Իրավունք

Պետությանը հասցված միլիարդների վնասը և փոխհատուցումը. թարմացվող հաշվիչ

Թարմացվել է 2018թ. օգոստոսի 17-ին

Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության և Պետեկամուտների կոմիտեի կայքերում ավելի հաճախակի դարձան պետական և համայնքային բյուջեների յուրացումների և չարաշահումների վերաբերյալ ահազանգերը:

«Ամփոփ մեդիան» ուսումնասիրել և դուրս է բերել այս 5 կառույցների կողմից մայիսի 8-ից օգոստոսի 17-ը հրապարակված բոլոր այն հաղորդագրությունները, որոնք վերաբերում են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ յուրացման, պետական գումարների չարաշահման, բյուջեից յուրացման, բյուջեի վատնման և պետությանը վնաս հասցնելու գործողությունների մեջ ներգրավված 200-ից ավելի պետական հիմնարկներին և մասնավոր կազմակերպություններին:

Դուրս բերված տվյալների հիման վրա (դրանք հասանելի են այստեղ), որոնց կարող եք ծանոթանալ ստորև բերված ինտերակտիվ պատկերի միջոցով, ներկայացնում ենք վերը նշված ժամանակահատվածում հայտարարված պետությանը հասցված վնասի ընդհանուր չափը, ինչպես նաև վերականգնված վնասը` համաձայն պաշտոնական աղբյուրների:

Ավելի քան 20 մլրդ դրամի հասնող վնասի մասին հայտարարեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ի կառավարության նիստի ժամանակ: Խոսելով վերջին 2 ամիսներին քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերված, պետությանը հասցված վնասի չափի մասին` նա նշեց հետևյալը.

«Հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը հիմա պետք է վճարվի: Այստեղ 42 միլիոն դոլարի մասին է գնում խոսքը` երկու ամսվա ընթացքում: Սա շատ կարևոր ցուցանիշ է, և կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք: Երկու ամիս, որից կես ամիսը առնվազն ծախսվել է զուտ կազմակերպչական աշխատանքների վրա, այսինքն սա իրականում մեկ ու կես ամսվա ցուցանիշ է»:

Նույն նիստի ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կարևորել է «վնասի վերականգնում» հասկացության հստակեցումը, ինչը նշանակում է, որ գումարը չի վերադարձվել պետական բյուջե:

«Նշանակում է, որ վերականգնվել է ընկերության հաշվարկային հաշիվ և մուտքագրվելու է պետական բյուջե ակտի առկայության դեպքում, որը նախատեսում ենք հրապարակել մինչև հուլիսի 17-ը»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Ի լրումն

Բացի պետությանը հասցված դրամական վնասների ակնհայտ դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրություններից, իրավապահ և անվտանգության մարմինները հրապարակում են նաև պետությանը հասցված նյութական վնասի վերաբերյալ փաստեր, ԴԱՀԿ-ի կողմից որոշ դեպքերում գումարի և գույքի չբռնագանձման, ինչպես նաև ապօրինի հարստացման դեպքեր: Առայժմ ստույգ տվյալներ չկան նաև հարկերի վճարումից խուսափած ցանցային առևտրով զբաղվող 11 խոշոր ընկերությունների մասին, որոնց վերաբերյալ հայտարարվել է, որ տվյալ կազմակերպությունները պետք է ինքնուրույն վերահաշվարկեն չվճարված հարկերի չափը՝ վնասի հատուցման հարցը լուծելու համար։

ԱԱԾ-ի կողմից նաև տեսահաղորդագրություն է տարածվել «Երկրապահ Կամավորականների Միություն» ՀԿ-ի վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից ապօրինի կերպով ռազմամթերք ձեռքբերելու և պահելու, ինչպես նաև յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու վերաբերյալ: Ավելի ուշ՝ հունիսի 25-ին, մեղադրանք առաջադրվեց նաև նրա որդու՝ Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նկատմամբ: Նա մեղադրվում է Մանվել Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբով, յուրացման եղանակով իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու մեջ:

Այս շարքը համալրում է հունիսի 25-ին ԱԱԾ-ի կողմից ապօրինի հարստացման կասկածանքով բերման ենթարկված և ձերբակալված գեներալ-մայոր, պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի դեպքը: Վերջինս եղել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը (հայտնի է նաև «Սերժի Վաչո» մականունով): Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների խուզարկությամբ հայտնաբերվել է 120 հազար ԱՄՆ դոլար, 436 մլն ՀՀ դրամ: Ըստ ԱԱԾ օպերատիվ տվյալների՝ Վաչագան Ղազարյանը բանկերից մեկում ունեցել է 860 մլն դրամ, իսկ նրա կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը՝ 690 մլն դրամ, որոնք սակայն ներկայացված չեն եղել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում: Ավելի վաղ Ռուզաննա Բեգլարյանի բնակարանում հայտնաբերվել էր 35.000.000 ՀՀ դրամ, 1մլն 110 հզր 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց, «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենա: Խուզարկությամբ հայտնաբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ գումարը, քննիչի որոշմամբ, ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը։ Իսկ Ռուզաննա Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու համար:

Ապօրինի հարստացման մեղադրանքով քրեական գործեր են հարուցվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Լյովա Սարգսյանի, նրա որդու և դստեր նկատմամբ: Որդու՝ Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում` որպես ավանդ ներդրված, շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր, որոնք ներառված չեն եղել հայտարարագրերում:

Փորձագետի կարծիք



Նոր հաղորդագրությունների հրապարակման դեպքում սույն պատկերում առկա ցուցանիշները կթարմացվեն և Ampop.am կայքի ընթերցողները հնարավորություն կունենան ինտերակտիվ հաշվիչի միջոցով հետևել պետությանը հասցված վնասի և դրա վերականգնման դինամիկային:

Ամփոփեց Աստղիկ Գևորգյանը

Լուսանկարը` Primeminister.am

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 21/06/2018