Միջազգային

Առանց վարորդի մեքենաներ. Կվարեն ռոբոտները

Ավտոարդյունաբերությունը, թվում է, կայծակնային արագությամբ սլանում է դեպի մի դարաշրջան, որտեղ մեքենաներն ինքնավար կլինեն։ Գուցե ֆուտուրիստական հնչի, սակայն այսօր արդեն կան դրա նշանները։ Ռոբոտները կամաց-կամաց հեռացնում են մեզ վարորդի նստատեղից։ Այսօր դուք եք փողոցում արգելակում ավտոմեքենան կամ ղեկի միջոցով փոխում երթևեկության գոտին, մինչդեռ առաջիկա երկու տարում ի հայտ եկող մեքենաները երթևեկության գոտիները կփոխեն ավտոմատ և թույլ կտան վարել դրանք առանց ձեռքերի օգնության։ Սա շատերին նյարդայնացնում է, և դեռ կան անթիվ-անսահման էթիկական ու իրավական հարցեր, որ դեռ պետք է կարգավորվեն։ Սակայն գրեթե կասկածից վեր է, որ կգա այն օրը, երբ ավտոմեքենաները կվարեն ռոբոտ-վարորդները։  Մի կողմից ավտոարտադրողներն ապագան պատկերացնում են ինքնավար «տրանսպորտային կոնտեյներներով», որոնք կտրամադրվեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ սպասարկող Uber կամ Lyft ընկերությունների կողմից՝ դուրս մղելով ավտոտնակներում ավտոմեքենա պահելու ավանդույթը։ Մյուս կողմից մարդիկ այլևս խմբերով չեն տեղաշարժվում դեպի արվարձաններ, ինչը 20-րդ դարին բնորոշ տենդենց էր։ Փոխարենը միլիոնավոր մարդիկ շարժվում են դեպի քաղաքներ։ Այսպիսով, կա ընտրության հնարավորություն մեգա մետրոպոլիսների խցանումների և անվարորդ մեքենաների միջև, որոնց շարժը ձկների վտառների պես ներդաշնակ է։

Իրավիճակ

Անվարորդ մեքենաների զարգացման նպատակով այս տարվա հունվարին ԱՄՆ վարչակազմն առաջարկել է 10 տարվա ընթացքում շուրջ 4 մլրդ․ դոլար ծախսել հետազոտության և ենթակառուցվածքի վրա, իսկ սեպտեմբերին ավտոարտադրողներին է ներկայացրել մի կանոնակարգ, որի հավանության արժանանալու դեպքում դրանք կարող են գործարկվել։ Բացի ավտոարտադրող ընկերություններից, որոշ տեխնոլոգիական ընկերություններ ևս միլիարդներ են ծախսում՝ մշակելու այնպիսի ինքնավար փոխադրամիջոցներ, որոնք սենսորների, տեսախցիկների և բարձր արագությամբ հաշվողական հզորության շնորհիվ կարող են ընկալել և արձագանքել երթևեկությանը, հետիոտներին, լուսակիրներին և ենթակառուցվածքին։ Ճոխ բրենդներն արդեն նախաձեռնել են այնպիսի գործառույթների ավելացում, ինչպիսիք առանց ձեռքերի մայրուղով վարելն ու ինքնուրույն ավտոկայանելն է։ Ավտոպիլոտով ընթացող Tesla Սեդանի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո այս, այսպես կոչված, կիսաինքնավար փոխադրամիջոցը մանրազնին ուսումնասիրության ենթարկվեց։ Ներկայումս Tesla-ն նախատեսում է զինել իր բոլոր նոր մեքենաներն ինքնավարման այնպիսի սարքավորումներով, որոնք կարագացնեն ինքնուրույնացման գործընթացը։ «Գուգլ» և «Ֆիատ Կրայսլեր» ավտոարտադրողները համախմբվում են մշակելու ինքնավար շուրջ 100 Կրայսլեր մինիվեններ, մինչդեռ BMW-ն համագործակցում է ինքնավարման համակարգերի մասեր արտադրող Intel և Mobileye ընկերությունների հետ։ GM-ը ներդրումներ է կատարում Lyft ընկերությունում՝ ստեղծելու ռոբոտ-տաքսիների  պարկ։ GM-ը 1 մլրդ․ դոլարի ներդրում է կատարել նաև Cruise ավտոմատացում ինքնակառավարման ստարտափում, իսկ «Ֆորդը» 182 միլիոն դոլար է ներդրել Pivotal Software ընկերության ամպերի հաշվարկման ստարտափում (cloud computing startup), ինչը հնարավորություն է տվել նրան մշակել շարժականության աշխատածրագիր (mobility app)։ «Ֆորդը» խոստանում է մինչև 2021թ․ գործարկել 100,000 ռոբոտ-տաքսիներ և ասում, որ մշակում է այնպիսի անվարորդ տեխնոլոգիա, որը կիրառելի կլինի մեծաքանակ մարդկանց պարագայում։

Պատմական ակնարկ

Ինքնակառավարվող մեքենայի մասին երազանքն իր առաջին արտահայտությունն է գտել գիտաֆանտաստիկ գրքերում, իսկ այնուհետև 1939թ. «Ջեներալ Մոթորսի» Ֆուտուրամա ցուցադրության ժամանակ` Նյու-Յորքի համաշխարհային տոնավաճառում: Հաշվողական հզորությունը չէր հասցնում մեր երևակայության ետևից մինչև 1980-ականները, երբ Կարնեգի-Մելլոն համալսարանը նախաձեռնեց Chevy ռոբոտ ֆուրգոնը, իսկ Մյունխենի Բունդեսվերի համալսարանը՝ «Մերսեդես» մակնիշի ինքնավար ֆուրգոնը: Սպառողներն առաջին անգամ ավտոպիլոտը փորձարկեցին 1990-ականներին, երբ «Տոյոտա», «Միցուբիշի» և «Մերսեդես» ընկերություններն առաջարկեցին հարմարվողական կրուիզ-կոնտրոլ համակարգը (adaptive cruise control), որը մեքենայի արագությունը կարգավորելու համար օգտագործում է ռադարներ, որոնք թույլ են տալիս առջևի մեքենաներից սահմանված հեռավորություն պահպանել: Քանի որ սենսորների և չիպերի արժեքն ու չափսը նվազել է, ինքնակառավարվող համակարգերը լայն տարածում են ստացել և հանդիպում են առօրյա «Հյունդայի»  և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներում: «Գուգլը»  արագացրել է զարգացման տեմպերը՝ փորձարկելով իր` ավելի քան 2 միլիոն մղոն գրանցած ինքնավար ավտոմեքենաները Սիլիկոնային հովտի ճանապարհներին: Ճանապարհային սկզբնական փորձարկումներում ինքնակառավարվող մեքենաների վթարներն, ըստ էության, երկու անգամ գերազանցել են մարդկանց կողմից վարվող մեքենաների վթարները, թեև ըստ հետազոտողների` հիմնականում մեղավորությունը վարորդներինն է եղել:

Փաստարկ

Գյուտարարության արագացված տեմպերը գերազանցում են ինքնավար մեքենաների ոլորտը կանոնակարգելու կառավարության հնարավորությունը: Գրքերում կան մի քանի օրենքներ, որոնք պարտադրում են վարորդներին ղեկը պահել ձեռքում, որովհետև ոչ ոք չի պատկերացրել, որ սա կարող է խնդիր դառնալ: Ավելի լայն իմաստով, կենսական կարևորություն ունեցող իրավիճակում որոշում կայացնելու իրավունքը ռոբոտին տալու էթիկական երկընտրանք է ստեղծվում: Անպատասխան է մնում նաև պատասխանատվության հարցը: Ո՞ւմ մեղադրել ավտոպիլոտ մեքենայի վթարի դեպքում: Ինչ վերաբերում է ավտոարտադրողներին, ապա նրանք էլ դեռ պետք է ստեղծեն ցանցային հնարավորություններով օժտված այնպիսի մեքենա, որը չենթարկվի ծրագրային խափանման՝ տեղիք տալով անվտանգության հետ առնչվող մտահոգությունների և ռոբոտ մեքենաների անկառավարելիությունից բխող անելանելի զարգացումների: Այնուամենայնիվ, ըստ ԱՄՆ կարգավորող մարմինների և այլոց ՝ ինքնավար մեքենաները կարող են փրկել հազարավոր կյանքեր, քանի որ վթարների 94 %-ը տեղի է ունենում վարորդների մեղքով: Օգտակարությունն առավել մեծ կարող է լինել զարգացող երկրներում, որտեղ պատահարների ցուցանիշները բարձր են, իսկ ավտոմեքենաներն իսկական պարգև կարող են լինել հաշմանդամների և տարեցների համար: Մինչդեռ բեռնատարների միլիոնավոր վարորդներին ու այլոց, ովքեր ռոբոտների պատճառով կարող են կորցնել իրենց աշխատանքը, այս փոփոխությունը գուցե այդքան էլ դուր չգա։

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Հեղինակ՝  Keith Naughton

Աղբյուր՝ Բլումբերգ

Թարգմանիչներ` Կարինե Դարբինյան, Լիանա Հակոբյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 30/12/2016