Քաղաքական

Հունվարի 21-25. Փաշինյան-Ալիև հանդիպում, պագևավճարներ, գեներալի կալանավորում, վերելակների արտադրամաս

Վթարային վերելակներից դեպի վերելակ արտադրող երկիր

Այս շաբաթ կրկին քննարկվում էր բազմաբնակարան շենքերի վերելակների խնդիրը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում նշել է, որ 2-3 տարում նախատեսվում է փոխարինել քաղաքի 3800 վերելակ: Մայրաքաղաքի 2019 թ․ բյուջեով վերելակների հիմնանորոգմանն ուղղված ծախսերը նվազել են, փոխարենը՝ ավելացել են դրանց փոփոխման համար ներդրվող գումարները։

Այս լուրին հետևել է Կոտայքի մարզպետարանից տարածված այն լուրը, որ  ընթացիկ տարում այս մարզում կհիմնվի վերելակների հավաքման արտադրամաս։ Նախատեսվում է, որ արտադրված վերելակները կօգտագործվեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև կարտահանվեն։

Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվեց

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվեց: Նրան տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դեմ ՀՀ վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել Գլխավոր դատախազությունը։  

Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել դեռևս անցյալ տարվա հունիսին ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու համար:

Նրա խափանման միջոցը փոխվել էր  դեկտեմբերի 21-ին՝ 25 միլիոն դրամ գրավի դիմաց: Մինչև վերաքննիչ դատարանի կողմից Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու որոշումը, մի խումբ ցուցարարներ փակել էին Երևան-Էջմիածին ճանապարհը՝ պահանջելով փոխել Գրիգորյանի խափանման միջոցը՝ կրկին կալանավորել նրան։

Փաշինյան-Ալիև հանդիպում Դավոսում

Հունվարի 22-ին՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում շվեյցարական Դավոս քաղաք մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մեկ ու կես ժամ տևած հանդիպման ընթացքում նախագահները, ըստ վարչապետի, քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններին վերաբերող հարցեր։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  վարչապետ Փաշինյանը։

Պաշտոնական Բաքուն  հայտնել է, որ այս հանդիպումը կազմակերպել է Համաշխարհային տնտեսական համաժողովի ղեկավարությունը։ Մինչդեռ պաշտոնական հանդիպումները սովորաբար կազմակերպվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ, ինչպես օրինակ, հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։

Նիկոլ Փաշինյանը տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր է քննարկել Շվեյցարիայի, Ուկրաինայի, Ռուանդայի նախագահների, Իսպանիայի և Բելգիայի թագավորների և  մի շարք այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Apple ընկերության ղեկավարի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Նվազում են վարչապետի աշխատակազմի ծառայողական մեքենաները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող 50 ավտոմեքենաներից մնալու են 7-ը։ «Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն երկու փոխվարչապետերը, ԱԽ քարտուղարը և վերջ»,- նշել է Աղաջանյանը և հավելել, որ ինքը ևս հրաժարվելու է ծառայողական մեքենայից։

Պարգևավճարներ նոր պաշտոնյաներին

Չեն հանդարտվում պետական կառույցների կողմից հատկացվող տարեվերջյան պարգևավճարների շուրջ քննարկումները։ Արարատի, Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի և Արմավիրի մարզպետները պարգևատրել են իրենք իրենց և մարզպետարանների աշխատակիցներին։ Հանրության շրջանում զայրույթի հիմնական պատճառն այն է, որ պարգևատրված անձանց մեծ մասը դեռևս կարճ ժամանակ էին աշխատում իրենց պաշտոններում, իսկ ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի՝  պարգևավճար ստանալ կարող են փաստացի 6 ամսից ավելի աշխատողները։ Բացի այդ, պարգևատրությունը չի կարող գերազանցել մեկ ամսվա աշխատավարձը։ Օրենքի այս կետը չի պահպանել Արարատի մարզպետը՝ աշխատողներին  տալով աշխատավարձի 104,5%-ի չափով պարգևատրում։

Հանրության ուշադրության կենտրոնում էր նաև այն լուրը, որ Երևանի քաղաքապետարանը հրաժարվել է տեղեկություն տրամադրել պարգևատրված աշխատակիցների մասին` համարելով դա գաղտնի տեղեկություն: Ըստ ոլորտի մասնագետների` սա «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կոպտագույն խախտում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պարգևավճարների թեմային, նշել է, որ դրանք աշխատավարձի մաս են կազմում և տրվում են օրենքով սահմանված կարգով։

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 25/01/2019