Էկոլոգիա

Մշուշից ավելի համառ․ քայլարշավ դեպի Արագածի հարավային գագաթ

Արշավախումբը Քարի լիճ հասավ առավոտյան 10-ին։ Արագածի լանջին գտնվող լիճը 3200 մետր բարձրության վրա է: Այստեղից էլ քայլելով պիտի շարժվենք դեպի Արագած լեռան հարավային գագաթ, բարձրությունը՝  3887 մետր։

Լեռը մշուշի մեջ է, տեսանելիությունն էլ մեծամասամբ ոչ ավելի, քան 10 մետր։

«Լեռնագնացության ժամանակ միշտ պետք է անակնկալների սպասել, ինչպես՝ վատ, այնպես էլ՝ լավ։ Այսօր մառախուղ է, ինչն արդեն իսկ հավելյալ խնդիր է և՛ ինձ համար, և՛ մասնակիցների», – ասում է արշավախումբն ուղեկցող, One Way Tour տուրիստական գործակալության գիդ Գևորգ Բաղդասարյանը։

Գևորգն ասում է, որ այսպիսի իրավիճակներում շատ կարևոր է խուճապի չմատնվել, վստահել ուղեկցողին և ականջալուր լինել նրա հրահանգներին։

Գևորգի համար այս տարի սա արդեն 5-րդ արշավն է դեպի Արագածի հարավային գագաթ։ Ասում է՝ կորոնավիրուսը «փակեց» արտերկիր գնալու ճանապարհները, մարդիկ էլ սկսեցին էլ ավելի հետաքրքրվել հայրենի բնությամբ, լեռներով՝ զարկ տալով ներքին տուրիզմին։

Հարավային գագաթը լեռան չորս գագաթներից ամենացածրն է: Արևմտյան գագաթն ունի 3995.3 մ, արևելյանը՝ 3908.2 մ բարձրություն: Ամենաբարձրը հյուսիսային կատարն է՝ 4090.1 մետր։

Ճանապարհի երկարությունը 10-11 կմ է։ Այն անցնելու համար 3-3,5 ժամ է անհրաժեշտ, վերադառնալու համար՝ 2,5-3։ Այս ուղին հաղթահարելու համար անհրաժեշտ է պատրաստ լինել և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես։

Մեր խմբում ոչ միայն փորձառու մարդիկ էին, այլև՝ սկսնակներ։ Հենց դրա համար է, որ հատկապես եղանակային վատ պայմանների դեպքում պետք է ավելի շուտ ու հստակ հասկանալ՝ շարունակո՞ւմ ես քայլել, թե՞ վերադառնում ես, որովհետև գալիս է մի կետ, որտեղից ուղեկցողն ուղղակի չի կարող քեզ մենակ հետ ուղարկել․ մշուշի մեջ կորելը խաղ ու պար է։ Այնպես որ, ցանկալի է ուժերը նախօրոք՝ մինչ լեռ բարձրանալու որոշում կայացնելը գնահատել։

«Լեռները թելադրում են իրենց կանոնները։ Չենք կարող դատել կամ մեր ուզած եղանակը պահանջել, պարզապես ամեն անգամ պետք է էլ ավելի պատրաստված լինել», – ասում է Գևորգը։

Պատրաստված լինելը ենթադրում է բավարար փորձ, ուղեկցողի հրահանգներն ընկալելու և կատարելու ունակություն ու պատրաստակամություն, ամուր կոշիկներ, համապատասխան հագուստ, ուսապարկ, ջուր և սնունդ՝ բացառելով աղի ուտելիքները։

Սննդի մասին խոսելիս Գևորգը նախորդ արշավից զվարճալի դեպք է հիշում։

«Մի երիտասարդ արշավի ողջ ընթացքում առաջարկում էր սուրճ եփել մեզ համար, հրաժարվում էինք՝ շարունակելով քայլել։ Հասանք գագաթ, նորից առաջարկեց, չհրաժարվեցինք։ Ու մինչ մենք մտածում էինք՝ ինչպես է կրակ անելու, եփելու, բացեց փոքր ուսապարկն ու միջից հանեց ոչ միայն սուրճը, այլև փոքրիկ գազօջախ, ձու ու լոլիկ, այ էդպես Արագածի գագաթին անգամ լոլիկով ձվածեղ կերանք»։

Վերադառնալով պատրաստվածությանը, այնուամենայնիվ, Գևորգն ասում է՝ եղել են դեպքեր, երբ որոշիչ է եղել ոչ թե վերոնշյալ պայմանների առկայությունը, այլ նաև տվյալ անձի հոգեբանական ամրության առկայությունը կամ բացակայությունը։

«Քայլարշավի սկզբնական հատվածում կարող են դժվարություններ լինել շնչառության, ճնշման տատանման հետ։ Բացի այդ, եթե ծանրաբեռնվածությանը չեն դիմանում, ստիպված եմ լինում ուղեկցել՝ ցույց տալով վերադարձի ճանապարհը, որովհետև մեկ անձի համար հնարավոր չէ ողջ խմբին մինչ ուշ երեկո լեռան վրա թողնել. վտանգավոր է»։

Լեռ հաղթահարելը, բարձունքին հասնելն ինքնին փորձություն էր, իսկ գագաթին հասնելը կարծես լեռան կողմից պարգև։ Գևորգն ասում է, որ լեռները գրավում են նրանով, որ մի գագաթը բարձրանալուց հետո մյուսն արդեն կանչում ու սպասում է։

Մեր խումբը մշուշից ավելի համառ գտնվեց․ գագաթը հաղթահարեցին բոլորը, ինչը չէր հաջողվել նախորդ խմբերի մասնակիցներից մի քանիսին։ Սակայն վերջիններս Գևորգին խոստացել են, որ վերադառնալու են։

Վերադարձին մառախուղը անհետացավ, և Քարի լճից գեղեցիկ տեսարան բացվեց Արագածի հարավային գագաթին։

Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Լուսանկարներն ու տեսանյութը՝ հեղինակի

COVID-19-ը Հայաստանում․ Այս թեմայով այլ նյութեր

#COVID19 #crisis

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 23/08/2020