Լրահոս

Ապրիլի 27- մայիսի 3. Պետական մարմինները պատշաճ չեն պատասխանում հարցումներին

Նախորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) ուղղված դիմումների թիվը 2017թ. համեմատ կրկնակի ավելացել է: Դիմում բողոքները վերաբերում են ՀՀ պետական մարմինների կողմից քաղաքացիների հարցումներին պատշաճ չպատասխանելուն: Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ կրկնակի աճել է նաև լրագրողների հարցումներին պատշաճ չպատասխանելու վերաբերյալ դիմումների թիվը։ Թաթոյանը նշում է, որ այս ցուցանիշը կապված է նաև Հայաստանում 2018թ. ապրիլյան իրադարձությունների հետ։ Քաղաքական փոփոխություններին զուգահեռ աճել է քաղաքացիների դիմումների թիվը, ինչն էլ ազդել է բողոքների թվի աճի վրա։

Մարտի 1-ի գործն ուղարկվել է դատարան

Գլխավոր դատախազությունը ապրիլի 29-ին հաստատել է 2008թ. մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի դեմ մեղադրական եզրակացությունը: Քրեական գործն ուղարկվել է դատարան։ Ըստ հրապարակված մեղադրական եզրակացությունների՝ առաջին երեք նախկին պաշտոնյաները մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելու գործում Ռոբերտ Քոչարյանին աջակցելու մեջ: Գևորգյանն ու Քոչարյանը մեղադրվում են նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Միաժամանակ, մայիսի 3-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ Մարտի 1-ի 10 զոհերի  դեպքերի վերաբերյալ ապացույցները բավարար չեն և հնարավոր չէ որևէ մեկին որպես մեղադրյալ ներգրավել:

ՃՏՊ-ների աճ

Ծառուկյանին մանդատից զրկելու դիմում

«Քաղաքացու որոշում»  կուսակցությունն ապրիլի 29-ին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցով: Դիմումի մեջ նշվում է, որ  Ծառուկյանն ակնհայտորեն զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը խախտում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձն իրավունք չունի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու։ Այս թեմայով Գագիկ Ծառուկյանին գրություն է ուղղել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Գրության մեջ նա հորդորում է ԲՀԿ ղեկավարին սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնել և հետևել, որպեսի պատգամավորի գործունեությունը շահերի բախում չառաջացնի:

Լուրեր Երևանի քաղաքապետարանից  

Քաղաքապետարանն ապրիլ ամսին 26 մլն դրամով պակաս գումար է տրամադրել «Սանիթեք» ընկերությանը, որը պատշաճ չի կատարել քաղաքի աղբահանության գործընթացը: Նոր աղբատար մեքենաներ գնելու համար 236 մլն դրամ է դուրս գրվել քաղաքի բյուջեի այն հատվածից, որը նախատեսված էր նախակրթարանների հիմնանորոգման համար: Քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը սա բացատրել է նրանով, որ մանկապարտեզների 30%-ի հիմնանորոգումն իրականացվելու է միջազգային դոնորների գումարով և տնտեսված գումարը կարելի է հատկացնել այլ ոլորտի:

Ներվել են ԽՍՀՄ բռնադատվածների վարկերը

ՀՀ կառավարությունը մայիսի 2-ին որոշում է ընդունել, որով ներում է խորհրդային տարիներին բռնադատված անձանց և նրանց ժառանգներին 2002թ-ից տրամադրված արտոնյալ վարկերը։ Դրանք տրամադրվել էին պետբյուջեից 303 քաղաքացու՝ 1% տոկոսադրույքով և 25 տարի մարման ժամկետով՝ բնակարանային պայմանների ապահովման համար: Նախագիծը ներկայացրել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ հաշվի առնելով, որ 2018թ․ դրությամբ  վարկը մարել է 19 վարկառու, իսկ 114-ը՝ վճարում չի կատարել։ Վարկերի ընդհանուր գումարը մոտ 1 մլրդ 200 հազար դրամ է։ 2018թ․ դրությամբ չմարված վարկերի ընդհանուր գումարը մոտ 340 մլն դրամ է։

Նոր վարկ՝ ճանապարհաշինության համար

Հայաստանը պատրաստվում է 13 մլն 400 հազար վարկային գումար ստանալ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ, անգլ.՝ International Bank for Reconstruction and Development (IBRD)): Ճանապարհաշինության համար նախատեսված այս վարկը ստանալու նախագծին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մայիսի 2-ին: Ծրագրի նպատակն է գյուղական համայնքների համար շուկաների և ծառայությունների հասանելիության ապահովումը։ Նախատեսվում է բարելավել կենսական նշանակություն ունեցող ճանապարհները՝ ընդհանուր 61 կմ երկարությամբ: Վերանորոգվող ճանապարհները գտնվում են ՀՀ 6 մարզերում՝ Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի և Արագածոտն։

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 05/05/2019