Իրավունք

Թակարդ Լապշինին․ Բաքվի սեւ ցուցակ եւ Ղարաբաղի տուրիզմ

Լուսանկարը՝ Ա․Լապշինի բլոգից

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության ոչ ցանկալի անձանց ցանկը` առավել հայտնի իբրեւ «Բաքվի սեւ ցուցակ», պարունակում է շուրջ 450 անձանց անուններ, որոնց մուտքը Ադրբեջան խստիվ արգելվում է: Դրանք տարբեր պետությունների այն քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներն են, ովքեր տարբեր տարիների այցելել են Լեռնային Ղարաբաղ` առանց Բաքվի հետ իրենց այցը նախապես համաձայնեցնելու: 2011թ-ից այս ցուցակում է նաեւ զբոսաշրջիկ-բլոգեր ռուս-հրեական ծագմամբ Ալեքսանդր Լապշինը, ով ունի Իսրայելի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Ուկրաինայի քաղաքացիություն։ Առցանց հանրությանն առավել հայտնի Puerrtto կեղծանվամբ բլոգերը մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, ընդ որում նաեւ՝ սեւ ցուցակում հայտնվելուց հետո։ Սակայն 2016թ․ հունիսին Լապշինի կատարած այցելությունն Ադրբեջան պատճառ դարձավ, որ Ադրբեջանը նրա նկատմամբ սեւ ցուցակով չբավարարվի։

Իրավիճակ

2016թ. դեկտեմբերի 15-ին բելառուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի պահանջով Մինսկի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին։ Բաքվում նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 218.2 (պետության դեմ ուղղված կոչերի) եւ 318.2 (Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու համար) հոդվածներով, ինչի համար նրան կարող է սպառնալ մաքսիմալ 8 տարի ազատազրկում։ Բելառուսի գլխավոր դատախազությունը ձերբակալությունից հետո վճռել էր բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Հունվարի 26-ին եւ փետրվարի 7-ին Լապշինի բողոքարկմամբ գործը քննվել է նախ Մինսկի քաղաքային դատարանում, այնուհետեւ Բելառուսի գերագույն դատարանում (վերջինում առանց նրա ներկայության)՝ երկու ատյաններում էլ անփոփոխ թողնելով Գլխավոր դատախազության որոշումը։ Գերագույն դատարանի որոշումից հետո, նույն օրն իսկ իրականացվեց Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին։

Պաշտոնական Բաքուն զբոսաշրջիկ-բլոգերին  թիրախավորել էր այն բանից հետո, երբ վերջինս, իմանալով, որ սեւ ցուցակում է, նպատակադրված այցելել է Ադրբեջան, մի քանի օր շրջագայել Ադրբեջանով, ինչպես նաեւ շրջել Լեռնային Ղարաբաղի հետ սահմանային շրջաններում։ Լապշինին հաջողվել է Վրաստանի տարածքով առանց խոչընդոտի ելք ու մուտք ունենալ Ադրբեջանի սահմանային անցակետ՝ շնորհիվ ուկրաինական անձնագրի, որում «Ալեքսանդր» անունը գրված է «Օլեքսանդր»։ Ադրբեջանում գտնվելու 3,5 օրերի ընթացքում Լապշինը մտադրված է եղել այցելել նաեւ Նախիջեւան, սակայն դա նրան չի հաջողվել տվյալ օրվա Բաքու-Նախիջեւան չվերթը չեղյալ համարվելու պատճառով։ Լապշինի պատմությունը գուցե նման զարգացում չունենար, եթե չվերթը չեղյալ համարող ադրբեջանական ավիաընկերությունը նույն օրը վերադարձներ Լապշինի գնած տոմսի արժեքը՝ 77 մանաթը (մոտ 40 ԱՄՆ դոլար), ինչը չէր արվել։ Գրեթե երեք ամիս ձգված անպատասխան պահանջից հետո, Լապշինն այս ողջ պատմությունը նկարագրում է իր բլոգում՝ դժգոհություն եւ զայրույթ հայտնելով, ինչպես ինքն է նշում, «Ալիեւին պատկանող ավիաընկերության նկատմամբ»՝ շեշտելով, որ առաջին անգամն է, որ իր տոմսի արժեքը չեն փոխհատուցում քաղաքական պատճառով: Գրառման հաջորդ օրը, ի զարմանս բլոգերի, ավիաընկերությունը փոխհատուցում է տոմսի արժեքը։

40-ամյա Լապշինի ռուսալեզու բլոգում բազմաթիվ այլ պատմություններ ու լուսանկարներ կան հեղինակի ճամփորդությունների ու դրանց ընթացքում տեղի ունեցած արկածների մասին: Ըստ բլոգում նշված տվյալների` Լապշինն այցելել է աշխարհի 5 մայրցամաքների 122 երկրներ։ Գրառումներից հասկանալի է դառնում, որ զբոսաշրջիկը խնայողաբար է ծախսել իր միջոցները՝ օգտվելով մատչելի փոխադրամիջոցներից եւ իջևանատներից։ Բայց առավել ուշագրավ է այն, որ Լապշինի այցելած երկրների ցանկում առկա են նաեւ հակամարտող մի շարք պետությունների անուններ, որոնց մեջ կան այնպիսիք, որոնք մեղմ ասած` չեն ցանկանում իրենց երկրի սահմանը հատեն օտարերկրացիներ, որոնց անձնագրերում առկա է հակառակորդ երկրի անցակետի կնիքը։ Լապշինը եղել է Մերձդնեստրյան Հանրապետությունում եւ Մոլդովայում, շրջագայել է Աբխազիայում, իսկ հետո Վրաստանում։ Լինելով Իսրայելի քաղաքացի՝ այցելել է մի շարք արաբական երկրներ: Եղել է նաեւ աֆրիկյան հակամարտող պետություններում։

Արկածներ որոնող եւ «փակ սահմաններ» հատող զբոսաշրջիկը հեշտությամբ ընկավ Բաքվի պատվիրած բելառուսական թակարդը նաեւ այն պատճառով, որ իր բլոգում հստակ նշել էր նախատեսվող ճամփորդությունների ցանկը, որում Մինսկը նախավերջինն էր 2016թ․ դեկտեմբերյան այցելությունների շարքում։

image-2546
Ա․ Լապշինի 2007թ-ից թռիչքների օրագրի վիզուալ պատկերը Flightdiary.net կայքում

Պատմական ակնարկ

Ադրբեջանի արտգործնախարարությունն իր կայքում առաջին անգամ ոչ ցանկալի օտարերկրացիների ցուցակը հրապարակել է 2013թ․ օգոստոսին։ Ցուցակում, ընդհանուր առմամբ, առկա է եղել 335 անձի անուն` 40 պետությունից: Մեծամասնություն են կազմել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Նահանգների քաղաքացիները: Թարմացված ցուցակում ներառված են նաեւ աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի անունը, ով Լեռնային Ղարաբաղ է այցելել 2013թ․ հունիսին, Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի եւ ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դյուքի անունները: Մուտքն Ադրբեջան արգելված է նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի հայամետ պատգամավորների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայենի համար: Անցանկալի անձանց ցուցակը վերջին տարիներին ընդլայնվում է՝ ներառելով մեծ թվով լրագրողների ու փորձագետների։ Ադրբեջանական մամուլի համաձայն, այն անձինք, ովքեր հրապարակավ հայտարարել են, որ զղջում են կատարած այցելության համար եւ ներողություն են խնդրել Ադրբեջանի իշխանություններից, հանվել են ցուցակից։

Բաքվի ջանքերին հակառակ՝ աճել է Լեռնային Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկների թիվը։ Ըստ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության տվյալների՝ 2015թ․ Ղարաբաղ է այցելել շուրջ 16,600 զբոսաշրջիկ 78 երկրից, ինչը 15,4%-ով կամ 2,214-ով ավել է 2014թ․ Արցախ ժամանած զբոսաշրջիկների քանակից։

Փաստարկ

Լապշինի պաշտպանները չեն կարող Բելառուսի դեմ հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), քանի որ այդ պետությունը չի ստորագրել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոնվենցիան: Ադրբեջանը թեեւ ստորագրել է Կոնվենցիան, սակայն ըստ ՄԻԵԴ-ի 2015թ․ կայացրած վճիռների, այն Հարավային Կովկասում մարդու իրավունքները ամենաշատը խախտած պետությունն է։ Ռուսաստանը եւ Իսրայելը բարձր մակարդակով հայտարարել են, որ դեմ են Լապշինի արտահանձմանը Ադրբեջանին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լապշինի գործով իր դիրքորոշումը հայտնելիս նշել է, որ Մինսկը գործում է օրենքի շրջանակներում։ «Բայց ես պետք է նշեմ նաեւ, որ Իսրայելն ու Ադրբեջանը կամ պայմանավորվել են, կամ կպայմանավորվեն այս մարդու [Լապշինի] ճակատագրի շուրջ։ Նրանք [Իսրայելն ու Ադրբեջանը] շատ սերտ հարաբերություններ ունեն։ Եթե Իսրայելը ցանկանա՝ այդ մարդու գլխից ոչ մի մազ չի ընկնի։ Ես կարծում եմ՝ դուք հասկացաք, թե ես ինչ էի ուզում ասել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Լուկաշենկոն։

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը Լապշինին վերաբերող գործընթացներում որեւէ կերպ ներգրավված չեն, թեպետ Լապշինի ձերբակալությունը եւ Մինսկում տեղի ունեցող դատական ողջ գործընթացը դժգոհության ալիք են բարձրացրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրության շրջանում։ Հայաստանի կողմից եղան արձագանքներ պաշտոնական եւ ոչ պաշտոնական մակարդակներով։ Իսկ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Լապշինի գործին, ասաց, – «չեմ կարծում, որ դա [Լապշինի դեպքը] նախադեպ կարող է դառնալ, կամ որեւէ մեկին խանգարի։ Ինչքան իրենք [Ադրբեջանը] խոչընդոտում են, այնքան ավելի գովազդում են Արցախը, եւ բոլորը ցանկանում են գնալ ու տեսնել այն։ Իսկ Ադրբեջանի նյարդերը տեղի են տալիս, դրա համար էլ այսպիսի իրավիճակների մեջ է հայտնվում։ Բայց կարծում եմ՝ դա միայն վնաս է հասցնում հենց Ադրբեջանի հեղինակությանը եւ կհասցնի բոլոր նրանց, ովքեր կփորձեն այսպիսի հարցերում համագործակցել Ադրբեջանի հետ»։

ՀԳ Լապշինի բլոգում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Ադրբեջանի վերաբերյալ երկու տասնյակի հասնող գրառումներ կային, որոնցից, սակայն, այժմ հասանելի են միայն Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող նյութերը։ Ղարաբաղին վերաբերող ակտիվ հղումներն այս նյութի տեղադրման պահին խափանված էին։

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) հայտարարությունը Լապշինի գործով։
  • Human Rights Watch-ի հայտարարությունը Ադրբեջանում մամուլի իրավունքներին առնչվող խնդիրների վերաբերյալ։
  • «Հալածված, բանտարկված, աքսորված». Human Rights Watch-ի զեկույցը Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ։
  • Amnesty International-ի զեկույցը Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։

Ամփոփեցին՝ Ամի Չիչակյանը եւ Սուրեն Դեհերյանը

Պատասխանատու խմբագիր՝ Աստղիկ Գեւորգյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn