Առողջություն

Պատվաստումը մերժողների բուժումը` վճարովի․ Սինգապուրը կիրառեց, Հայաստանը քննարկում է

Սինգապուրում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու իրավունք ունեցող բնակիչների 85%-ն ամբողջությամբ պատվաստված է, իսկ 18%-ը ստացել է խթանիչ պատվաստումներ (booster shots): Սակայն Սինգապուրի կառավարությունը նոյեմբերի սկզբին հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում հոգալ պատվաստվելուց ինքնակամ հրաժարվող քաղաքացիների կորոնավիրուսով պայմանավորված բուժման ծախսերը։ Ըստ Washington Post-ի, ներկայումս Սինգապուրի հիվանդանոցներում COVID-19-ով հոսպիտալացվածների հիմնական մասը հենց չպատվաստվածներն են:

«Չպատվաստված անձինք կազմում են ինտենսիվ ստացիոնար բուժման կարիք ունեցողների զգալի մեծամասնությունը և առողջապահական ռեսուրսների ծանրաբեռնման պատճառ են դառնում», – ասվում է Սինգապուրի առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Հայաստանում նույնպես COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների ծախսերը հոգում է պետությունը։

Հոկտեմբերի սկզբին Հայաստանի իշխանությունները ևս ակնարկեցին, որ անվճար բուժման մոտեցումը կարող է փոխվել այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում պատվաստվել։ Որպես հիմնավորում հնչում էր հետևյալ հռետորական հարցը՝ ինչո՞ւ պետք է պատվաստված մարդու վճարած հարկերն ուղղվեն այն մարդկանց բուժմանը, որոնք հարկ չեն համարում պատվաստվել։

Առողջապահության նախարարության, լայն առումով՝ կառավարության դիրքորոշումը պարզ է․ կա պատվաստվելու անվճար հնարավորություն, և եթե քաղաքացին չի ուզում պատվաստվել, ապա պետությունը չպետք է ֆինանսական պատասխանատվություն կրի նրա առողջության, բուժման համար։

«Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշում է, որ վճարովի բուժման տարբերակը քննարկման փուլում է և համարվել է իբրև ծայրահեղ տարբերակ։

«Մենք հիմա դեռ դա չենք իրագործի, դե՛ռ։ Բայց դա չի նշանակում, որ չի քննարկվում։ [․․․] մենք փորձում ենք այդ ծայրահեղ քայլին չգնալ, քանի որ կան առաջնային այլ մեխանիզմներ, որոնք էլ իրագործվում են», – պարզաբանում է Խաչատրյանը։

Բժշկական գիտությունների թեկնածու Վահե Տեր-Մինասյանը խնդրի բարոյական կողմը կիսում է, բայց կարծում է՝ այդպիսի որոշում չի լինի։

«Եթե գանք բարոյական դաշտ, ապա, այո, մարդիկ, որոնք չունեն սոցիալական պատասխանատվություն, ուրիշի մասին չեն մտածում, իրենց մասին չեն մտածում, նրանք հակասոցիալական վարքագիծ են դրսևորում։ Պետությունը ամիսներ շարունակ հնարավորություն է տալիս իրենց պատվաստվելու, բայց իրենք չեն պատվաստվում։ Առաջին հայացքից տրամաբանություն կա, բայց կարծում եմ, անհնար է իրականացնել, և ճիշտ էլ չի լինի իրականացնել», – նշում է Տեր-Մինասյանը։

Ըստ Տեր-Մինասյանի, եթե նման որոշում լինի, ապա մարդկանց մի մասը, չունենալով բուժման համար անհրաժեշտ գումար, ուղղակի չի դիմի բժշկի, կզբաղվի ինքնաբուժությամբ, ու խնդիրն ավելի կխորանա, մահվան դեպքերն ավելի կշատանան։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչների քննարկումներում անգամ հաշվարկել էին, որ կորոնավիրուսի դեմ բուժման վճարովի տարբերակը կարող է քաղաքացու գրպանին արժենալ մոտ 800 հազար դրամ, իսկ որոշ դեպքերում՝ մեկ միլիոն և ավելի։

«Ամփոփ Մեդիան» նախարարությունից ճշտել է այն ծախսերը, որ իրականացվում են բուժհաստատություններում՝ Քովիդով հիվանդների բուժման համար։

Նախարարության պարզաբանման համաձայն՝ մեկ անձի բուժման ծախսերը չեն կարող գերազանցել`

  • Առաջին ու երկրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքներ ունեցող բուժհաստատություններում՝ 640 հազար դրամը,
  • Երկրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքներ ունեցող բուժհաստատություններում՝ 840 հազար դրամը։

Վահե Տեր-Մինասյանը բացատրում է, որ աշխարհում որևէ պետություն չի գնա կորոնավիրուսից բուժումը վճարովի դարձնելու ճանապարհով հենց այն պատճառով, որ դա ավելի կխորացնի խնդիրը։

«Պրակտիկ տեսակետից, իհարկե, չեմ կարծում, որ երբևէ նման որոշում կայացվի։ Կարող է դրանով մի քիչ վախեցնեն, մի քիչ հորդորեն, բայց չեմ կարծում, որ երբևէ որևէ երկրում, այդ թվում Հայաստանում, կգնան նման քայլի, որովհետև իսկապես չի կարելի։ Ենթադրում եմ, որ սա կսահմանափակվի «սպառնալիքի» մակարդակով», – բացատրում է Տեր-Մինասյանը։

Ենթադրաբար այդ սպառնալիքի տակ հայաստանցիների մի մասն էլ կդիմի պատվաստման։ Հիմա դրա կարիքը շատ կա, որովհետև Հայաստանը հետնապահներից է և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում։

Առողջապահության նախարարի խոսնակը բացատրում է, որ եթե որոշեն չպատվաստվածների համար բուժումը դարձնել վճարովի, ապա միգուցե մեկ դեղաչափ պատվաստվածների համար բուժումը մնա անվճար։ Սակայն քանի դեռ հիմնական որոշումը չկա, դետալների քննարկումը վաղ է։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Գծապատկերները՝ հեղինակի

#COVID19

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 06/11/2021