Սեպտեմբերի 19-ին լրացել է Արցախի դեմ ադրրբեջանական ռազմական ագրեսիայի, Արցախի բռնազավթման ու շուրջ 120 հազար բնիկ ազգաբնակչության բռնի տեղահանության մեկ տարին։
Արցախի հայաթափումից հետո ստեղծված ԼՂ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբն այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է․
«Բաքվի ցեղասպան մտադրություններով խթանված զանգվածային բռնի տեղահանումը, որը նշանավորվեց ինամսյա ավերիչ շրջափակմամբ և բացահայտ ռազմական ագրեսիայով, միջազգային իրավունքի ակնհայտ խախտում էր: Ադրբեջանը ձգտել և իրագործել է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի զանգվածային ոչնչացումը՝ մի ամբողջ քաղաքակրթություն հեռացնելով իր հայրենիքից և պարտավորություն ստանձնելով ոչնչացնել նրա քաղաքական, մշակութային և կրոնական ներկայության և հիշողության բոլոր մնացորդները:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք»
Արցախի ԱԺ կողմից ստեղծված հանձնախումբը նաև ՀՀ կառավարությանը կոչ է արել Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում վճռական գործողություններ ձեռնարկել այս ուղղությամբ՝ շեշտելով, որ առանց վերադարձի իրավունքի չի կարող լինել կայուն խաղաղություն տարածաշրջանում։
Դիմում Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի հանցագործությունների ուսումնասիրություն սկսելու պահանջով

Արցախի երկու ՄԻՊ-երը դիմում են ներկայացրել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանին՝ Արցախում Ադրբեջանի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ուսումնասիրություն սկսելու պահանջով: Այդ մասին Գեղամ Ստեփանյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։
Հայցի մեջ ընդգծվել է, որ Ադրբեջանը 9 ամիս՝ 2022թ․ դեկտեմբերից մինչև 2023թ․ սեպտեմբեր շրջափակման մեջ է պահել Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությանը, որին հաջորդել է այդ երկրի զինված ուժերի հանկարծակի ագրեսիան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և բնակչության բռնի տեղահանությունը:
«Մի խումբ այլ ղեկավարներ և բնակիչներ, որոնք չկարողացան դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, ձերբակալվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից և պահվում են անազատության մեջ»,- նշված է դիմում-հայցի մեջ։
Հայցը ներկայացվել է որպես «հաղորդում»՝ համաձայն Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածի, որը հնարավորություն է տալիս դատախազին հետաքննություն սկսել ներկայացված տեղեկությունների հիման վրա:
Արցախից բռնի տեղահանված, ՀՀ բուհերում սովորող ուսանողների վարձավճարները կփոխհատուցվեն
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստում որոշել է երկարաձգել 2023 թվականի դեկտեմբերին սահմանած՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների վարձավճարների փոխհատուցումը։ Շահառու են հանդիսանում նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորողները։
«Այս տարվա աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքներով, ինչ նախորդ տարի: Հաջորդ՝ 2025-26 ուստարում, նախատեսում ենք ներառել նաև միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի շեմ՝ առնվազն 75 տոկոսի չափով, ինչը կխրախուսի նաև բարձր առաջադիմությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Կփոխհատուցվեն նաև այս՝ 2024-2025 ուս․ տարում նշված ուսումնական հաստատություններ ընդունված, ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների ուսանողների վարձավճարը։
Նախարարի խոսքով՝ այս տարի բուհ ընդունվածների թիվը շուրջ 180 է։
ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է․ ՀՀ ԱԳՆ ղեկավարը՝ ՄԱԿ-ում
Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը, անդրադարձել է բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող մշակութային ցեղասպանությանը։

«Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկումը’ վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար:
Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը»-իր ելույթում ասել է Միրզոյանը։
ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության աջակցման հասարակական խորհրդի առաջին նիստը
Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը։ Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Խորհրդի անդամներ են՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզպետները, Երևանը և մարզերը ներկայացնող ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 40 հոգի։ Խորհրդի քարտուղարությունն իրականացնում է նախարարի օգնականը։
Սանոսյանը շեշտել է, որ Խորհրդի անդամներն ունեն երկու հիմնական անելիք՝ տեղում առկա խնդիրները հավաքագրել և ներկայացնել, այնուհետև տարբեր գերատեսչությունների գործընկերների հետ փորձել լուծումներ գտնել։
Ամփոփ Մեդիա
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 01/10/2024