Քաղաքական

Մարտի 16-22. Քրեական գործ օրաթերթի դեմ, Երևանի համալրված բյուջե

Վարչապետի մամուլի ասուլիսը, քաղաքացու օր ապրիլին, մեղադրանք Երանոսյանին

Քրեական գործ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ 

Քրեական գործը հարուցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից «Մարտի 1-ի» գործով նախաքննության տվյալների հրապարակման առթիվ։ Քրեական գործը վերաբերվում է «Ժողովուրդ» օրաթերթի սույն թվականի մարտի 16-ին հրապարակված այն նյութին, որտեղ առկա են 2008-ի մարտյան իրադարձությունների վերաբերյալ ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքից հատվածներ։ Վերջինս 2008-ին զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը։ 

Հրապարակումից մեկ օր առաջ՝ մարտի 15-ին, Քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որից պարզ էր դառնում, որ գործի վերաբերյալ գաղտնի համարվող տեղեկությունների արտահոսք է տեղի ունեցել։ Քննչական ծառայությունը լրատվամիջոցներին կոչ էր արել չհրապարակել նախաքննական գաղտնիք պարունակող տվյալներ: «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը քրեական գործի հարուցումը համարում ճնշում լրատվամիջոցների վրա և հավաստիացնում է, որ իրենք շարունակելու են ցուցմունքների հրապարակումը։

Վարչապետի մամուլի ասուլիսը․ 4 ժամ 20 րոպե

Մարտի 19-ին մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում նշեց, որ կառավարությունում այժմ քննարկում են շուրջ 90 ներդրումային ծրագիր՝ ընդհանուր 2,7 մլրդ դոլարի ծավալով։ Այդ ծրագրերից 42-ը 774 մլն դոլարի ծավալով գտնվում են իրականացման տարբեր փուլերում: 

Ասուլիսին Փաշինյանն անդրադարձավ լրագրողների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերին՝ ներառյալ իր պաշտոնական այցերին ընտանիքի անդամների մասնակցությանը, «Մարտի 1-ի» գործին, երկրում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության և այլ հարցերի: Լրագրողի հարցին` ինչ պետք է անի քաղաքացին տնտեսական հեղափոխությանը մասնակցելու համար, Փաշինյանը պատասխանեց. «Մենք մարդուց ակնկալում էինք քաղաքական ակտիվություն՝  քաղաքական հեղափոխությունը իրականացնելու համար, հիմա էլ ակնկալում ենք տնտեսական ակտիվություն՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար»: 

Քաղաքացու օր՝ ապրիլին

Կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի Քաղաքացու օրը։ Իսկ եթե ապրիլի վերջին շաբաթ օրը համընկնի ապրիլի 24-ի հետ, ապա այդ տարի Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: Օրը նվիրված է «2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի և պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին էր բուն հեղափոխությունը»։

Մեղադրանք ոստիկանության նախկին պետի տեղակալին

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել իր գործողություններով պաշտոնական  լիազորությունների շրջանակից դուրս գալու, քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառելու համար: Քննչական ծառայության հաղորդագրությունում նշված է, որ 2018թ. ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևանում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ, Երանոսյանի գործողությունների արդյունքում, ցուցարարների նկատմամբ գործադրվել է 8 հատ  «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է հասցրել 2 տասնյակից ավելի քաղաքացիների։ Վնասվածքներ են ստացել նաև ՀՀ ոստիկանության զորքերի 6 զինծառայողներ։

Ի պաշտպանություն իրանցի իրավապաշտպանի

Մարտի 19-ին ՀՀ-ում Իրանի դեսպանատան մոտ անցկացվեց ակցիա, որի մասնակցիներն իրենց զորակցությունն էին հայտնում իրավապաշտպան Նասրին Սոտուդեհին և կոչ անում Իրանի իշխանություններին ազատ արձակել նրան:

Ալաբաման ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ալաբամա նահանգը դարձավ 49-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այժմ ԱՄՆ միակ նահանգը, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Միսսիսիպին է։ Սակայն բոլոր նահանգների կողմից Ցեղասպանության ճանաչումը չի նշանակում, որ Միացյալ Նահանգները՝ որպես միասնական պետություն, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Երևանի բյուջեն համալրվել է 10 մլրդ դրամով

Երևան քաղաքի 2019թ. բյուջեի փաստաթուղթը լրամշակվել է և ավելացել 10 մլրդ դրամով: Բյուջեի լրամշակված տարբերակը  ներկայացվել է Երևանի ավագանու մարտի 22-ի արտահերթ նիստում։ Ավելացող գումարի մի մասը կուղղվի մանկապարտեզներին: Փաստաթղթի հեղինակները հավաստիացնում են, որ շուրջ 20%-ով կավելանա մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը: Այս նպատակին կուղղվի շուրջ 1 մլրդ դրամ: Եվս 400 մլն դրամ կհատկացվի մանկապարտեզներում 1000 երեխայի համար նոր խմբերի բացումը:

Մոտ 500 միլիոն դրամ կհատկացվի փողոցներն ու ստորգետնյա հետիոտնային անցումները վերանորոգելուն: Գումարներ կհատկացվեն անտառապատ տարածքների ավելացման, ոռոգման ցանցի անցկացման, մետրոյի և ճոպանուղու նախագծային աշխատանքների իրականացման և այլ նպատակներով։ Քաղաքապետարանն այս գարուն կկանաչապատի Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչև Մյասնիկյան պողոտայի հատվածը: Հանրության շրջանում կարծիքներ են հնչում, որ նշված գումարը չի բավականացնի նախատեսված գործառույթներն ավարտին հասցնելու համար։

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/03/2019