Միջազգային Սոցիալական

Պատառիկներ հարևան անճանաչ Իրանից․ մաս 2-րդ

Այս հատվածում կպատմեմ Իրանում հագուստի սահմանափակումներից, սոցցանցերից օգտվելու արգելքներից, առևտրից, սոցիալական խնդիրներից, բայց եթե դեռ չեք կարդացել ակնարկիս առաջին մասը, ապա խորհուրդ կտամ՝ նախքան սա, արագ անցեք առաջին հատվածով, որը հասանելի է այստեղ՝ Պատառիկներ հարևան անճանաչ Իրանից․ մաս 1-ին՝ իմանալու համար, թե ինչպես է հնարավոր հասնել Թեհրան, կապվել տուն՝ հարազատներիդ ասելու, որ նորմալ տեղ ես հասել, հաղորդակցվել տեղացիների հետ և այլն։

Անցնենք ներքին թեմաներին, որոնց մասին կարծես տեղյակ ենք, բայց շատ մակերեսային։

Հագուստի և այլ սահմանափակումներ

Այո, կանանց համար, նաև օտարազգիների, նաև այլադավանների համար, գլխաշոր կրելու ռեժիմը պարտադիր է։ Որոշ դեպքերում նույնիսկ ոչ թե ոստիկանները, այլ տեղացի տարիքով կանայք կարող են դիտողություն անել կամ թարս նայել գլխաշորի կարգը խախտելու կամ վառ գույնի գլխաշոր կրելու համար։

Բայց Թեհրանում, հատկապես կենտրոնում ու հատկապես երիտասարդների շրջանում, ավելի հաճախ էի հանդիպում այդ կարգին ենթարկվելուց հրաժարվողների։ Երիտասարդները չեն ենթարկվում նաև տրանսպորտում կանանց համար գործող կարգերին։

Երբ առաջին անգամ տեսա այդ կարգը, շատ էի զարմացել․ ավտոբուսների միջանցքում կան բաժանարար մետաղական ձողեր, որոնք առանձնացնում են կանանց և տղամարդկանց համար նախատեսված հատվածները։ Ասենք՝ կնոջս հետ չէի կարող նստել կողք կողքի։ Կինս ավտոբուս մտնում էր առջևի դռնով, ես՝ հետևի։ Սիմվոլիկ է, որ միմյանց տեսնում էինք ճաղերի հետևում։

Այժմ երիտասարդները հրաժարվում են ենթարկվել դրան, բայց զգուշությամբ։ Օրինակ, զույգերով նստում են միջին հատվածում՝ ճաղերի մոտ, որ այդքան էլ ակնհայտ չլինի խախտումը․ դրսից չերևա՝ կինը նստած է իր համար նախատեսված մասո՞ւմ, թե՞ ոչ։

Մետրոյում փոքր-ինչ ավելի թեթև է կարգը․ առաջին վագոնն ու երկրորդի կեսը կանանց համար են։ Երկրորդի միջնամասում նորից բաժանարար ձողեր են, բայց դա բացատրվում է նրանով, որ կանանց համար առջևի վագոններում ավելի անվտանգ հատված ստեղծվի։

Այն կանայք, որ չեն ուզում այնտեղ լինել, կարող են նստել նաև մյուս վագոնները։ Այդպիսի կանանց այս ընթացքում քիչ տեսանք։ Եվ այդ քչերն էլի երիտասարդներն էին։

Շորտեր (կիսատաբատներ) հագնելը արգելված է բոլորին՝ և՛ կանանց, և՛ տղամարդկանց՝ սկսած դեռահասությունից։ Եվ դա մի երկրում, որտեղ ամռանը օդի ջերմաստիճանը հիմնականում գերազանցում է 40 աստիճանը։

Ալկոհոլը բացարձակ արգելված է Իրանում։ Հավանաբար կա ստվերում։ Բայց որևէ տեղ որևէ ձևով չտեսանք ալկոհոլի որևէ տեսակի առևտուր։ Դե, չէինք էլ փնտրում։ Փոխարենը ազատ վաճառվում են ալկոհոլի սիմվոլիկայով այլ ապրանքներ։

Ինչպե՞ս սակարկել (դա պե՛տք է անել)

Թախֆիֆ․ այսպես է կոչվում մոգական բառը, որի իմաստը մոտավորապես զեղչ խնդրել-պահանջելն է։ Բայց մինչ այդ կա քաղաքավարության շերտ, որ հիմա ավելի քիչ է հանդիպում, բայց որին պետք է պատրաստ լինել։

Տաքսիով գնացինք քաղաքի կենտրոն։ Վարորդի հետ երկա՜ր զրուցեցինք ամեն ինչից, մեզ առաջարկում էր համատեղ բիզնես անել։ Հետո իջնելուց առաջ հարցրի՝ ինչքան պետք է վճարենք։ Ասաց, որ ոչինչ պետք չէ, և որ իր համար պատիվ էր մեզ տեղ հասցնելը։ Ըըը՜, ի՞նչ։

Իհարկե, կզարմանաս, երբ լսես, որ տաքսու վարորդը հրաժարվում է գումար վերցրել ծառայության դիմաց։ Բայց դա հենց քաղաքավարության պահն է։ Դրան ի պատասխան պետք է շնորհակալություն հայտնել ու ասել, որ ամեն դեպքում ուզում ես վճարել։

Այդ ժամանակ տաքսու վարորդը կառաջարկի իր պատկերացրած գումարը։ Այո, այստեղ ոչ բոլոր տաքսիներն ունեն հաշվիչ։ Դրանից օգտվելով՝ մեր տաքսու վարորդը մեզնից պոկեց 4 հազար դրամին մոտ գումար՝ ծայրամասից կենտրոն տանելու համար։ Մենք դա հոժարակամ վճարեցինք։ Հետո ծանոթներն ասացին, որ դա 4 անգամ բարձր է սովորական գնից։ Ըըը՜, ի՞նչ։

Մենք, անշուշտ, կարող էինք դիմել թախֆիֆի մեթոդին։ Բայց հենց դրանում է այդ մեթոդի խնդիրը, որ մենք՝ որպես օտարերկրացի, չգիտենք՝ իրական գինն ինչքան է, որ հասկանանք՝ ինչքան զեղչ կարող ենք ակնկալել ի սկզբանե «կրակված» բարձր գնից։

Նույնը շուկայում է։ Թեհրանում պահպանվել են արևելյան, հին տիպի շուկաները՝ բազարները, իրենց առևտրի ավանդական մեթոդներով ու «էստի համեցեք»-ներով։ Երբ այդ շուկաներից մեկը մտնում էինք առաջին անգամ, հենց մուտքի մոտ ինչ-որ մանր զարդեր գնեցինք։

Վաճառողը նախ իր իսկ կրակած գինը վերցրեց, հետո արդեն բարեկամաբար սովորեցրեց, որ առաջին ասված գինը պետք է սակարկել։ Հետո արդեն սովորեցինք, որ այդ առաջին գնից մինչև վերջինը կարելի է մինչև 40 տոկոս զեղչ ստանալ։ Ավելի մեծ զեղչերի համար վարպետանալ է պետք։

Թեհրանի մեծ շուկան, որտեղ վաճառվում է ամեն ինչ

Բայց թախֆիֆի մեխանիզմը հիմա հնանում է։ Խանութներում այլևս չի գործում, շուկաներում էլ հանդիպում են կետեր, որոնք ասում են՝ թախֆիֆ չենք անում։

Վճարումներն արդեն շատ վայրերում արվում են բանկային քարտերով։ Այդպիսին են վճարումները նաև, օրինակ,  ոչ այնքան պաշտոնական կայանատեղիներում։ Ընդ որում, տարօրինակ է, բայց իրանցիներն ամենուր բարձրաձայն ասում են իրենց քարտերի քառանիշ կոդերը, երբ տալիս են քարտը՝ գումար գանձելու համար։

Ջահերի բազմաթիվ խանութներից մեկը՝ շուկայի մոտ

Պաշտոնական աչքակապությունը, ձևականությունը

Հատկապես Թեհրանի կենտրոնում հաճախ էինք հանդիպում մետաղական այս արկղերին, որոնք նախատեսված են հանգանակությունների համար։ Դրանց մեջ գումար գցելու տեղը բացված է միայն մետաղադրամի չափով։ Մետաղադրամներ նախկինում շրջանառվում էին, հիմա՝ ոչ։ Այսինքն բոլորը գիտեն, որ մետաղադրամ այնտեղ չի գցվում, բայց արկղերը շարունակում են մնալ իրենց տեղերում։

Նույն ձևով՝ բոլորը գիտեն, որ սոցցանցերն արգելված են։ Բայց բոլորն օգտվում են։ Եվ իշխանություններն էլ գիտեն, որ բոլորն օգտվում են սոցցանցերից։ Բայց արգելքը չի հանվում, այն շարունակում է գործել և ուղղակի բարդացնել օգտվելը։

Իրանում կա դոլարի և այլ արտարժույթի 2-3 փոխարժեք։ Առաջինը պաշտոնականն է։ Դա է ներկայացված նաև Հայաստանի ԿԲ կայքում։ Դրա համաձայն՝ 100 դոլարը փոխանակվում է մոտ 42 հազար ռիալով։

Ոչ պաշտոնական փոխարժեքը գործում է փոխանակման կետերում։ Որոշ տեղերում, օրինակ՝ խանութներում, ոչ բացահայտ, բայց կկարողանաք փոխանակել եղած դոլարը և գնումներ կատարել։ Ամենաբարձր փոխարժեքն ինձ Թեհրանում առաջարկեցին ոսկերչական խանութում, ամենացածրը՝ հյուրանոցում, որովհետև այդ պահին այլ տարբերակ չունեի։

Մյուս կողմից, քանի որ ռիալն էժան արժույթ է, դրանով գին նշելիս շատ զրոներ ու միլիոններ պետք է արտասանել։ Դրա համար իրանցիներն օգտագործում են նաև թուման անվանումը։ Օրինակ 100 հազար ռիալը 10 հազար թուման է։ Երբեմն թումանի զրոներն էլ են կրճատում ու 10 հազար թումանին ասում են՝ ուղղակի 10 թուման։

Այո, խառն է, մանավանդ, երբ ամեն անգամ պետք է գնապիտակը տնտղել ու հասկանալ՝ որ տարբերակով է նշված գինը։ Էլ չեմ ասում, որ գնապիտակների վրայի թվերը նույնպես մեզ ծանոթ թվանշաններով չեն, դրանք նույնպես արաբական են։

Հիմա, սակայն, դժվար ժամանակաշրջան է իրանական արժույթի համար։ Դեկտեմբերին, երբ Իրանում էինք, 1 դոլարը այնտեղ մեզնից գնում էին 350-380 հազար ռիալ փոխարժեքով։ Այս տարվա մարտի սկզբին եղան օրեր ու ժամեր, երբ իրանական արժույթը ռեկորդներ գրանցեց՝ 1 դոլարի դիմաց մինչև իսկ 600 հազար ռիալ փոխարժեքներ։

Պատկերացրեք՝ երկու-երեք ամսում Հայաստանում դոլարի փոխարժեքը մոտ 400 դրամից դառնար մոտ 700 դրամ։ Մի բան, որ դեռ երբեք չի եղել։ Ու սա, իհարկե, շատ դժվարացնում է իրանցիների կյանքը, թեև ավելի էժան է դարձնում այդ երկիրը մեզ համար։

Այստեղ նույնպես բոլորը գիտեն, որ գործնականում ռիալի փոխարժքը կարգերով ցածր է պաշտոնական փոխարժեքից, բայց իշխանությունները շարունակում են իրենց հաշվարկներն անել պաշտոնական փոխարժեքով։

Լուսանկարում՝ համարյա 1 միլիարդ ռիալ

Աղքա՞տ է Իրանը

Պետությունը` հավանաբար ոչ այնքան, որքան ցածր եկամուտ ունեցող խավը։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկով՝ Իրանն ամենացածր ցուցանիշն ունի Հայաստանի հարևան երկրների շարքում։


Բայց ո՞ւմ ենք հաշվում որպես Իրանի բնակիչ։ Արդյոք պաշտոնապես բնակի՞չ են Աֆղանստանից Իրան տեղափոխվածները, որոնք Իրանում զբաղվում են սևագործ աշխատանքով՝ փողոցների սալահատակի փոխարինմամբ, շուկաներում բեռնակրությամբ, փողոցային առևտրով և այլն։ Դա էլ նրանց խոպանն է, որով չնչին գումարներ են վաստակում, ուղարկում ընտանիքներին։ Այո, նրանք աղքատ են։

Նրանց համար Իրանը գրավիչ է այնքանով, որ լեզվական խնդիր չկա․ Աֆղանստանի պետական լեզուն՝ դարին, ու Իրանի պետական լեզուն՝ ֆարսին, նույնն են։ Ըստ էության նույնն է նաև տաջիկերենը, որը պաշտոնական պարսկերենից (ֆարսի) տարբերվում է նույնքան, որքան Իրանի բարբառները՝ իրարից։

Իսկ տնտեսագիտական ցուցանիշներից Իրանի աղքատության ցուցանիշը բացահայտում է Ջինիի ինդեքսը՝ 0-100 սանդղակով։ Որքան բարձր է այդ թիվը, այնքան հարստությունը անհավասար է բաշխվում երկրում։ Իրանում այդ ցուցանիշը բավական բարձր է՝ 40: Հայաստանում այն ավելի բարվոք է՝ 25:


Սովորական աչքի համար տեսանելի աղքատությունն էլ դրսևորվում է մուրացկանների, հատկապես մանկահասակ մուրացկանների քանակով։ Ամեն մարդաշատ վայրում նրանք մոտենում են ու, օրինակ, հացի փող են ուզում կամ ծամոն են վաճառում։

Բայց ինձ համար կողմնակի ցուցիչ էին նաև, օրինակ, ավտոմեքենաները։ Թեհրանցիները այս իմաստով բավական պրագմատիկ են․ գնում են սպիտակ մեքենաներ, որ դրանց վրա փոշին այդքան արտահայտված չերևա։ Հիմնականում ֆրանսիական Peugeot, Renault և այլ մակնիշների տեղում արտադրված, հին տարբերակներն են։

Պատճառն այն է, որ Իրանում ունեն այդ մեքենաների հին մոդելները արտադրելու լիցենզիաներ և ատամներով պահում են իրենց ավտոարտադրությունը։ Արտերկրում արտադրված մեքենաների ներկրման համար գործում են չափազանց բարձր մաքսատուրքեր, որ մարդկանց հեռու պահեն այդ մտքից։ Այդ է պատճառը, որ նոր ու թանկ մոդելները քիչ են, հիմնականում տեղական հներն են ճանապարհներին։

Բայց կենսամակարդակի վրա ազդում են ոչ միայն մեքենաների որակական տվյալները, այլև դրանց արտանետումները։ Թեհրանը աշխարհի ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքներից է։ Մեր այցի շրջանում կային ուսումնական հաստատություններ, որ տեղափոխվել էին օնլայն՝ ուսանողներին տանը պահելու համար։

Ցավոք, ես ինքս այդ աղտոտվածությունը համարյա չէի զգում։ Հավանաբար այն պատճառով, որ իմ հայրենի Երևանը վստահ քայլերով մոտենում է Թեհրանի աղտոտվածության մակարդակին։

Սնունդը երբեմն անսովոր է

Կիսատ այրված վառելիքի հոտի հետ տարածվածությամբ կարող են մրցել համեմունքների հոտերը։ Իրանում դրանք շատ տարածված են։ Շուկաներում էլ շարվում են այնքան գեղեցիկ, որ միայն իրենց տեսքով գրավիչ են դառնում։ Դրանց մի մասը հայերիս էլ է ծանոթ։ Շաֆրանը, օրինակ, ամենաթանկերից է։ Այստեղ կան նաև տարբեր էկզոտիկ մրգեր, դրանց չրերը, թեյերը և այլն։

Այս իմաստով զբոսաշրջիկներին ավելի հարմար է Թեհրանի հյուսիսում գտնվող Թաջրիշ շուկան։ Այնտեղ շատ սիրուն դասավորում են և՛ համեմունքները, և՛ տեղական ավանդական քաղցրավենիքը, թե՛ իրեր, որոնք կարելի է գնել՝ մտերիմներին նվիրելու համար։

Բայց շուկայում քաղցրեղեն ու համեմունքներ ընտրելու վրա կարելի է ծախսել ամբողջ էներգիան։

Արևելյան բազարներն այստեղ այնքան մեծ են, որ կարելի է մի թաղամասում մտնել, մեկ ուրիշում դուրս գալ։ Իսկ այդ ընթացքում կուլ տված աղմուկից հետո հավանաբար պետք է վերականգնողական բուժում անցնել։

Կարելի է և՛ էժան փողոցային սնունդը փորձել, և՛ թանկ ռեստորանայինը։ Խորովածը, քյաբաբը ու մսային այլ սննդատեսակներն իրանցիները կոչում են նույն բառով՝ քեբաբ։ Դրա հետ գրեթե միշտ մատուցում են բրինձ, որն այստեղ շատ է օգտագործվում ու նաև համեղ է։ Բրնձի հետ օգտագործում են հատուկ համեմունք, որ թթվաշություն է տալիս բրնձին։ Այդ համեմունքը մեր սեղաններին դրվող աղի ու պղպեղի պես տարածված է Իրանում։

Փողոցային սննդի կետում վաճառվող «Չելո-քեբաբ» կամ բրինձ ու խորոված

«Արևմտյան» տիպի սննդատեսակները, օրինակ՝ երշիկեղենը, որակով խիստ զիջում են։ Նույն ոճի քաղցրեղենը՝ տորթերը, թխվածքները, հիշեցնում են հայաստանյան 90-ականները՝ իրենց արհեստական կրեմային համերով։

Հյուրանոցային-ճաշարանային «չելո-քեբաբ»՝ կրկին խորոված ու բրինձ (վերջինը կադրից դուրս է մնացել)

Ներկայացնեմ նաև ինչպիսի տեսք ունի բարձրակարգ ռեստորանային սնունդը։ Ահա այն՝ դիմավորեք, բայց ոչ թե «քեբաբ», այլ «բարբեքյու»:

Դեռ առաջին այցից ինձ շատ է դուր եկել իրանցիների անանուխով թանը։ Այն ավելի թարմացնող է, քան հայկականը՝ առանց անանուխի։ Հաճելի է, որ անանուխով տարբերակը հիմա նմանակվում է նաև Հայաստանում։ Բայց դրա վրա դեռ աշխատելու տեղ կա։

Կան նաև արևմտյան զովացուցիչ ըմպելիքներ, որոնց վրա երևացող տեղում գրված է՝ օրիգինալ։ Պիտակներին նույնիսկ գրված է, որ արտադրվում են արևմտյան հայտնի ընկերությունների արտոնագրով։ Երբ ծանոթներից մեկին հարցրինք՝ իրո՞ք օրիգինալն է, ուղղակի ժպտաց բազմիմաստ։

Հանգստյան շատ հանգիստ օրերը

Իրանցիներն աշխատանքի գնում են վաղ, երեկոն չհասած էլ ավարտում են աշխատանքը։ Իսկ իրանական «շաբաթ-կիրակիներին» ընդհանրապես չեն աշխատում (Իրանում շաբաթվա ոչ աշխատանքային օրերը հինգշաբթին և ուրբաթն են)։ Հանգստյան օրերին փակ է նաև խանութների մի մասը, փակ են արտարժույթի փոխանակման բոլոր կետերը։

Ու եթե այդ մասին նախօրոք չգիտեիք, ու նախորդ օրը ծախսել եք ունեցած ամբողջ իրանական արժույթը, այսօր ստիպված կլինեք ստեղծագործ մոտենալ սննդի հարցին։ Իրանցիները, այո, սիրում են հանգստանալ։

Երբ Իրանում նոր էր սկսում տարածվել կորոնավիրուսը, ու փակվում էին աշխատանքային հիմնարկներն ու ուսումնական հաստատությունները, տարածվեցին ծաղրանկարներ, թե ինչպես են իրանցիներն օգտվում դրանից ու մեկնում Կասպյան ծովափ՝ հանգստի։ Ցավոք, նաև դրա հետևանքով Իրանում վարակը շատ ավելի արագ տարածվեց ու շատ ավելի կյանքեր խլեց համաճարակի սկզբնական շրջանում։

Հիմա էլ շատ իրանցիներ շարունակում են կրել դիմակներ։ Մեզ էլ էին առաջարկում, պնդում, որ կրենք։ Բայց ոչ թե կորոնավիրուսից պաշտպանվելու, այլ հենց օդի աղտոտվածությունից։

Մարդկանց կուտակումը ոչ պաշտոնական երթուղայիններից մեկի կանգառում

Թեհրանում օդի աղտոտվածության դեմ փորձում են պայքարել այգիներով։ Դրանք բավական մեծ են։ Բայց եթե, օրինակ, Երևանում գրեթե բոլոր փողոցների մայթերին ծառեր են տնկված, Թեհրանում ամեն տեղ չէ, որ այդպես է։ Ընդհանուր առմամբ, քաղաքը գորշ պատկեր ունի, հատկապես աղքատ հարավային հատվածում. հայկական վարդագույն, կարմիր տուֆ չունեն 🙂 Ըըը՜, ի՞նչ։

Համաձայն եմ, լիրիկական շեղում էր։ Ավարտելու ժամանակն է։

Մի երկու խոսք էլ նվիրեմ երեկոյան Թեհրանին։ Մայրաքաղաքը երեկոյան ավելի գունավոր է դառնում իր անկանոն լուսավորությամբ։ Գիշերային կյանքն այստեղ բացեիբաց չէ։ Կան երեկոյան գործող տարբեր հաստատություններ, երիտասարդները նույնիսկ կարող են պարել որոշ տեղերում։ Կա և՛ տեղական, և՛ արևմտյան երաժշտություն, կան fancy ռեստորաններ։

Բայց երբ մեր տեղացի ծանոթին ասացինք, որ այցի առաջին օրը կեսգիշերին դրսում էինք, լրջացավ, նայեց աչքերիս մեջ ու ասաց, որ այլևս այդպես չանեմ։ Վտանգավոր է։

Բա հայե՞րը

Թեհրանում ու նաև Իրանի այլ բնակավայրերում, ուր ճանաչում են հայերին, սովորաբար ավելի լավ են վերաբերվում, քան մյուս այլազգիներին։ Դա մեծապես իրանահայերի շնորհքն է։ Հայկական համայնքն այստեղ բավական հին է, ունի կազմակերպություններ, սպորտային թիմեր, Արարատ միություն, լրատվամիջոցներ, կապեր և այլն։

Դրա շնորհիվ այլ տեղերից եկող հայերին նույնպես որոշակի հարգանքով են վերաբերվում։

Բայց չզարմանաք, եթե հենց իրանահայերից սառը վերաբերմունք տեսնեք։ Պետք է ընդունել, որ դա ոչ թե սառն է, այլ այնքան ջերմ չէ, որքան այն դեպքերում, երբ ավելի հեռավոր մի երկրում ենք անսպասելիորեն տեսնում մեր հայրենակիցներին։

Ուղղակի իրանահայերը սովոր են տեսնել այլ հայերի, ու դա նրանց մոտ վառ էմոցիաներ չի առաջացնում։ Անկախ դրանից՝ իրանահայերը վստահաբար կօգնեն ձեզ, եթե դրա կարիքն ունենաք։ Բայց եթե իրանահայեր էլ չլինեն մոտակայքում, հանգիստ կարող եք դիմել տեղացի այլ ազգերի ներկայացուցիչներին:

Իրանը հյուրընկալ երկիր է։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան 
Լուսանկարներն ու գրաֆիկները՝ հեղինակի

Ակնարկի առաջին մասն այստեղ՝ «Պատառիկներ հարևան անճանաչ Իրանից․ մաս 1-ին»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 09/03/2023