Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը 2026 թ. փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կոորդինացված մասշտաբային օդային հարվածների առաջին իսկ օրը, եզրափակեց մի ամբողջ դարաշրջան Մերձավոր Արևելքի պատմության մեջ։
86-ամյա առաջնորդի մահը ավելի ուշ հաստատվեց նաև Իրանի պետական հեռուստատեսությամբ։ Նա աշխարհի պատմության մեջ ամենաերկարակյաց կառավարիչներից մեկն էր, ով երկիրը ղեկավարում էր վերջին ավելի քան երեք տասնամյակների ընթացքում։
37 տարի շարունակ Խամենեին եղել է Իրանի բացարձակ իշխանության կրողը և երկրի ռազմավարական ուղղության գլխավոր ճարտարապետը։ Երիտասարդ իրանցիները միշտ տեսել են Իրանը նրա առաջնորդությամբ, քանի որ 1979 թ․ Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանն ունեցել է ընդամենը երկու գերագույն առաջնորդ։
Գերագույն առաջնորդը պետության ղեկավարն է և զինված ուժերի, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարը։
Իշխանության վերելքը՝ հեղափոխականից մինչև Ռահբար
Ալի Խամենեին իր քաղաքական ուղին սկսել է որպես միապետության դեմ պայքարող ակտիվիստ։ 1979 թ. Իսլամական հեղափոխությունից հետո նա արագորեն դարձավ նորաստեղծ հանրապետության առանցքային դեմքերից մեկը.
-
Հեղափոխության սիրտը. եղել է Հեղափոխական խորհրդի անդամ և պաշտպանության փոխնախարար։
-
Նախագահ (1981-1989). երկու ժամկետ զբաղեցրել է Իրանի նախագահի պաշտոնը՝ վայելելով հեղափոխության հայր Այաթոլլա Խոմեյնիի լիակատար վստահությունը։
-
Գերագույն առաջնորդ (1989-2026). Խոմեյնիի մահից հետո նա ստանձնեց երկրի հոգևոր առաջնորդի (ռահբարի) պաշտոնը, թեև այդ պահին չուներ համապատասխան բարձրագույն կրոնական որակավորում։
Պետության ռազմականացում և միջուկային հավակնություններ
Խամենեիի կառավարման շուրջ չորս տասնամյակների ընթացքում Իրանը վերափոխվեց՝
-
Ալի Խամենեին ստեղծեց և հզորացրեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)՝ այն դարձնելով ինչպես ներքին վերահսկողության, այնպես էլ տարածաշրջանային ազդեցության հիմնական գործիք։
-
Նրա օրոք միջուկային կարողությունների զարգացումը դարձավ Իրանի ազգային անվտանգության և զսպման ռազմավարության առանցքը։
Ճգնաժամեր և անկում
Խամենեիի որդեգրած կոշտ արտաքին քաղաքականությունն ի վերջո դարձավ նրա վարչակարգի թույլ կողմը։ Միջուկային ծրագրի պատճառով սահմանված միջազգային պատժամիջոցները Իրանին հասցրեցին տասնամյակներ տևած տնտեսական ճգնաժամի։ 2009-ի բողոքի ցույցերից սկսած մինչև 2022-23 թթ. «Կին, Կյանք, Ազատություն» շարժումը և 2026-ի վերջին հուզումները երկրի ներսում դժգոհությունն աննախադեպ չափերի հասցրին։ Ոչ պետական խմբավորումների (պրոքսի ուժերի) միջոցով ազդեցության տարածումը սրեց հարաբերություններն Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի հետ։
Ավարտը
2024 թ. ապրիլին և հոկտեմբերին Իսրայելի հետ ուղիղ բախումները, ինչպես նաև 2025 թ. հունիսյան 12-օրյա պատերազմը զգալիորեն հյուծեցին Իրանի ռազմական ներուժը։
2026 թ. փետրվարի 28-ին իրականացված ԱՄՆ-Իսրայել մասշտաբային հարձակման ժամանակ Խամենեին սպանվեց և ավարտվեց նրա 37-ամյա տիրապետությունը մի երկրի նկատմամբ, որն այսօր կանգնած է քաղաքական և տնտեսական անորոշության շեմին։
Ո՞վ է առաջնորդելու երկիրը
Գերագույն առաջնորդի մահվան դեպքում, Սահմանադրության համաձայն, երկրի ղեկավարումը ժամանակավորապես ստանձնում է Գերագույն առաջնորդի ժամանակավոր խորհուրդը, որի կազմում ընդգրկված են Իրանի նախագահը, Դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբաններից մեկը։ Այս խորհուրդը պետք է անհապաղ նախաձեռնի հաջորդ առաջնորդի ընտրության գործընթացը։
Հաջորդ առաջնորդին ընտրում է Բանիմացների խորհուրդը՝ 88 բարձրաստիճան կրոնական գործիչներից բաղկացած մարմինը։ Ըստ ընթացակարգի՝ խորհուրդը կազմում է թեկնածուների ցուցակ, որոնք պետք է համապատասխանեն Սահմանադրությամբ սահմանված չափանիշներին, ունենան կրոնական հեղինակություն, քաղաքական հեռատեսություն և կառավարչական հմտություններ։
Այնուհետև, Բանիմացների խորհուրդը, գաղտնի քվեարկությամբ, բացարձակ մեծամասնությամբ ընտրում է Իրանի նոր Գերագույն առաջնորդին։ Ընտրվելուց հետո նոր Ռահբարի լիազորությունները տրվում են ցմահ, թեև Խորհուրդն իրավասու է հեռացնել նրան, եթե նա այլևս չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին։ Ակնկալվում է, որ Խամենեիի մահից հետո ընտրական գործընթացը կլինի բարդ և կուղեկցվի երկրի ներսում ուժային տարբեր կենտրոնների միջև քաղաքական պայքարով, քանի որ նոր առաջնորդի ընտրությունը վճռորոշ է լինելու Իրանի ապագա ուղեգծի համար։
Լրացված է հուլիսի 05, 2026թ․-ին
Հրաժեշտի արարողություն և հուղարկավորություն՝ սպանությունից ամիսներ անց
Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունները Թեհրանում մեկնարկել են միայն 2026 թ․-ի հուլիսի 4-ին՝ նրա սպանությունից շուրջ չորս ամիս անց։
Պետական հուղարկավորությունը նախապես նախատեսվում էր անցկացնել մարտին, սակայն այն հետաձգվել էր ակտիվ ռազմական գործողությունների և զանգվածային միջոցառման անվտանգության ռիսկերի պատճառով։ Արարողությունը հնարավոր դարձավ կազմակերպել միայն վերջին շրջանում հրադադարի և հարաբերական կայունության պայմաններում։
Խամենեիի հետ նույն ավիահարվածի զոհ դարձած ընտանիքի չորս անդամները նույնպես հուղարկավորվում են նույն արարողության շրջանակում՝ նրա դուստրը, փեսան, հարսը և թոռնուհին։
Արարողությանը մասնակցելու համար Թեհրան էին ժամանել մի շարք երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Չինաստանից, Բելառուսից, Իրաքից և Թուրքմենստանից։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել էր Դմիտրի Մեդվեդևը։ Տարածաշրջանի երկրներից արարողությանը մասնակցել էին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, իսկ Ադրբեջանից Թեհրան ժամանած պատվիրակությունը գլխավորել էր Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։
Հայաստանից պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Իրան էր մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է նաև այն հանգամանքը, որ հրաժեշտի արարողությանը չի երևացել Խամենեիին գերագույն առաջնորդի պաշտոնում փոխարինած որդին՝ Մոջտաբա Խամենեին, որը, ըստ ավելի վաղ հաղորդումների, վիրավորվել էր փետրվարի 28-ի հարձակման ժամանակ։ Ի տարբերություն Խամենեիի մյուս երեք որդիների՝ Մոստաֆայի, Մասուդի և Մեյսամի, որոնք մասնակցել են արարողությանը, Մոջտաբան պատերազմի սկսվելուց հետո հրապարակավ չի երևացել։ Դա նոր հարցեր է առաջացրել նրա առողջական վիճակի և երկրի կառավարման գործընթացում նրա մասնակցության վերաբերյալ։
Ըստ հրապարակված ծրագրի՝ Թեհրանում անցկացվող եռօրյա արարողություններից, ինչպես նաև Ղոմում և Իրաքում նախատեսված սգո միջոցառումներից հետո, Ալի Խամենեիի մարմինը հուլիսի 9-ին կհուղարկավորվի նրա հայրենի Մեշհեդ քաղաքում
Ո՞վ է Մոջթաբա Խամենեին․ Իրանի նոր գերագույն առաջնորդ՝ պատերազմի թեժ պահին
Աղբյուրներ՝ Britannica.com, dw.com և Bbc.com
Տեքստն ու ինֆոգրաֆիկը՝ Ամփոփ Մեդիայի
Լուսանկարները՝ բաց աղբյուրներից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 01/03/2026













