ ուսուցչի մասնակցությամբ։ Կան գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է ստուգել ուսուցչի մանկավարժական կարողությունները։

Փորձագետը նշում է, որ տարբեր երկրներում կիրառվում են թեստային առաջադրանքներ, որոնք բաղկացած չեն ընտրովի հարցերից և ուղղված են ստուգելու ուսուցչի քննադատական մտածողությունը։ Օրինակ՝ դրանք կարող են ներառել սցենարներ, որոնց դեպքում ուսուցիչը պետք է ի ցույց դնի իր մեթոդական, մանկավարժական մոտեցումները։ Մյուս կողմից, ուսուցիչներին պետք է տեսնել հենց դասի ժամին՝ դպրոցում։ Բեմադրված դասապրոցեսից խուսափելու համար էլ դասալսումներից մեկը, օրինակ, իրականացնել պայմանավորված կերպով, երկուսը՝ պատահաբար։

Հավելավճար ստանալու այընտրանքային ուղի

Կամավոր ատեստավորման միջոցով անցողիկ շեմը հաղթահարած ուսուցիչներին 5 տարի ժամկետով հնարավորություն է տրվում հավելավճար ստանալ 30, 40 կամ 50 տոկոսով։ Սակայն համեմատաբար ավելի ցածր աշխատավարձ ստացող ուսուցչին անգամ առավելագույն հավելավճարը կարող է չդրդել՝ դիմելու կամավոր ատեստավորման, ասում է Հայոց պատմության ուսուցչուհի Մարգարիտ Կարապետյանը։

Փորձագետ Աննա Գևորգյանն էլ կարծում է, որ նույն կարգավիճակն ու աշխատանքային փորձն ունեցող ուսուցիչների աշխատավարձերի տարբերությունը կարող է ազդել միջանձնային հարաբերությունների վրա։ Անհրաժեշտ է ձևավորել ոչ թե մրցակցային, այլ համագործակցային միջավայր։

Հատկանշական է, որ կամավոր ատեստավորումն ուսուցիչների աշխատավարձի բարձրացման միակ հնարավորությունը չէ․ Հայաստանում գործում է նաև տարակարգի շնորհման գործընթաց։ Այդպիսով, ուսուցիչը իր մանկավարժական և մասնագիտական կարողություններով, անհրաժեշտ կրեդիտներ կուտակելով, ստանում է հավելավճարներ՝ 10-50 տոկոսի չափով:

Հավելենք, որ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի՝ ուսուցիչները 5 տարին մեկ անգամ մասնակցում են հերթական պարտադիր ատեստավորման, որը չի ենթադրում գիտելիքների ստուգում. ուսուցիչը դպրոցի միջոցով ներկայացնում է փաստաթղթեր, և տարածքային կամ հանրապետական հանձնաժողովները դրանց դիտարկման արդյունքում որոշում են կայացնում զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանության վերաբերյալ:

Այս գործընթացը վերջին երկու տարվա ընթացքում չի իրականացվել, քանի որ պատասխանատու հիմնական մարմինը՝ Կրթության ազգային ինստիտուտը, լուծարվել էր:

 

Ատեստավորմանը կից ուսուցիչները նաև ժամանակ առ ժամանակ մասնակցում են առարկայական վերապատրաստումների։

«Մենք ունենք մանկավարժական պարտադիր վերապատրաստումներ, որին ժամանակ առ ժամանակ մասնակցում են ուսուցչները. այս տարի ձևաչափը փոխվել էր ու բավական արդյունավետ էր»,- Ամփոփ Մեդային ասում է ուսուցչուհի Մարգարիտ Կարապետյանը։

Նրա կարծիքով՝ դասավանդողների աշխատանքի որակը նկատելիորեն կբերալավվի նման վերապատրաստումներ հաճախակի կազմակերպելու դեպքում։

Սովորի՛ր, որ դասավանդես

Վերապատրաստումները՝ վերապատրաստումներ, բայց ուսուցիչների պատրաստվածության մակարդակը ձևավորվում է այն կրթական հաստատություններում, որտեղ նրանք ստանում են իրենց մանկավարժական կրթությունը։

Հայոց պատմության ուսուցչուհու կարծիքով՝ կամավոր ատեստավորումն ու դրա արդյուքները կասկածի տակ են դնում բուհական գիտելիքների որակը։

Կրթության փորձագետ Աննա Գևորգյանն ասում է, որ երկրում մանկավարժական կրթությամբ առաջատար բուհը՝ Երևանի Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, ունի որակյալ կադրեր պատրաստելու խնդիր, և դա հստակ երևում է վերջին հավատարմագրման արդյունքներում։ 10 չափանիշներից չորսի դեպքում բուհի աշխատանքը որակվել է անբավարար։

«Համաձայն եմ, որ այնտեղ թե՛ լավ դասախոսներ, թե՛ լավ ուսանողներ կան։ Այնուամենայնիվ, այդ բուհը խնդիր ունի։ Հավատարմագրման հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ համալսարանի կրթական ծրագրերն արդիական չեն, ուսանողակենտրոն չեն և չեն համապատասխանում ժամանակակից պայմաններին։ Ինձ համար սա պատասխան է,»- ասում է փորձագետը։

ԿԳՄՍ նախարարությունը նույնպես անդրադարձել է կրթության խնդրին՝ «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» հրամանում։ Ասվում է, որ «մանկավարժներ պատրաստող բարձրագույն ուսումնական հաստատությունները չեն ընկալվում որպես երկրի լավագույն բուհեր և մրցունակ չեն»։

Ուստի, կարիք կա վերանայել մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատությունների հանդեպ վարվող պետական քաղաքականությունը, որը ենթադրում է բուհերի պետական ֆինանսավորման, ընդունելության ընթացակարգերի, ծրագրերի վերանայում։

Loading...

Loading…

Վերադառնալով կամավոր ատեստավորման առաջին քննությանը՝ հավելենք, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ՝ այն հնարավորություն տվեց ախտորոշել իրավիճակը հետագա անելիքները իրագործելու համար:

«Քանի որ սա փորձնական ծրագիր էր, բնականաբար, առաջին անգամ անցկացման հանգամանքով պայմանավորված՝ որոշակի ճշգրտումներ կատարելու և գործընթացն առավել բարելավելու կարիք է առաջացել: Այդ պատճառով մենք բաց ենք առաջարկներ ստանալու և դրանք քննարկելու համար»,- ասել է նա։

Կամավոր ատեստավորումը կգործի պարտադիր ատեստավորմանը զուգահեռ և ուսուցիչներին հավելավճար ստանալու հնարավորություն կընձեռի:

2022-2023թթ․ նախարարությունը նախատեսում է այն անցկացնել 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար:

Հեղինակ՝ Հռիփսիմե Հայրապետյան

Ինֆոգրաֆիկները՝  հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 27/12/2021