Առողջություն

Դժվար է համոզել հիվանդին, որ ապրելու է, երբ աջ ու ձախ հիվանդ է մահանում

Սրտաբան Տաթև Գասպարյանի համար մայիսից աննախադեպ ծանրաբեռնված օրեր են սկսվել։

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բժշկուհի Գասպարյանը մինչև COVID-19 համավարակը հերթապահում էր ամիսը 8-10 օր։ Վերջին ամիսներին՝ յուրաքանչյուր երկրորդ օրը լուսացնում է հիվանդանոցում։

Հերթապահության հոգնածությանն ավելանում են նաև ապրումները, որոնք նա ունենում է ծայրահեղ ծանր հիվանդներից յուրաքանչյուրի կյանքի համար պայքարելիս։

Բժշկուհին խոստովանում է, որ բաժանմունքի 11 մահճակալները նույնիսկ մեկ ժամով ազատ չեն մնում․ դրանք նախատեսված են COVID-19 ախտորոշմամբ՝ երկկողմանի թոքաբորբ և ծանր շնչական անբավարարություն ունեցող ծանր և ծայրահեղ ծանր բուժառուներին (պացիենտներին) սպասարկելու համար:

Բժշկուհի Տաթևն ասում է՝ բուժանձնակազմն ուրախանում է, երբ  համեմատաբար բարելավված վիճակով բուժառուին կարողանում են դուրս գրել և տեղ ազատել մեկ այլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողի համար։

Նա պատմում է, որ օրերս շտապ օգնության բրիգադը հիվանդանոց բերեց ծանր շնչական անբավարարությամբ, COVID-19 դրական արդյունքով մի կնոջ:

«Ինչպես մյուս հիվանդանոցներում, մեզ մոտ էլ տեղ չկար, բայց այդ վիճակում նրան տուն ուղարկելը հավասարազոր կլիներ մահվան դատապարտելուն: Ստիպված եղանք հիվանդին սայլակի վրա ընդունել, տեղավորել երկու մահճակալների արանքում, անջատել հիվանդներից մեկի թթվածնային սարքը, ով անհամեմատ ավելի լավ վիճակում էր։ Հաջորդ առավոտ, երբ դուրս գրվող ունեցանք, նրա համար տեղ բացվեց»,- «Ամփոփ Մեդիային» պատմում է բժշկուհի Տաթևը:

Երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտի մոտ բարելավում նկատվի։ Բուժման համար, ըստ նրա, պահանջվում է 2-3 շաբաթ, երբեմն էլ` երկու ամիս:

Սրտաբան լինելով՝ Տաթևը դժվարություններ չի ունենում COVID-19-ով պացիենտների հետ աշխատելիս. «Պրակտիկայում հաճախ եմ առնչվել թոքաբորբով հիվանդների հետ: Մեր պացիենտների` սրտային անբավարարությամբ հիվանդների մոտ շատ դեպքերում, որպես բարդություն, զարգանում է թոքաբորբ: Ու քանի որ նոր կորոնավիրուսի դեպքում ևս հիմնական բարդությունը թոքաբորբն է, սրտաբաններիս համար ավելի հեշտ է աշխատել նրանց հետ»:

Տաթևի խոսքով՝ պացիենտները դեղորայքային բուժումից ոչ պակաս նաև հոգեբանական աջակցության կարիք են ունենում։

«Շատ դժվար է հիվանդին համոզել, որ անպայման կհաղթահարի հիվանդությունը, երբ մեկ աջ, մեկ ձախ կողմից հիվանդ է մահանում: Բայց փորձում եմ ժամանակ գտնել և խոսել նրանց հետ»,- ասում է երիտասարդ բժշկուհին, որը չի դադարում հուզվել նրանցից յուրաքանչյուրի հետ։

Չի կարողանում մոռանալ շնչառական ապարատին միացված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդուն, ով այսօր էլ շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ։ Նա անտրտունջ հետևում է բժիշկների հրահանգներին, իսկ օրերից մի օր արտասվում և շնչառական ապարատի տակից պարբերաբար կրկնում էր․ «Ինչ ասեք` կանեմ հանուն աղջկաս»:

Բժշկուհին խոստովանում է` ծանր հերթապահությունից հետո ընտանիքի անդամների հետ շփվելու համար ոչ ժամանակ, ոչ էլ ուժ է ունենում:

Տուն հասնելուց հետո միակ ցանկությունը մի քանի ժամ քնելն է:

«Հերթապահություններն այնքան ծանր են անցնում, որ բժիշկներով իրար հետ երկու բառ փոխանակել անգամ չենք հասցնում: Բայց խիղճս հանգիստ է, քանի որ գիտեմ` ճիշտ տեղում եմ»,- ժպտում է նա։

COVID-19-ը զրկեց «ճիշտ տեղում» լինելուց

Մայիսի 25-ին Տաթևն անակնկալի եկավ` ստանալով COVID-19 թեստի դրական պատասխանը: Արտահայտված որևէ ախտանշան չուներ, բայց ստիպված էր միառժամանակ թողնել աշխատանքը և ինքնամեկուսանալ տանը:

Տանը մնալու առիթը ուրախալի չէր, բայց տնեցիների համար Տաթևին տեսնելու եզակի հնարավորություն էր:

Ուղիղ 20 օր անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում գտնվողները բժշկուհուն չտեսան, քաջալերանքի խոսքերն էլ չլսեցին: Բայց ինքը` բժշկուհին, նրանց վիճակի մասին ամեն օր տեղեկանում էր գործընկերներից:

«Ամենադժվարը ինքնամեկուսացման 20 օրերն էին, երբ գիտեի` ինչ վիճակ է բաժանմունքում, իսկ ես գործընկերներիս չէի կարող օգնել»,- ասում է Տաթև Գասպարյանը, որն արդեն ապաքինվել և վերադարձել է առաջնագիծ։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Լուսանկարները Տաթև Գասպարյանի անձնական արխիվից

Պատասխանատու խմբագիր՝ Կարինե Ասատրյան

COVID-19-ը Հայաստանում․ Այս թեմայով այլ նյութեր

#COVID19 #crisis

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/07/2020