Կրթություն

Թումոն բոլոր պատանիների համար․ կրթական ցանցը` երկրով մեկ

«Թումո Հայաստան» նախաձեռնությունը նպատակ է դրել հինգ տարվա ընթացքում Հայաստանի ու Արցախի ցանկացած բնակավայրում ապրող յուրաքանչյուր պատանու հասանելի դարձնել նորարարական կրթությունը։ Այդ նպատակին հասնելու համար «Թումո-Հայաստան»-ը նախատեսում է 16 կենտրոններից և 110 տուփերից կազմված կրթական ցանց հյուսել։ Ցանցի ստեղծման գործընթացն արդեն մեկնարկել է․ Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքները Դիլիջանի «Թումո» կենտրոնին են կցվել մեկ տարի առաջ՝ 2020թ․ ավարտին։

«Այս մեկ տարվա ընթացքում փորձարարական երկու տուփերն էլ իրենց գործունեությամբ ապացուցեցին, որ համակարգն արդյունավետ աշխատում է։ Պատանիներն ինքնուսուցման նախապատրաստական փուլը հաջողությամբ անցան մինի Թումոյում՝ տուփում, որից հետո Դիլիջանում, որն այդ երկու տուփերի համար հանգույց ծառայող կենտրոնն է, անցան դասընթացները»,- «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը։

Թե՛ տուփում, թե՛ կենտրոնում ինքնուսուցման փուլն անցնող ուսանողներն ունեն հավասար հնարավորություններ, միայն թե տուփը պատանիներին թույլ է տալիս ինքնուսուցման ամբողջական փուլն անցնել իրենց իսկ կամ մոտակա համայնքում։

Այստեղ նաև աշխատարաններ են կազմակերպվում։ Աշխատարանները կարճատև ծրագրեր են, որոնց ընթացքում դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում հայտնի, աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետները կամավոր սկզբունքով հմտություններ են սովորեցնում «Թումո»-ի սաներին։

Բերդի թումոցիներն, օրինակ, նման հնարավորություն արդեն ունեցել են․ ամերիկացի ռեժիսոր Մերի Քեթրինգի հետ տեղում ոչ միայն ֆիլմարտադրության հիմունքներին են ծանոթացել առաջին ձեռքից, այլև սեփական ուժերը փորձել՝ նկարահանելով Բերդի մասին կարճատև վավերագրական ֆիլմ։

Ֆիլմի ստեղծագործական խմբում էր 14-ամյա Նարեկ Առաքելյանը։ Նարեկը Տավուշի մարզի Տավուշ գյուղից է, Բերդի «Թումո»-ի առաջին սաներից։ Ասում է՝ ոգևորությունը մեծ է եղել, երբ Բերդում «Թումո» բացելու լուրը լսել է։ Նույն օրը «Թումո»-ի ուսանող դառնալու հայտն է լրացրել։ Եվ շուտով կլրանա մեկ տարին, ինչ Նարեկը համագյուղացի մյուս թումոցիների հետ ամեն չորեքշաբթի 5 կմ ճանապարհ է անցնում՝ հասնում Բերդ, որպեսզի մեկուկես ժամ տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն ուսումնասիրի։

Բերդի թումոցիները

Ի՞նչ են սովորում Թումոյի ուսանողներն ու կարեւորը՝ ինչպե՞ս

Թումոյի սանն այնտեղ սովորելու ողջ ընթացքում ինքնուսուցմամբ է զբաղվում՝ անկախ տարիքից, նախընտրած ոլորտից ու ցուցաբերած առաջադիմությունից։

Առաջին փուլն ինքնուսուցման կողմնորոշիչ փուլն է, որի ընթացքում պատանիները պարտադիր ծանոթանում են բոլոր 14 ոլորտներին, որոնց վերաբերյալ Թումոյում դասընթացներ են անցկացվում։

Պատանիներին նախ և առաջ ուսուցանվող բոլոր 14 դասընթացներին ծանոթացնելու պարտադիր պայմանը Զառա Բուդաղյանն այսպես է բացատրում․ «Նախ՝ դա օգնում է պատանիներին բացահայտումներ անել թե՛ ոլորտների, թե՛ իրենց կարողությունների մասին։ Եվ հետո՝ բարձրացնում է պատասխանատվության զգացումը։ Երբ ծանոթանում են, այսպես ասած, իրենց առաջարկված կոմպլեկտին, պետք է դրանցից ընտրեն 6 ոլորտ, որոնց մասին առաջիկա 2-3 տարում ավելի խորացված գիտելիքներ են ձեռք բերելու։ Այդ ընտրությունն է ավելի պատասխանատու դարձնում»։

Թեկուզ «Թումո»-ում սովորելու համար ժամանակային սահմանափակում չկա, բայց, ըստ մեր զրուցակցի, 2-3 տարին այն ժամանակահատվածն է, որը թույլ է տալիս լավ յուրացնել ու արդյունավետ կիրառել «Թումո»-ի ծրագիրը։

Ինքնուսուցման կողմնորոշիչ փուլն անցնելուց հետո ուսանողը «Թումո շավիղ»-ի գծած ճանապարհով սկսում է առաջ գնալ՝ հաղթահարելով դասընթացների հերթական փուլերը։ «Թումո շավիղը» բավականին խելացի ծրագիր է, որն ուսանողի արագաշարժությունից, հետաքրքրություններից ելնելով՝ նախանշում է, թե տվյալ ուսանողը նախընտրած 6 ոլորտներից յուրաքանչյուրի համար որքան ժամանակ կծախսի։ Նախնտրելի բոլոր վեց ոլորտներից ուսանողներն անցնում են դասընթացներ, որոնց տևողությունը կախված է ուսանողի առաջադիմությունից։ Դրանից ելնելով էլ շավիղը հընթացս «կանխատեսում է» դասընթացների տևողությունը։

Յուրաքանչյուր դասընթաց իր հերթին ինքնուսուցման փուլ ունի, որն անվանվում է նախավարժանք։ Եթե ուսանողն առանց դժվարության հաղթահարում է այս փուլը, անցնում է բուն դասընթացին։

Եթե ինքնուսուցման կողմնորոշիչ փուլում պատանիների հետ, ըստ անհրաժեշտության, աշխատում են մարզիչները, ապա այս փուլում տվյալ ոլորտում փորձ, գործնական գիտելիքներ ունեցող դասընթացավարն է աշխատում։

Զառան ասում է՝ «Թումո»-ում ամեն ինչ պրակտիկ գիտելիքի վրա է առաջ գնում․ օրինակ՝ եթե սովորում ես ծրագրավորում, ապա պետք է գրես կոդ, և այն պետք է աշխատի։

«Հաճախ են հարցնում, թե ինչով ենք տարբերվում, օրինակ, ծրագրավորման դասեր անցկացնող կազմակերպությունից։ Պատասխանում եմ՝ նրանով, որ ուսանողին տալիս ենք հարակից ոլորտներից գիտելիքներ, հմություններ ձեռք բերելու հնարավորություն։ Օրինակ՝ ծրագրավորողը գրաֆիկ դիզայների հետ ավելի հեշտ ու արդյունավետ կաշխատի, եթե հասկանա այդ ոլորտից։ Մենք այդ խառնուրդն ենք ապահովում, քանի որ հատկապես հիմա ցանկացած ոլորտում նախընտրելի է տեսնել հմտություններով հարուստ, բազմակողմանի զարգացած ու ճկուն աշխատողի»։

«Թումո» ընդունվել կարող է 12-18 տարեկան, ՀՀ-ում և Արցախում ապրող ցանկացած պատանի, ում հասանելիության տիրույթում կա «Թումո» կենտրոն կամ տուփ (տիրույթն, ինչպես արդեն նշել ենք, ընդլայնման փուլում է,-խմբ․)։ Տարիքային սահմանափակումը միայն ընդունելության պայմանն է․ ընդունվելուց հետո ցանկացողները Թումոյի հետ կապը  կարող են պահել՝ որքան ուզում են։

Թումոյում ուսանելու հնարավորություն են ստանում ընդամենը հայտը լրացնելով։

Այս տարի լրանում է «Թումո»-ի ստեղծման տասը տարին․ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների առաջին կենտրոնը բացվել է Երևանում, 2011թ․։ Այդ ընթացքում «Թումո»-ում ուսանել է շուրջ 60 հազար ուսանող։ Ներկայում գործող «Թումո»-ի չորս կենտրոններում (Երևան, Դիլիջան, Գյումրի, Ստեփանակերտ) և երկու տուփերում (Բերդ, Գավառ) սովորում է մոտ 20 հազար ուսանող։

Ի՞նչ է Թումո տուփը

Տուփերը, որոնք հավաքվում են կոնտեյներներից, նման են դասասենյակների, որ բացի կոմունալ բոլոր հարմարություններից, պարտադիր ունենում են նաև «Թումո»-ի կենտրոններին հատուկ ինտերիեր։

Կախված ուսանողների թվից՝ տուփերը կարող են բաղկացած լինել մեկ կամ մի քանի մոդուլներից։ Մեկ մոդուլանոց տուփը, որը հավաքվում է երեք կոնտեյներից, կարող է սպասարկել 320 ուսանողի։

Սկզբունքորեն, տուփը չպետք է կտրված լինի կենտրոնից, որպեսզի ինքնուսուցման կողմնոշիչ փուլից հետո ուսանողները պարտադիր անցնեն դասընթացները։ Ուսանողն առավելագույնը մեկ ժամում «Թումո»-ի տուփից պետք է հասնի «Թումո»-ի կենտրոն։ Տուփերի ու դրանց միացված հարևան համայնքների միջև հեռավորությունն էլ ավելի փոքր պետք է լինի։

Ուսանողներին տրանսպորտային միջոցը ամենաուշը 40 րոպեում պետք է հասցնի հանգույց՝ տուփ։

16 մեծ կենտրոններն ընտրվել են այնպես, որ հնարավորինս շատ տուփեր կարողանան միացնել։

Մինչև այս տարվա ավարտը նախատեսվում է տուփեր ստեղծել նաև Մարտակերտում, Կապանում, Սևանում և Վայքում։ Ամբողջ ցանցը հյուսելու համար պահանջվող 50 մլն ԱՄՆ դոլարից առայժմ հավաքվել է 30 մլն-ը։ «Թումո»-ի բարեգործական հիմնադրամին կատարվող փոխանցումների և կենտրոնի արտասահմանյան մասնաճյուղերի շնորհիվ է, որ Հայաստանի ու Արցախի պատանիների համար «Թումո»-ում կրթությունն անվճար է։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Լուսանկարները՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 08/12/2021