Սոցիալական

«Խոպանը» փակուղում․ Արտագնա աշխատանքի մեկնողների դժվարությունները ներքին աշխատաշուկայում

Ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների ծրագրերն այս գարուն խաթարվեցին փակ սահմանների պատճառով։ Մարտի 16-ին արտակարգ դրության ռեժիմի սահմանումից հետո թռիչքները չեղարկվեցին։ Մնացին միայն չարտերային թռիչքները, որոնք հիմնականում երկիր վերադարձողների և հատուկ թույլտվությամբ մեկնողների համար էին։

«Խոպանի» ճամփան անորոշ ժամանակով փակվեց՝ դժվարին կացության մեջ թողնելով արտագնա աշխատանքի մեկնողներին, ովքեր թեև ընտանիքից հեռու, սակայն օտար երկրներում շատ ավելի բարձր էին վարձատրվում։ Այժմ նույն աշխատանքը Հայաստանում և՛ դժվար է գտնել, և՛ վարձրատրությունն է անհամեմատ ցածր։ ՀՀ կառավարությունը, հակաճգնաժամային ծրագրերից մի քանիսը մշակելիս, հաշվի է առել նաև այս խնդիրը, սակայն ոչ բոլորին են դրանք բավարարել։


Կարդացեք նաև․ Գյուղատնտեսական ոլորտում համաճարակով պայմանավորված միջոցառումները 


Ապարան համայնքի Վարդենիս բնակավայրի բնակիչներ Ահարոն Մանուկյանի և Համբարձում Համբարձումյանի խոսքով՝ ամեն տարի՝ մարտի սկզբին, գյուղից մոտ 25-30 տղամարդ մեկնում է ՌԴ։ Նրանք հիմնականում աշխատում են շինարարական կազմակերպություններում՝ որպես շինարար կամ վարորդ։

53-ամյա Ահարոն Մանուկյանը երկար տարիներ մեկնել է արտագնա աշխատանքի, աշխատանքային պայմաններն ու վաստակած գումարն էլ, իր խոսքով, գոհացրել են։ Հիմա, սակայն, Վարդենիսում է, ասում է, որ հուլիսից նոր աշխատանք է գտել։ Արդեն 15 օր է՝ ռուսաստանաբնակ հայերից մեկի համար ամառանոց են կառուցում։

«Վարակն ինչ տարածվել ա, դուրս չենք գնում։ Դուրսը որ աշխատում ենք, ամսական 800-1000 դոլար կարողանում ենք տուն ուղարկել, բայց հիմա ստեղ մի 100 հազար դրամ չի դզվում։ Միակ դրական կողմն էն ա, որ ընտանիքիս մոտ եմ, ընդմիջումը տանն եմ անում», – ասում է Ահարոնը։

Ըստ նրա, շինարարությունն ամենադժվար, բայց ամենաքիչ վարձատրվող աշխատանքն է։ Բայց, Ահարոնի խոսքով՝ Ռուսաստանում հա՛մ վարձատրությունն էր շատ, հա՛մ էլ աշխատողի նկատմամբ վերաբերմունքը լավ՝ առողջապահական ապահովագրություն, պայմանագիր, օրինական թղթաբանություն։

Ահարոնի երկու որդիները, ի տարբերություն նրա, դեռ հունվարին էին մեկնել Ռուսաստան, սակայն համավարակի պատճառով 4 ամիս աշխատանք չեն ունեցել։ Սակայն վերջերս աշխատանքները վերականգնվել են, և նրանցից մեկն արդեն հասցրել է գումար ուղարկել ընտանիքին։

Ահարոնի որդիներն ամուսնացած են, յուրաքանչյուրն ունի մեկ անչափահաս երեխա։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված կառավարության իններորդ միջոցառման շրջանակներում նրանց 26500 դրամ է տրամադրվել։

«Սովորաբար մարտի սկիզբ ենք գնում ու աշխատում ենք մինչև նոյեմբերի վերջ»,- ասում է Ահարոն Մանուկյանը։

Ստացվում է՝ տարվա ընթացքում երիտասարդ ընտանիքների հայրերը տանը լինում են ընդամենը 2-3 ամիս։ Ահարոնն ասում է՝ կանայք չեն բողոքում, գիտեն՝ ամուսինները պիտի աշխատեն, որ կարողանան իրենց ու երեխաներին պահել, տուն կառուցել։

«Հայաստանում լինում ա, որ կանչում են գործի, բայց, ասենք, Երևանում։ Պարզ ա, որ ինձ հարմար չի ամեն օր գնալ-գալ։ Էս էլ որ սարքում ենք, դաչա է։ Նենց չի, որ մեր գյուղում ամեն օր սենց գործ կա»։

closedborders2
closedborders3
closedborders4
closedborders5
closedborders6
closedborders7
previous arrow
next arrow

Համբարձումն ասում է, որ 13 տարուց ավելի է՝ արտագնա աշխատանքի է մեկնում։ Բայց այս տարի շատերի նման մնացել է Հայաստանում։

«Սենց գործ հազարից մեկ ա լինում, էս էլ ծանոթ մարդ ա ասել, եկել, աշխատում ենք։ Առավոտ 7-ին գալիս ենք, իրիկունը հոգնած-տանջված գնում տուն։ Ուժս տեղն ա, ձեռքիցս ամեն ինչ էլ գալիս ա, կարում եմ աշխատեմ, օրական մի կամազ քար հանգիստ կարում եմ շարեմ մի բանվորի հետ, բայց ստեղ պատահում ա՝ ասում են արի 1000 դրամով պատ շարի, էդ գնով հո՞ չեմ աշխատի, 6-7 հազար չլինի՞ գոնե»,- ասում է նա։

Համբարձումի տղան ևս Ռուսաստանում է՝ կրկին հունվարից։ Շինարարություն է անում, աշխատանքն ավարտելուն պես նոյեմբերին, տուն կգա։

Համբարձումն ասում է՝ մոտ տասն օրից ամառանոցի կառուցումն ավարտելու են։ Դրանից հետո, ըստ նրա, նորից աշխատանք չի լինելու և ժամանակն անցկացնելու են գյուղամեջում՝ բլոտ ու նարդի խաղալով։

Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Լուսանկարներն ու տեսանյութը՝ հեղինակի

COVID-19-ը Հայաստանում․ Այս թեմայով այլ նյութեր

#COVID19 #crisis

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 08/08/2020